|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Քանի դեռ փոխզիջման գնալը պրագմատիկ քայլ չէ17:02 Yerevan | 13:02 GMT | Wednesday 6 February 2008Էմմա Գաբրիելյան Հարավային Կովկասում է Եվրամիության «Տրոյկան»` ԵՄ-ում նախագահող, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելի գլխավորությամբ: Բաքվում եվրոպացի պաշտոնյաները, ինչպես նշվել էր այցից առաջ, քննարկել են էներգակիրներին առնչվող հարցեր, մասնավորապես` անդրադարձ է եղել Ադրբեջանի մասնակցությանը Ռուսաստանը շրջանցող երկու խողովակաշարերի նախագծերին. «ԵՄ-ն սատարում է Տրանսկասպյան գազատարի շինարարությանը եւ Nabucco նախագծին ու կոչ է անում Ադրբեջանին նույնպես մասնակցել այդ ծրագրերին», - հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները եւ հավելել. «Մենք սերտորեն աշխատելու ենք մեր ադրբեջանցի բարեկամների հետ, որպեսզի իրականություն դարձնենք այդ ծրագրերը: «Տրոյկան» մեկնելու է նաեւ Կենտրոնական Ասիա` քննարկելու այս ծրագրերի հետ կապված խնդիրները», - նկատել է ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատարը: Ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչու՞ Եվրահանձնաժողովը չի աջակցում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությանը, Բ.Ֆերերո-Վալդները պատասխանել է, որ կսատարենք այն ծրագրերին, որոնք տարածաշրջանային նշանակություն կունենան թե քաղաքական, թե տնտեսական տեսանկյունից, իսկ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը նման նշանակություն չունի:
Եվրոպացի պաշտոնյաները նաեւ անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման թեմային: Սլովենիայի ԱԳ նախարար Դ.Ռուպելը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո նշել է, որ ԼՂ խնդրի կարգավորումը կարեւոր է ամբողջ տարածաշրջանի կայունության եւ զարգացման համար. «Հուսով ենք, որ այս տարի նախատեսված նախագահական ընտրությունների անցկացումը Հայաստանում եւ Ադրբեջանում բացասական ազդեցություն չի գործի եւ չի արգելակի ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունները: Մենք հավանություն ենք տալիս խաղաղ բանակցություններին, տվյալ խնդրին շտապ լուծում գտնելու կողմերի ձգտմանը: Որեւէ պատերազմի մասին չի կարող խոսք անգամ լինել», - ասել է Սլովենիայի ԱԳ նախարարը: Իսկ Բ.Ֆերերո-Վալդները շեշտել է, որ թե Ադրբեջանը եւ թե Հայաստանը պետք է հասկանան, որ որքան շուտ լուծվի ԼՂ հակամարտությունը, այնքան մեծ օգուտ կարող են կողմերն իրենց համար քաղել դրանից, եւ այնքան ավելի արագ կզարգանան: Նա մանրամասնել է, թե սառեցված հակամարտությունների առկայությունը Հարավային Կովկասում խանգարում է ինչպես առանձին վերցրած պետությունների զարգացմանը, այնպես էլ նրանց համագործակցությանը տարածաշրջանային մակարդակով, եւ ընդգծել է, որ այդ թվում եւ Եվրահանձնաժողովը սահմանափակված է համագործակցության բոլոր նախաձեռնություններում: «Հուսով ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը ԵԱՀԿ ՄԽ-ի վարած խաղաղ բանակցությունների շրջանակներում կկարողանան գտնել ԼՂ հակամարտության լուծման ուղիները: Հանձնաժողովը հրավիրում է Հայաստանին եւ Ադրբեջանին մասնակցել տարածաշրջանային նախաձեռնություններին, ինչը կարող է վստահության հիմք ստեղծել եւ արագացնել խաղաղ պայմանագրի ստորագրման գործընթացը», - Բաքվում նշել է ԵՄ հանձնակատար Բ.Ֆերերո-Վալդները: Ադրբեջանի ԱԳ նախարար Է.Մամեդյարովը իր հերթին նկատել է, թե հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնությանը հնարավորություն կընձեռի խաղաղ մեծ համաձայնագրի նախապատրաստման համար. «Եթե համաձայնություն գանք ԼՂ խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ, ապա հասարակությունը կտեղեկանա այդ մասին», - ասել է նա: Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եվրոպացի պաշտոնյաների կոչերին ի պատասխան երեկ, դարձյալ շեշտելով իր երկրի հզորացման, բանակի համար հատկացվող բյուջեի աճի տեմպերի թեման, նկատել է, թե այս փաստերը «գրավյալ տարածքների ազատագրման հարցում մեծ նշանակություն ունեն», եւ որ Ադրբեջանը մինչեւ ԼՂ խնդրի կարգավորումը չի համագործակցի Հայաստանի հետ ոչ տնտեսական ոլորտում, ոչ տարբեր նախագծերում: Ի դեպ, Բաքվում եվրոպացի պաշտոնյաների այս հայտարարությունների ֆոնին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հայտարարել է, թե ԼՂ-ի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ առաջարկների նոր տարբերակն ամբողջությամբ կկազմվի եւ կներկայացվի կողմերին ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Իլկա Կաներվայի տարածաշրջանային այցից հետո, որը սպասվում է Հայաստանի նախագահական ընտրություններից հետո: Ղարաբաղյան խնդրի բանակցային գործընթացին թեմայի առնչությամբ օրերս հանդես է եկել Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի ազգամիջյան խնդիրների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովը ռուսաստանյան Politcom.ru պարբերականում հրապարակած իր հոդվածում: Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հունվարյան այցին, կայացած բանակցություններին, շփման գծի դիտարկման փաստին` նկատել է, թե ճիշտ չէ ղարաբաղյան հակամարտությունը «սառեցված», անգամ «մոռացված» համարել: Մարկեդոնովը գտնում է, թե առկա է դինամիկա, սակայն այն չի կարելի դրական համարել եւ գալով ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի կողմից ժամանակ առ ժամանակ հնչող լավատեսական հավաստիացումներին, թե «բանակցային գործընթացում դրական տեղաշարժ կա», նկատում է. «Նույնիսկ պրոֆեսիոնալ լավատեսները հասկանում են, որ ընտրական 2008թ. Հայաստանում եւ Ադրբեջանում հայրենասիրական թեման ամենապահանջարկ ունեցողը կդառնա այլ նախընտրական կարգախոսների եւ նախագծերի շարքում: Ուստի նույնիսկ հայտնի լավատես Բրայզան ճշգրիտ կանխատեսումներ չի անում, թե ձեռք կբերվի՞, արդյոք, բանավոր պայմանավորվածություն Երեւանի եւ Բաքվի միջեւ 2008թ. կամ կստորագրվի՞, արդյոք, գրավոր համաձայնագիր»: Ռուս քաղաքագետը համոզված է, որ Երեւանի նպատակը ժամանակ շահելն է. «Համաշխարհային հանրությունը պետք է հաշտվի այն բանի հետ, որ Ադրբեջանը կորցրել է վիճարկվող տարածքը: Ադրբեջանում, որը կորցրել է վերահսկողությունը ոչ միայն ԼՂ-ի, այլ նաեւ հարեւան յոթ շրջանների հանդեպ, իրավիճակն այլ է: ԼՂ-ի համար պայքարը հիմք հանդիսացավ նոր հետխորհրդային ադրբեջանական պետականության համար եւ կենտրոնական տարր` ժամանակակից ադրբեջանցիների ինքնության համար: Այստեղից էլ բխում է պաշտոնական Բաքվի ձգտումը որոշակի մակարդակի վրա (որը վերահսկվում է վերեւից) պահել ռեւանշիստական տրամադրությունները», - գրել է Մարկեդոնովը: ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների վերջին այցը վկայաբերելով՝ ռուս քաղաքագետը կարծիք է հայտնում, թե այդ այցը եւս, ինչպես նախորդները` ցույց տվեց, որ կողմերը յուրովի են մեկնաբանում «հիմնարար սկզբունքները» եւ կասկածներ ունեն փոխզիջման հասնելու անհրաժեշտության հարցում. «Այսօր հայտնի է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները յուրովի են մեկնաբանում փաստաթղթի` ԼՂ-ում հանրաքվեի անցկացման նպատակի մասին դրույթը: Երեւանի համար դա քայլ է դեպի ղարաբաղցի հայերի ինքնորոշումը, այսինքն` օրինականացման միջոց է, իսկ ըստ Ադրբեջանի Սահմանադրության` այս կամ այն հողատարածքի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն պետք է անցկացվի հանրապետության ողջ տարածքում, այլ ոչ թե առանձին տարածքում: Կողմերը կրկին, ինչպես նախկինում, վիճում են, թե ինչն է ավելի կարեւոր՝ տարածքային ամբողջականությու՞նը, թե՞ ազգերի ինքնորոշման իրավունքը», - գրել է Մարկեդոնովը: Նա նկատել է, թե անտեսվում է այն հանգամանքը, որ երկու վերոնշյալ սկզբունքներն էլ նույն կերպ են ընդունվում միջազգային իրավունքում, որ այդ սկզբունքների ստորադասում գոյություն չունի. «1975թ. Հելսինկյան ակտը, որին այդչափ սիրում են հղում կատարել բոլոր հակամարտող կողմերը, ենթադրում է վիճարկվող խնդրի ցանկացած լուծում` միայն ուժի կիրառումից հրաժարվելու դեպքում: Հենց վերջին բառակապակցությունն է այսօր ջանադրաբար դուրս մղվում բանակցային գործընթացի քաղաքական բառարանից: Բաքուն փորձում է բացարձակ արժեքի վերածել պետության տարածքային ամբողջականությունը` անտեսելով այն փաստը, որ այդ նպատակը հնարավոր է միայն բանակցությունների հիման վրա, առանց ռազմական գործողությունների: Իսկ Երեւանը հղում է անում բացառապես էթնիկ ինքնորոշման վրա եւ Կոսովոյին: Այդպիսով, ուժը, ներառյալ եւ ռազմական ուժը, մինչ այժմ դուրս չի մղված ղարաբաղյան հարցի լուծման հեռանկարների քննարկումից: Եվ քանի դեռ միջնորդները ցանկալին (արագ առաջընթաց մինչեւ տարեվերջ) որպես իրողություն են ներկայացնում, կողմերը գերադասում են «վառոդը չոր պահել», - կարծիք է հայտնել Մարկեդոնովը` ամփոփելով ասելիքը. «Քանի դեռ փոխզիջման գնալը չի դարձել պրագմատիկ եւ շահավետ քայլ, այլ` վերացական աբստրակցիա է, խաղաղ բանակցությունների բարդ գործը տեղից չի շարժվի»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |