“Zhamanak” Armenian-American Political Daily

Սմբատ Այվազյան. «Ժողովուրդը տեսնում է հաղթողին»

17:19 Yerevan | 13:19 GMT | Tuesday 5 February 2008

Աստղիկ Սարգսյան

- Ո՞րն եք համարում այս նախագահական ընտրությունների առանձնահատկությունը: - Առանձնահատկությունները շատ են, բայց ես կնշեմ դրանցից երկուսը:

Առաջինն այն է, որ հիմա բոլորը հասկացել են, թե ինչքան վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ հարմարվողականությունը: Արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մերժելի երեւույթների հանդեպ հանդուրժողականությունը, դրանց հետ հարմարվելը, ի վերջո, դառնում են չարիք, դառնում են հասարակության այլասերման պատճառ:

Ասածիս լավագույն ապացույցը կայունության եւ բարեկեցության լոզունգներով արդարացվող ընտրակեղծիքներն ու այդ ճանապարհով եկած իշխանություններին հանդուրժելն էր: Հանուն երկրի կայունության ժողովրդի կողմից մերժված իշխանություններին ենթարկվելը` այդ իշխանության գոյությանը հարմարվելն էր: Արդյունքում իհարկե ունեցանք կայունություն, բայց ժողովուրդը սկսեց արտագաղթել ու փախչել մեր ունեցած կայուն պետությունից: Արդյունքում ունեցանք բարեկեցություն, բայց կորցրինք հասարակության միասնականությունը, ներքին համերաշխությունը: Արդյունքում ունեցանք պետություն, որը վերաճելով բռնապետության, դարձել է հասարակության շահագործման միջոց, հասարակության զարգացումը արգելակող գործոն:

Իսկ երկրոդ առանձնահատկությունն այն է, որ ժողովուրդը վերագտել է իր ուժին հավատալու կարողությունը:

Այսօր արդեն ոչ մեկը չի հարցնում` ամերիկացիներն ու՞մ են ուզում, ռուսները ու՞մ են «դաբրո տալիս»: Այսօր նույնիսկ չեն էլ հարցնում, թե ձայները ո՞նց եք պահելու, նկարչության դեմ ո՞նց եք պայքարելու: Այսօր ընտրողների մեծ մասը իրեն համարում է ձայն պահող ու պայքարող:

- Ինչո՞ վ եք դա բացատրում:

- Բոլոր գործընթացներում անհրաժեշտ են ինչպես կազմակերպող, ղեկավարող եւ առաջնորդող անհատներ, այնպես էլ գաղափարներ, որոնցով ապրում են այդ անհատները, եւ որոնք մեկ օրվա կամ մեկ սերնդի համար չեն:

Այդպիսի համադրության դեպքում նման անհատների շուրջը ձեւավորված թիմը հասարակության համար դառնում է ուժի ներարկման աղբյուր եւ հասարակության մեջ սկսվում է ինքնամաքրման գործընթաց:

Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը հենց այդպիսի համադրություն էր, որի արդյունքում ոչ միայն ժողովրդի համար ղարաբաղյան կլանի թվացյալ անխորտակելի ուժը սկսեց ներկայանալ իր իրական մեկուսացվածությամբ ու մերժվածությամբ, այլեւ հասարակությանը իշխանությունների կողմից ներարկված վախն ու անտարբերությունը սկսեց փոխարինվել սեփական ուժի ու հզորության գիտակցումով: Պատահական չէ, որ Ղարաբաղյան կլանին ծառայող, Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի կողքին կանգնածներից շատերը այսօր դեպի ժողովուրդ վերադառնալու ճանապարհներ են փնտրում: Նրանցից շատերը մեզ արդեն բերում են համայնքներում Սերժ Սարգսյանի այն ակտիվիստների ցուցակները, ովքեր ընտրակաշառք են խոստանում, ովքեր ընտրակեղծիքներով են զբաղվել եւ ընտրությունները դարձրել են բիզնես:

Դա ունի ընդամենը մեկ հիմնավորում. ժողովուրդը տեսնում է հաղթող եւ իր հաղթանակի համար մինչեւ վերջ գնացող ուժ:

- Բայց չէ՞ որ նախագահական ընտրություններին Լ.Տեր-Պետրոսյանից եւ Ս. Սարգսյանից բացի մասնակցում են նաեւ այլ թեկնածուներ:

- Իհարկե ընտրապայքարում բացի Լ.Տեր-Պետրոսյանից կան այլ թեկնածուներ, որոնք ասելիք ունեն, քաղաքական-գաղափարական արժեքների կրող են:

Բայց ցավով պիտի նշեմ, որ կան նաեւ թեկնածուներ, որոնք իշխանությունների ջանքերով ներդրվել են ընտրապայքարի մեջ հասարակության ինչ-որ հատվածներ «իրենցով անելու», հասարակությանը մասնատելու համար: Ճիշտ է, այս անգամ նրանք որեւէ եղանակ չեն ստեղծելու եւ դա մասնատման իշխանությունների սպասված արդյունքը չի տալու:

Այդ իրավիճակը թվում է թե իշխանություններին ձեռնտու է, սակայն դա այդպես չէ, որովհետեւ բոլոր թեկնածուները, նույնիսկ իրենց ներդրածները, ստիպված են խոսել իշխանությունների դեմ:

Իհարկե իշխանությունները հպարտանում են իրենց միասնականությամբ` չհասկանալով, որ դա կլանային իշխանության գոյատեւման միակ պայմանն է, չհասկանալով, որ ժողովրդի դեմ պայքարելու համար իրենք պարտադրված են լինելու միասնական:

Իսկ նորմալ քաղաքական-գաղափարական գործիչները այդպիսի խնդիր չունեն: Նրանք ներկայացնում են գաղափարներ, տեսակետներ, որոնք ծառայելով մեկ նպատակի, կարող են շատ բաներով իրարից տարբերվել: Այդ տարբերությունը չի նշանակում, որ նրանք պայքարում են իրար դեմ: Ընդհակառակը, նրանք բոլորը դեմ են գործող իշխանություններին:

Փորձեք ուշադիր լսել, թե ինչ է ասում թեկնածուներից ամեն մեկը:

Նրանք բոլորը կոչ են անում պայքարել այն բացասական երեւույթների դեմ, որոնք մեր կյանքում արմատավորվել են այս իշխանությունների օրոք, նրանք բոլորը պայքարում են այսօրվա իրականության եւ գործող իշխանությունների դեմ: Նրանց մեծ մասը պայքարում է երկրում տիրող ատելության մթնոլորտը վերացնելու, բարոյահոգեբանական եւ մարդկային արժեքների պահպանման համին: Նրանց մեծ մասը հասկանում է, որ փողը եւ նյութական արժեքները միջոց են, ոչ թե նպատակ, որ պետությունը ժողովրդին պահպանելու եւ նրա զարգացումը ապահովելու կազմակերպական ձեւ է, ոչ թե ժողովրդին հպատակեցնելու միջոց:

Դա նշանակում է, որ բոլոր թեկնածուների համար էլ այս իշխանություններից ազատվելը գերխնդիր է, եւ դա գիտակցում են բոլորը:

Ճիշտ է, նրանց մի մասի հետ կան գաղափարական տարաձայնություններ, սակայն նրանք եւս գերխնդիրը տարբերում են տակտիկական խնդրից եւ հասկանում են, որ իրենց կուսակցական գաղափարները պրոպագանդելով, իրենց քարոզարշավը իրականացնելով` պետք է նաեւ օգուտ տան ընդհանուր, համաժողովրդական գործին, պետք է մոտեցնեն ազատագրման օրը: Այդ ուղղությամբ իհարկե կատարվում են լուրջ քայլեր, բայց դրա մասին առայժմ ես չեմ ցանկանա խոսել:

- Բայց չէ՞ որ իշխանությունների թեկնածուն՝ Սերժ Սարգսյանը եւս որոշակի խոստումներ է տալիս ժողովրդին, եւ այդ խոստումները եթե դառնան իրականություն, կարող է մեզանում կյանքի որակը լրջորեն փոխվել:

- Սերժ Սարգսյանը հիմնականում նյութականի հետ կապված խոստումներ է տալիս եւ բացի նյութականից ուրիշ ոչինչ չի խոստանում:

Ինչու՞: Որովհետեւ այս իշխանությունը հասարակությանը ասելու բան չունի: Բացի ընտրակաշառքից էլ տալու որեւէ բան չունի:

Որովհետեւ այս իշխանության եւ մեր հասարակության մի շատ փոքր մասի համար փողը գերարժեք է, իսկ մեր ողջ ժողովրդի համար այն միշտ մնալու է արժեք ստեղծելու միջոց: Իսկ դա արդեն լուրջ աշխարհայացքային տարբերություն է, որը հաղթահարելու համար տարիներ են պետք:

Բացի այդ, ներկա իշխանությունների համար պետությունը եւ իշխանությունը դիտվում են որպես ժողովրդին հպատակեցնելու միջոց: Իսկ մեր ժողովրդի ընկալմամբ, թե իշխանությունը եւ թե պետությունը ստեղծված են ժողովրդին սպասարկելու համար ու երբ դադարում են այդպիսին լինելուց, գալիս է հասարակության ակտիվանալու եւ միջամտելու ժամանակը: Մենք այժմ հենց դրա ականատեսն ենք դառնում:

- Դուք նշեցիք, որ ժողովուրդը տեսնում է հաղթող եւ մինչեւ վերջ գնացող ուժ: Ինչի՞ շնորհիվ, ըստ Ձեզ:

- Առաջնորդների անհրաժեշտությունը առարկայական է դառնում անելանելի, փակուղային իրավիճակներում, երբ պետք է լուծել անլուծելի թվացողը, երբ շարքային, ստանդարտ մտածելակերպը թելադրում է միայն նահանջ ու համակերպում:

Պատահական չէ, որ հենց այդպիսի իրավիճակում վերադարձավ Լ.Տեր-Պետրոսյանը: Դա եւս խոսում է նրա կողմից իրավիճակը ճիշտ զգալու, գնահատելու եւ այն լավագույնս տիրապետելու կարողության մասին:

Արխիվ
Վերլուծական

Երկնքից երեք խնձոր կորավ

Եվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր:

Քաղաքական

Մտովի նրանց կենացը կխմենք...

Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով...

Աշխարհ

Փափկամազիկ ժողովրդավարություն

2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.