“Zhamanak” Armenian-American Political Daily

Հաղթել երկրորդ ռաունդում, ցանկալի է` «նոկաուտով»

17:05 Yerevan | 13:05 GMT | Wednesday 6 February 2008

Հեղինե Մանուկյան

«Քարոզարշավի ընթացքից մենք եւ մեր թեկնածուն գոհ ենք, հատկապես մարզեր կատարած մեր այցելություններից: Երբ ես նշում եմ գոհ ենք, շեշտում եմ մեր կազմակերպած միջոցառումները եւ դրանցից ստացվող արդյունքները:

Բայց ընդհանուր քարոզարշավը մենք գնահատում ենք վատ, որն անցնում է իշխանությունների կողմից մեր թեկնածուի նկատմամբ անընդհատ աճող խոչընդոտների պարագայում եւ մի քանի այլ թեկնածուների` բացի Լեւոն Տեր-Պետրոսյանին քննադատելուց` ոչինչ չանելու մթնոլորտում», - երեկ «Հայացք» ակումբում այսպես բնորոշեց նախընտրական քարոզարշավի անցած 15 օրերը նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

Բնականաբար, իշխանական լրատվամիջոցները ներկայացնող որոշ լրագրողներ այս անգամ էլ փորձեցին նեղը գցել Մուսինյանին` նրան ուղղելով իրենց պատկերացմամբ «պրովոկացիոն» հարցեր, սակայն Տեր-Պետրոսյանի` մասնագիտությամբ կոնֆլիկտաբան մամուլի խոսնակը «չնեղվեց»: Վերջինս հավաստիացրեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը Հայաստանում գտնվող միջազգային դիտորդներին արդեն ծանուցել է քարոզարշավի ընթացքում իրենց կողմից արձանագրված օրինախախտումների մասին, ինչպես նաեւ դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով` պահանջով չեղյալ համարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում: Պատճառն այն է, որ, ըստ Մուսինյանի, «քարոզարշավի ընթացքում ծախսվում են նախընտրական հիմնադրամից դուրս միջոցներ», ինչը հակասում է «Ընտրական օրենսգրքի» պահանջներին: Եթե ԿԸՀ-ն օրենքով սահմանված կարգով երեք օրում չպատասխանի պահանջին, Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբը, Մուսինյանի հավաստմամբ, ԿԸՀ անգործության մասին հայցով կդիմի դատարան: Բանախոսն անդրադարձավ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից` իր նախընտրական հանդիպումներից մեկի ընթացքում հնչեցված այն «լուրջ հիմքերին», որոնք վերաբերում են իր, Արթուր Բաղդասարյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի միավորվելուն: Նշենք, որ այս օրերին բանակցություններ են ընթանում Րաֆֆի Հովհաննիսյանի, Արթուր Բաղդասարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ` նախագահական ընտրություններից առաջ հնարավոր միավորման շուրջ:

Հիշեցնենք, որ նախորդ օրը նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ իշխանությունները սպառնացել են սպանել իրեն, ըստ ամենայնի, Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ միավորվելու հավանականությունը ու դրանից բխող հետեւանքները հաշվարկելով: Այն հարցին, թե արդյոք Ա.Բաղդասարյանի` Տեր-Պետրոսյանին միանալ-չմիանալու տրամադրվածության մեջ փոփոխություն նկատվու՞մ է իր հասցեին հնչեցված սպառնալիքներից հետո, Մուսինյանը պատասխանեց. «Այժմ ընթանում են ակտիվ բանակցություններ: Ես չեմ մեկնաբանի փոփոխություններ եղե՞լ են, թե՞ չէ, այդ հարցի պատասխանը դուք կստանաք շաբաթվա վերջում, երբ պարզ կլինեն այդ բանակցությունների արդյունքները»: Մուսինյանը ընդգծեց նաեւ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը միշտ կարեւորել է նախագահական ընտրություններից առաջ ընդդիմության միավորման անհրաժեշտությունը: Ի դեպ, վերջինս չբացառեց նաեւ Արամ Կարապետյանի` Տեր-Պետրոսյանին միանալու հետ կապված «լուրջ հիմքերը» եւս: «Պրովոկացիոն» հարցերի շրջանակից այսպիսի հարց տրվեց Մուսինյանին, թե ինչու՞ է Լեւոն Տեր-Պետրոսյանը կարեւորում մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերի` իրեն միավորվելը, եթե անընդհատ հայտարարում է «հաղթած եմ, մենք արդեն հաղթել ենք»: «Կարեւորը հասարակության մեջ այն գիտակցության արմատավորումն է, որ այս հանցավոր ռեժիմի վերարտադրությունը կանխելու համար պետք է մի կողմ դրվեն բոլոր տարաձայնությունները. պետք է ազատվել այս ռեժիմից, դրանից հետո երկրում կստեղծվեն հավասար պայմաններ եւ յուրաքանչյուր քաղաքական ուժի համար կստեղծվի ազատ մրցակցային դաշտ, ու նա կկարողանա իրացնել իր կարողությունները: Եվ եթե դուք ձեր հակառակորդին հաղթում եք 8-րդ ռաունդում, բայց կարող եք հաղթել նաեւ 2-րդ ռաունդում ու նոկաուտով, ոչ մեկին չի խանգարի», - պատասխանեց Մուսինյանը: Իսկ պատրաստվու՞մ է, արդյոք, Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխանության գալուց հետո Համբարձում Գալստյանի, Համբարձում Ղանդիլյանի եւ մյուսների սպանությունները բացահայտել` նույն ժանրից հաջորդ հարցը սա էր: «10 տարի է Հայաստանում իշխանություն կա: Համբարձում Գալստյանի սպանությունը բացահայտվե՞լ է: Եթե այո, ուրեմն դրա համար կան պատժված մեղավորներ: Եթե չի բացահայտվել, ուրեմն հարցը տվեք նախկին պաշտպանության, ԱԱ, ԱԱ եւ ՆԳ նախարար Սերժ Սարգսյանին, 10 տարի ունեին, թող բացահայտեին մեղավորներին, հասարակությունն էլ իմանար` ո՞վ է մեղավոր եղել», - եղավ Մուսինյանի պատասխանը: «Սպանությունների բացահայտման» թեմատիկան հույժ հետաքրքրեց նաեւ «Հայլուրի» լրագրողին, որը փորձեց ճշտել Մուսինյանից, թե ինչպե՞ս է Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում բացահայտել հոկտեմբերի 27-ը, եթե չի կարողացել բացահայտել իր պաշտոնավարման տարիների ընթացքում կատարված հանցագործությունները: «Հոկտեմբերի 27-ի գործի նախաքննության փուլում եւ դատավարության ընթացքում եղել են օրենսդրության խախտումներ, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը գալիս է վերացնելու այդ կոպիտ խախտումները: Վերջ»:

Արխիվ
Վերլուծական

Երկնքից երեք խնձոր կորավ

Եվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր:

Քաղաքական

Մտովի նրանց կենացը կխմենք...

Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով...

Աշխարհ

Փափկամազիկ ժողովրդավարություն

2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.