“Zhamanak” Armenian-American Political Daily

Եթե նախագահի մատը խառը լինի` կաշառակերը կներվի

16:56 Yerevan | 12:56 GMT | Wednesday 6 February 2008

Էլմիրա Մարտիրոսյան

Եթե նախագահի մատը խառը լինի` կաշառակերը կներվի
Երեկ «Ազդակ» ակումբում փաստաբան Ռուզաննա Տեր-Վարդանյանը ներկա գտնվող մի քանի լրագրողների ուշադրությունը հրավիրեց այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր դատական օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ կետին, որով թույլ է տրվում դատավորներին` կայացնել ակնհայտ անհիմն վճիռներ, որոշումներ, դատավճիռներ (շահադիտական եւ անձնական այլ դրդումներով), ազատազրկել մարդկանց եւ դրա համար չկրել պատասխանատվություն: Իսկ եթե քրեական գործ հարուցվի դատավորի նկատմամբ եւ նա դատապարտվի, օրինակ, ցմահ ազատազրկման, ՀՀ նախագահի բարի կամքով կարող է ներում ստանալ, թեեւ ապացուցված լինի դատավորի մեղքը: Դատավորների հեղինակած եւ ԱԺ-ի կողմից ընդունված օրենքում արդարադատություն իրականացնողներին պատասխանատվության չկանչելու պայման կա. «Այդ դատավորին չի կարելի պատասխանատվության ենթարկել, եթե տվյալ վճիռը վճռաբեկ դատարանի կողմից (վերադաս ատյանի) բեկանված չի: Ինձ մոտ արդեն հավաքվել են բազմաթիվ ակնհայտ անարդար վճիռներ, որոնք երեք ատյանի դատարաններով անցել են եւ մնացել ուժի մեջ: Օրինակ, մի գործով ես 10 հայցով մտել եմ դատարան, որոնք անցել են 3 ատյաններով եւ վճռաբեկ դատարանն ուղղակի չի էլ քննարկել իմ ուղարկած վճիռը. ուղղակի հետ է ուղարկել», - ասաց Ռ. Տեր-Վարդանյանը եւ նկատեց, որ, փաստորեն, վճռաբեկ դատարանը ակնհայտ անարդար վճիռների 90 տոկոսը թողնելով օրինական ուժի մեջ, դատավորներին թողնում է անպատիժ:

«Կա նաեւ քրեական գործով ակնհայտ անարդար դատավճիռ, երբ սպանություն չկատարած անձին` Մանուկ Նալբանդյանին, դատարանը դատապարտեց 9 տարվա ազատազրկման: Բանտային ահավոր պայմանների պատճառով նա այժմ հիվանդացել է թոքախտով», - ասաց փաստաբանը եւ մեջբերեց նաեւ քրեական օրենսգրքի 352 հոդվածը, որը տասնյակ տարիներ կա մեր քրեական օրենսգրքում, եւ որը թույլ է տալիս` քրեական պատասխանատվության ենթարկել դատավորին` ակնհայտ անարդար վճռի դեպքում: Սակայն փաստաբանը չկարողացավ հիշել մի դեպք (անկախ նրանից, թե փաստաբանը քանի ապացույց է ներկայացնում), որ անարդար վճռի համար դատավորը պատժված լինի: Եւ եթե դատական նոր օրենսգրքով թույլատրվում է ակնհայտ անհիմն դատական ակտը կայացնել եւ հանգիստ կաշառք վերցնել, այդ դեպքում ու՞մ են պետք դատարանները, որոնք հարկատուների հաշվին են պահվում, եւ դատավորները բարձր աշխատավարձ են ստանում:

Վերոնշյալ գործերի շարքից փաստաբանը նշեց մի գործ, որտեղ իր վստահորդները` Միքայել, Մարիետա եւ Մադլենա Բաբալյաններն են` զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամներ, ովքեր ՄԱԿ-ի միջոցներով կառուցված կացարաններից պետք է բնակարան ստանային առաջնահերթության կարգով, սակայն «Կոտայքի մարզպետը` Կովալենկո Շահգալդյանը, ես համոզված եմ` կաշառք է վերցրել եւ առ այսօր այդ բնակարանը մնացել է Տերոյանների սեփականությունը», - տեղեկացրեց Ռ. Տեր-Վարդանյանը եւ ասաց, որ նույն խնդրի հետ կապված հարուցված է եղել նաեւ քրեական գործ մարզպետարանի` սեփականաշնորհում իրականացրած պաշտոնատար անձանց նկատմամբ, ովքեր ընդունել էին սխալ սեփականաշնորհում իրականացնելու փաստը եւ պարտավորվել` վերացնել այն, բայց առ այսօր չեն վերացրել: «Ուրեմն վախ չունեն ոչ մեկից: Քրեական գործը գլխավոր դատախազությունում հարուցվել է 2005-ին, ... կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունում մոտ 5000 ապացույց հավաքվեց, մարզպետարանի աշխատակիցներն ընդունեցին, որ սեփականաշնորհումը սխալ է կատարվել, գրավոր ընդունեցին, որից հետո պաշտոնական դիրքի չարաշահումը վերաորակեցին անփութություն, թեթեւացրին հանցանքը եւ այդ հիմքով կարճեցին... Նորից ենք դիմել Գլխավոր դատախազության հատուկ քննչական ծառայություն, որը զբաղվում է միայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ քրգործերով, մեկուկես ամիս է անցել, բայց մարզպետարանի աշխատակիցների եւ անարդար դատավճիռ կայացրած դատավորների նկատմամբ քրեական գործ դեռ չի հարուցվել: Օրինակ, Հայաստանի քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավոր Վարդան Ավանեսյանի նկատմամբ, ով դարձել է Տերոյանների ընտանեկան փաստաբանը», - ասաց փաստաբանը եւ ավելացրեց, որ նման օրենքներն ու անօրինություններն են պատճառը, որ մարդիկ զրկվում են տնից, ունեցվածքից, ազատությունից եւ շատ դեպքերում ստիպված են լինում հեռանալ Հայաստանից:

Վերլուծական
Փարիզ տանող ու բերող ճանապարհները

Փարիզ տանող ու բերող ճանապարհները

Սերժ Սարգսյանի ֆրանսիական այցից հետո Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի են ունենում բավական հետաքրքրական իրադարձություններ:

Քաղաքական
Որեւէ մեկը պետք է այս ժողովրդին սիրի ավելի, քան ինքն իրեն է սիրում

Որեւէ մեկը պետք է այս ժողովրդին սիրի ավելի, քան ինքն իրեն է սիրում

Հետահայաց հարցազրույց հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի հետ

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.