“Zhamanak” Armenian-American Political Daily

Դատապարտված ենք հաղթանակի եւ հաղթելու ենք

17:03 Yerevan | 13:03 GMT | Wednesday 6 February 2008

Կարինե Հարությունյան

Ցնցող: Եթե մեկ բառով նկարագրելու լինենք ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա քարոզարշավային այցելությունները, սրանից հարմար բառ չենք գտնի: Ցնցող ընդունելություն Բյուրեղավանում, էլ ավելի մեծ հանրահավաքներ Նոր Հաճընում, Աբովյանում, Եղվարդում եւ Զովունի գյուղում:

Այսօրվա «Հայլուրը» 89-ի «Վրեմյան» է

Բյուրեղավանում նախատեսված փոքրիկ հանդիպմանը հանրահավաքին վայել ժողովուրդ էր հավաքվել: «Եկել ենք մեր նախագահին տեսնենք: Լեւոնը նախկինում էլ էր լավ նախագահ եւ հիմա էլ ավելի լավը կլինի: Ես Լեւոնին եմ ընտրելու», - ասաց բյուրեղավանցի Թամարա Գրիգորյանը: Իսկ Ամալյա Ղարիբյանը զայրացած էր եւ կարծում էր, որ վերջին 10 տարիներին ժողովուրդը բարոյալքվել է. «Երիտասարդներին ահավոր բաներ են սովորեցնում, ժողովուրդն էլ զրկանքների մեջ գոյություն է քարշ տալիս»: Հարցին, թե գործարար Գագիկ Ծառուկյանը չի՞ օգնում, պատասխանեց. «Ոչ մի բան էլ չի անում: Ձվերը բերում է, բաժանում` գիտի ում է տալիս, ինչու է տալիս»:

Բյուրեղավանցիների համար առաջինը խոսեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Վերջինս ասաց, որ քրեականացված համակարգի դեմ իրական պայքարի է դուրս եկել Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ դա է պատճառը, որ առաջին նախագահին դարձրել են թիրախ ու խտրականություն չեն դնում միջոցների միջեւ: «Կոչ եմ անում փետրվարի 19-ին գալ ընտրության եւ ձեր քվեով դնել երկրում որակական փոփոխությունների հիմքը: Համոզված եղեք` մենք պետք է հաղթենք հենց առաջին փուլում եւ միասին կերտենք մեր երկիրը», - ասաց Ստեփան Դեմիրճյանը: «Լե-վոն, Լե-վոն», «Հաղ-թա-նակ, հաղ-թա-նակ»: Սա բյուրեղավանցիների ոգու իսկապես հզոր-հաղթական ապացույցն էր. Տեր-Պետրոսյանը բյուրեղավանցիների ընտրյալ նախագահն է, իսկ իշխանության թեկնածուն այստեղ ձայն չունի:

«Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը խոսեց նախընտրական իրավիճակից, ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ իր զինակիցները փառահեղ ընդունելություններ են ունեցել արդեն այցելած մարզերում եւ որ. «Եթե ուզում եք իմանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում, դիտեք «Հայլուրը»» եւ արեք հակառակ եզրակացություններ: Այսօրվա «Հայլուրը» 89-ի «Վրեմյան» է, որը բացի ստից, կեղծիքից, ապատեղեկատվությունից ուրիշ բան չի տարածում: Եվ դա պատահական չէ: Այդ կառույցը ղեկավարում են հոկտեմբերի 27-ի գործի մեղադրյալները, այն մարդիկ, ում ձեռքով մոնտաժվել են հոկտեմբերի 27-ի կադրերը եւ բազմաթիվ իրենց ընկեր-մարդասպաններին կադրերից հանել են»:

Կոտայքի նախկին մարզպետ Հովհաննես Հովհաննիսյանին բյուրեղավանցիները ընդունեցին ցնծությամբ: Բանախոսն ասաց, որ ճակատագրական խնդրի առջեւ ենք կանգնել եւ պետք է ընտրենք, թե ինչ ենք ուզում. «Ապրե՞նք ստրկատիրական-ճորտատիրական երկրում, թե ընտրենք արժանապատիվ կյանքի ուղին: Լեւոն Տեր-Պետրոսյանը դուրս է եկել պայքարի մարդկանց դեմ, ովքեր այս երկրի հետ կապ չունեն, քոչվորներ են եւ եկել են մեր երկիրը թալանելու: Եկել է ժամանակը «Ոչ» ասելու Սերժին եւ Ռոբին»: «Լե-վոն, Լե-վոն», - կրկին արձագանքեցին բյուրեղավանցիները եւ ընդհանրապես ամբողջ հանրահավաքի ընթացքում նրանք հաճախակի ընդհատում էին բանախոսներին «Լեւոն, Լեւոն», «Հաղթանակ, հաղթանակ» վանկարկումներով:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ասաց, որ շատ ոստիկաններ միացել են արդեն Շարժմանը, քանի որ նրանք էլ են արդեն «զզվել» այս իշխանությունից եւ «փետրվարի 19-ից հետո ժողովուրդը խրախճանքի մեջ է լինելու այնպես, ինչպես Շուշիի ազատագրումից հետո էր»: «Ես հպարտ եմ, որ իմ ձայնը տալու եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին», - ասաց Սպարապետի եղբայրը: «Մենք էլ, մենք էլ», - ձայնեցին բյուրեղավանցիները:

Բյուրեղավանում, երբ պիտի արդեն խոսեր ՀՀ առաջին նախագահը, առաջին շարքերից մոտեցավ մի կին, վերցրեց խոսափողը ու... «Մենք Լեւոն Տեր-Պետրոսյանին հավատացել ենք իր երդման առաջին օրը: Նա աստվածաշնորհ մարդ է ու նրան ենք ընտրելու»: Ասաց, հետո էլ ավելացրեց. «Որ չասեի, կմեռնեի»:

ՀՀ հիմնադիր նախագահը խոսեց «վերից վար գործող կոռումպացված» համակարգի մասին, որը նաեւ տարածված է հորիզոնականորեն: «Չկա որեւէ հիմնարկ, իշխանական կառույց, անգամ` կրթօջախ, մշակութային կենտրոն, որտեղ թափանցած չլինեն այս բարքերը: Ոչ միայն իրենք են ավազակ, այլեւ փորձում են գող ու ավազակ դարձնել իրենցից կախված ցանկացած մարդու: ...Պետական համակարգում գրեթե չկա ազնիվ մարդ: Այդպիսիք եղել են, բայց նրանք ունեցել են երկու ճանապարհ: Կամ այդ մարդուն փչացրել են, դարձրել իրենց նման կամ էլ եթե այդ մարդը չի ենթարկվել գայթակղություններին, նրանից ազատվել են` հեռացնելով, սպանելով անգամ, վրան մի գործ բացելով», - ասաց առաջին նախագահը եւ ավելացրեց, որ Սերժ Սարգսյանի ընտրության դեպքում այս համակարգը հասնելու է կատարելության:

Լեւոն Տեր-Պետրոսյանը նշեց նաեւ, որ կոռումպացված համակարգից դուրս են մնացել միայն մի քանի հաստատություններ. Մատենադարանը, Ազգային պետական պատկերասրահը, Մյասնիկյանի անվան գրադարանը եւ մի քանի ակադեմիական հիմնարկներ:

«ԱՄ» անդամները լքում են Արտաշես Գեղամյանին

Նոր Հաճընում նույն ոգին էր: Ճիշտն ասած, մինչեւ տեղ հասնելը, կարծում էի, թե տեղական իշխանությունները եւ հեղինակությունները կարող էին արգելած լինել ծողովրդին մասնակցելու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին: Եվ տեղերում նաեւ պարզեցի, որ այդպիսի փորձեր եղել էին, բայց ժողովուրդը այնպիսի իմաստուն, հզոր, ոգեղեն հավաքականություն է, որ եթե ճանփա ելավ, իշխանիկ ու հեղինակություն չէ, ոչ լեգիտիմ նախագահ ու նույնիսկ ձգտող վարչապետ չէ, ով կուզե լինի: Ժողովուրդը իր ոգեղենությամբ գարնանային վարարած գետ է հիշեցնում, որն իր ընթացքի հետ ավերում-մաքրում է այն ամենը, ինչը կեղծ է, ոչ ճիշտ տեղում է կառուցված եւ կեղտոտ ձեռքերով:

Այստեղ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց ժողովրդին, որ արդեն Շարժմանն են միացել «Բարգավաճ կուսակցության» 300-ից ավելի անդամներ, «Ազգային միաբանության» տարածքային մի քանի կազմակերպություններ, այդ թվում նաեւ Նաիրիի: Վերջինիս նախագահ Մարիետա Պետրոսյանը մի հրաշալի ելույթ ունեցավ: Պատմեց, թե Նոր Հաճընի քաղաքապետ Գեւորգ Ավետիսյանը ինչպես էր «ձեռուոտ» ընկել Նոր Հաճընում գործող վարչապետի հանդիպմանը մարդ հավաքելու համար: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքից րոպեներ առաջ քաղաքապետի «մանկլավիկները, լակոտները հավաքված մարդկանց վախեցնում էին, որ չմասնակցեն հանրահավաքին»: Տիկին Պետրոսյանը ասաց, որ Արտաշես Գեղամյանը ժամանակին բազմիցս հայտարարել էր, թե պայքարում է ղարաբաղյան կլանի եւ նրա հայաստանյան սպասավորների դեմ, սակայն այսօր այդ կուսակցությունը պայքարում է Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ` դրանով աջակցելով Սերժ Սարգսյանին: Դա է պատճառը, որ Մարիետա Պետրոսյանը եւ մյուսները հեռացել են կուսակցությունից: «Մենք դատապարտված ենք հաղթանակի ու պիտի հաղթենք», - ավարտեց բանախոսը:

«Գագիկ Ծառուկյանը

բարոյականություն ունի»

Աբովյան: Միակամ ժողովուրդ: Ընտրյալ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան:

Ահա ոգին Աբովյանի: Ոգին 88-ի: Ոգին վերազարթոնքի: Ավելորդ է ասել, որ իշխանության թեկնածուն երազում էլ չի տեսնի նման հավաքականություն: Այս մարդիկ եկել էին իրենց կամքով, ի հեճուկս որոշ մարդկանց: Այս մարդիկ եկել էին իրենց նախագահին տեսնելու: «Լե-վոն, Լե-վոն» վանկարկումներից Աբովյանը թնդում էր, ու վայ թե այդ թնդյունը Երեւան էլ հասավ, ի գիտություն որոշ ականջների:

Աբովյանցիների համար, ի թիվս մյուս բանախոսների, ելույթ ունեցավ նաեւ գործարար, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Վերջինս ասաց, որ իր թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է եւ հպարտ է դրանով: Աբովյանցիները մեծ խանդավառությամբ ընդունեցին Ստեփան Դեմիրճյանին, Արամ Սարգսյանին, Գառնիկ Մարգարյանին, Հրանտ Բագրատյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, մյուսներին եւ իհարկե ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Նախագահի թեկնածուն նկատեց, որ Աբովյանում նույն ոգին էր, ինչ 88-ին: «Այն, ինչ մենք ունենք այսօր` ազգային աղետ է, որը կարող է հասցնել ողբերգության: Ընտրությունը ձերն է», - ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ի դեպ, Աբովյանի քաղաքապետը արգելել էր հանրահավաքը... Աբովյանցիները իրենց ջերմությունը, վստահությունը պիտի փոխանցեին ՀՀ հիմնադիր նախագահին ու այստեղ էին, իրենց նախագահի կողքին:

Լեւոն Տեր-Պետրոսյանը անդրադարձավ մի շարք հարցերի: Թալինի դեպքերի մասին. «Դա կազմակերպել էին իշխանությունները, որի արդյունքում բռնեցին չորս ազատամարտիկի ...Հայաստանում այսօր կա յոթ քաղբանտարկյալ, որից չորսը երկրապահներ են, ովքեր արյուն են տվել Ղարաբաղում: Երբ Շուշիից «Գրադի» մի արկ էր ընկնում Ստեփանակերտի վրա, Ռ.Քոչարյանը առաջինն էր վազում-մտնում ապաստարան, իսկ Մկրտիչ Սափեյանը եւ Տիգրան Բաղդասարյանը կռվում էին Ղարաբաղի դիրքերում»:

Գագիկ Ծառուկյանի եւ մյուսների մասին. «Գագիկ Ծառուկյանը այս երկրում նպաստ ունեցող մարդ է եւ իր շնորհքով, քրտինքով հասել է որոշ հասարակական դիրքի, ստեղծել է տասնյակ հազարավոր աշխատատեղեր: Բայց հանգամանքների բերումով ստիպված է ծառայել նախ` Ռ.Քոչարյանին, եւ այսօր` Սերժին: Ես չեմ մեղադրում: Այս մարդիկ ստեղծել են այնպիսի պայմաններ, որ ով ուզում է զբաղվել տնտեսական գործունեությամբ, ստիպված է հարմարվել այդ մարդկանց ստեղծած հարաբերություններին: Բայց մի՞ե կարելի է հավերժ ապրել այս պայմաններում:

...Սակայն զգում եմ, որ այդ մարդը (Գագիկ Ծառուկյանը.- խմբ.) մինչեւ այսօր իր ժողովրդի դեմ դուրս չի եկել: Այդ մարդը բարոյականություն ունի: Ս.Սարգսյանին եւ Ռ.Քոչարյանին, նրանց մականունավոր ընկերներին ես բարոյականության քարոզ չեմ կարդա, որովհետեւ նրանք բարոյականություն չունեն»:

Ապա Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմեց Գագիկ Ծառուկյանին. «Կամ կանգնելու ես ժողովրդի կողքին կամ հավերժ դատապարտված ես լինել ստրուկ եւ արժանանալ այս ժողովրդի քամահրանքին: Ունես հնարավորություն հպարտ քայլելու այս քաղաքում եւ ունես հնարավորություն քաղաք դուրս չգալու: Ընտրիր քո իրավունքը»:

...Եղվարդ: Այստեղի հանրահավաքը ոչնչով չէր զիջում մյուսներին: Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ներկայացրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագրից որոշ սոցիալական հարցեր, ասաց որ դրանց լուծումները լիովին իրատեսական են եւ ժողովուրդը իր կյանքում կզգա որոշակի որակական փոփոխություններ: Այստեղ ՀՀ հիմնադիր նախագահը անդրադարձավ իր խոսքի որոշ աղավաղումներին` գործող իշխանությունների կողմից, կապված գործող համակարգը կազմաքանդելու, Ղարաբաղի հարցը լուծելուց հետո բանակի աստիճանաբար պրոֆեսիոնալացման եւ այլնի հետ:

Սերժ Սարգսյանի նկարի մասին. «Մի կերպար կա արդեն 2000 տարվա մեջ, դա Նեռի կերպարն է, հակաքրիստոսի կերպարը: Ուրեմն երկու ճանապարհ կա. Սերժի ճանապարհը` Նեռի ճանապարհը, մյուսը` փորձություններից, աղետից, ողբերգությունից խուսափելու ճանապարհը, որը մենք երաշխավորում ենք ապահովել»:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.