“Zhamanak” Armenian-American Political Daily

Ամեն ինչ դեռ նոր է սկսվում

16:46 Yerevan | 12:46 GMT | Wednesday 6 February 2008

Գոհար Բարսամյան

Անհատները պատմություն են կերտում. նախապես առաջ են քաշում գաղափարներ, այդուհետ` կյանքի կոչում:

Այնպես որ, նախագահական ընտրությունների ելքը ամեն ինչ է կանխորոշում թե տվյալ երկրի, թե միջազգային հարաբերությունների հարթության վրա: Այսպես` կիրակի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում աննշան գերակշռությամբ հաղթանակ ապահովեց եվրաինտեգրման կողմնակից, պետության գործող նախագահ Բորիս Թադիչը: Արտասահմանյան ԶԼՄ-ները գրում են, որ Արեւմուտքը թեթեւ շունչ քաշեց. ազգայնական Թոմիսլավ Նիկոլիչը, որ կողմնորոշված էր դեպի Ռուսաստանը, ճանաչեց իր պարտությունը: Միջազգային հարաբերությունների չափումներում Սերբիան խնդրահարույց երկիր է. չկարգավորված Կոսովոյի հիմնախնդրի շուրջ զարգացումները կարելի է համարել դեռ նոր են սկսվում: 2000 թվականին հիմնադրված Նիկոլիչի ազգայնական կուսակցությունը հավաքել է ձայների մեկ երրորդը եւ հաջողությամբ է խաղարկել Կոսովոյի հիմնախնդիրը: Թադիչը հաստատում է, որ Կոսովոն եւ Եվրամիությանը ինտեգրվելը ոչ մի կերպ միմյանց հետ կապված չեն: The International Herald Tribune թերթը գրում է, թե Թադիչը մեղադրում է Նիկոլիչին, որ վերջինս կամենում է Սերբիան մեկուսացնել: Բրիտանական The Guardian թերթը կարծիք է հայտնել, որ նա նախապատվելի թեկնածու է Եվրամիության համար. ուշագրավ է այն հանգամանքը, որ նախագահը ներկայացրել է երկրի տարածքային ամբողջականության պահպանման ծրագիր, սակայն Կոսովոյի հարցում Բելգրադի եւ Բրյուսելի դիրքորոշումները տարբեր են: Թադիչի եւ Կոշտունիցայի գոտեմարտը խորհրդանշական է. ներկայացնում է Ռուսաստանի եւ Արեւմուտքի մենամարտը: Կրեմլը օգնում է վարչապետին, իսկ Եվրամիությունը եւ Արեւմուտքը աջակցում են նախագահին: Թադիչի դիրքերը, այդուհանդերձ, թույլ են դիտվում` թեպետ նա հաստատում է, որ ստացել է ընտրողների ավելի վճռորոշ մանդատը: Կոշտունիցան արդեն նախապատրաստել է Կոսովոյին ջրամատակարարման եւ էներգամատակարարման դադարեցման գործողությունների ծրագիրը: Բացի այդ` հնարավոր է դիվանագիտական հարաբերությունների ժամանակավոր խզում այն երկրների հետ, որոնք կճանաչեն Կոսովոյի անկախությունը: Թադիչը դեմ է այդ քայլին: The Times-ը գալիս է այն եզրահանգման, որ Սերբիան ընկղմված է խորը տարաձայնությունների մեջ: Բալկանները հակված էին դիմելու ոչ թե Մոսկվային, այլ Արեւմուտքին: Երկիրը բաժանված է երկու ճամբարների` ազգայնականների եւ բարեփոխիչների: Մինչ ընտրությունները զգուշանում էին, որ Սերբիան իր տնտեսական եւ քաղաքական ապագան կկապի Ռուսաստանի հետ, ինչը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Ռուսաստանը աջակցում է Սերբիային Կոսովոյի հարցում: Ամեն դեպքում Արեւմուտքը կզբաղվի Կոսովոյի հարցով: Այդ տեսակետը արտահայտում են նաեւ բրիտանացի քաղաքագետները: Իսպանական El Pais թերթը գրում է, որ Եվրամիությունը փոքր-ինչ կթեթեւացնի իր բեռը եւ կշարունակի Կոսովոյի հիմնախնդրի վերաբերյալ իր ծրագրերը: Ուշագրավ է այն հանգամանքը, որ վերլուծաբանները կարծիք են հայտնել, թե եվրոպամետ Թադիչի հաղթանակի պատճառը ավելի շատ Նիկոլիչի հանդեպ ունեցած վախն էր, քան Թադիչի հանդեպ ունեցած համակրանքը: Այնպես որ, այս հաղթանակը ավելի շատ հարցի հետաձգում է, քան քարտ բլանշ: Ստացվում է, որ երկու` եվրոպական եւ պահպանողական Սերբիաների միջեւ պայքարը շարունակվում է եւ այն կդրսեւորվի նաեւ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Դրական է եվրոպական երկրների արձագանքը Սերբիայի իրադարձություններին, իսկ կիրակի օրը, ինչպես խոսվում է, Կոսովոն անկախություն կհռչակի: Սպասենք զարգացումներին:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.