|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Օրինազանցները պատասխան կտա՞ն16:45 Yerevan | 12:45 GMT | Wednesday 6 February 2008 Հայաստանի գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական-վաղաժամկետ ազատելու գործընթացում ի հայտ են եկել լուրջ բացթողումներ: Դատախազությունը այդ խնդրով է սկսել զբաղվել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանի` գլխավոր դատախազին հղած պաշտոնական գրությունից հետո, համաձայն որի նշյալ գործընթացում անտեսվել են պատժի եւ դրա նպատակների վերաբերյալ օրենսդրության սկզբունքները, ոչ միշտ է պատշաճ քննարկվել ազատվող դատապարտյալների անձը եւ նրան բնութագրող հատկանիշները, իրական գնահատական չի տրվել պատժի կրման ընթացքում դատապարտյալի դրսեւորած վարքագծին, կատարած հանցագործության բնույթին ու հասարակական վտանգավորության աստիճանին եւ այլ հանգամանքների: Դատախազությունն ուսումնասիրել է 2006-ին եւ 2007-ի առաջին կիսամյակում դատապարտյալներին պատժի կրումից ազատելու պրակտիկան եւ արձանագրել, որ, իրոք, «քրեակատարողական հիմնարկների վարչական հանձնաժողովների կողմից պատիժը կրելուց պայմանական-վաղաժամկետ ազատման են ներկայացվել ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված, ուղղման եւ վերադաստիարակման ուղին չբռնած դատապարտյալներ»: Օրինակ` «Արթիկ» քրեակատարողական հիմնարկը պատիժը կրելուց պայմանական-վաղաժամկետ ազատման է ներկայացրել նախկինում 7 անգամ դատված Հայկ Ավետիսյանին` դրական բնութագրմամբ (նա 2004-ին դատապարտվել էր գողության համար` 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման): «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկից ազատման են ներկայացվել 6 անգամ դատված Արմենակ Խաչատրյանը, 9 անգամ դատված Արման Զաքոյանը, 8 անգամ դատված Ռոլանդ Մարտիրոսյանը եւ մի շարք այլ հանցագործներ: Սակայն, ըստ դատախազության, ՔԿՀ-ների որոշումների մեծ մասը չեն իրագործվել անկախ հանձնաժողովների կողմից հավանության չարժանանալու, ինչպես նաեւ դատաքննության ժամանակ դատախազի կարծիքը դատարանի կողմից հաշվի առնելու արդյունքում: Եղել են դեպքեր, երբ դատապարտյալին պատժի կրումից ազատել են գործող կարգի ակնհայտ խախտմամբ: Եվ ստացվել է հետեւյալ պատկերը. «2005-2007 թվականների ընթացքում պատժից պայմանական-վաղաժամկետ ազատված 2344 անձանցից առաջին ատյանի դատարանների կողմից նորից դատապարտվել են 285 մարդ կամ 12.2 տոկոսը, որը վկայում է պատիժը կրելուց պայմանական-վաղաժամկետ ազատման գործընթացում առկա` նկարագրված եւ այլ բնույթի թերությունների եւ բացթողումների մասին», - նշված է գրության մեջ: Հ.Գ. Միամիտ մարդն այս հաղորդագրությունից կարող է եզրակացնել, որ ՔԿՀ-ների ղեկավարները հանցավորությանը «զարկ տվողներն» են, իսկ դատախազությունը, դատարաններն ու պատժի կրումից պայմանական-վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովները հանցավորության դեմ ակտիվ պայքարողները: Բայց եթե այդ նույն միամիտը մտաբերի, որ դեռ անազատության մեջ են քաղբանտարկյալներ` արցախյան ազատամարտի նվիրյալներ Ժիրայր Սեֆիլյանը, Վարդան Մալխասյանը եւ «ԺԵ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, հասկանալի կդառնա, որ դատապարտողների եւ ազատողների այդ ամբողջ շղթայում «սրբեր» չկան (լավագույն դեպքում): Իսկ եթե դրան հավելենք աղմկահարույց գործերով, օրինակ` Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու, եղբորորդու հայտնվելն ազատության մեջ եւ դատախազության խորհրդավոր լռությունն այդ կապակցությամբ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբորորդու` Ստեփան Հակոբյանի մասով քրգործից մաս անջատելը եւ մինչ օրս չհայտնաբերելը եւ այլն, ավելի կխորանան միամիտների կասկածները: Բացի այդ, հետաքրքիր է` դատախազությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկելու ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովների կանոնախախտների եւ ՊԿՊՎԱ «անկախ» հանձնաժողովների անդամների նկատմամբ, որոնց մեղքով կրկին հանցագործություններ են կատարվել: Օրինականության հաստատմամբ մտահոգ ՀՀ քաղաքացի` Է. Մարտիրոսյան |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |