|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Չեմ ուզում մասնակցել ստիպողական հանդիպման»17:14 Yerevan | 13:14 GMT | Tuesday 5 February 2008Մարինե Խառատյան Տարօրինակ է, բայց Սերժ Սարգսյանին թվում է, թե կարելի է բռնատիրական մեթոդներ կիրառելով մարդկանց հավաքել հրապարակներում ու խոսել ազատության, մարդու իրավունքների, ժողովրդավարության, համաժողովրդական արժեքների մասին, ավելին` փորձ կատարել ընկալվել որպես համաժողովրդական թեկնածու, ու ժողովուրդն էլ կհավատա ու կընդունի: Ինչ խոսք, Սերժ Սարգսյանի խոսքերին հետեւելով` հասկանում ես, որ ինքն իրեն բռնակալ չի համարում ու չի հասկանում, որ բռնությամբ մարդուն գործից կտրել, հանդիպման տանելը բռնատիրության դրսեւորում է, որը միայն ավելացնում է դժգոհությունը մարդկանց սրտերում: Կամ եթե աշխատանքից ազատելու սպառնալիքով մարդուց ստորագրություն են վերցնում, որ ընտրելու է ՀՀԿ թեկնածուին, դա առնվազն ավելացնում է ատելությունն ու ճորտատիրությանը հակադրվելու ձգտումը: Ժողովուրդն իշխանական թեկնածուի խոստումներին հավատալու նախեւառաջ մեկ պայման ունի` եթե իրեն հնարավորություն տրվի կիրառել պարզ, Աստծուց տրված ազատ ընտրության իրավունքը ու թեկուզեւ սխալվի, թեկուզեւ գործի սարսափելի սխալ, բայց իրեն ոչ թե հերթական անգամ պարտադրվի ինչ-որ բան, այլ դա լինի իր ընտրությունը: Փոխարենը Սերժ Սարգսյանն այսօր ուրախանում է, որ շատ մարդ է տեսնում իր հանդիպումներում` այդպիսով շոյելով այն ստորաքարշների գլուխները, ովքեր իրենից ինչ-ինչ ակնկալիք ունենալով` ժողովրդին ստիպելով քշում են հրապարակներ: Երեկ մեր խմբագրություն զանգահարեց Սբ.Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի աշխատակից մի բուժքույր ու բարկացած դժգոհեց, որ կենտրոնի տնօրեն եւ Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանի կարգադրությամբ բոլոր աշխատակիցներին ստիպողաբար «քշել են» Ավանի հրապարակ` հանդիպելու ՀՀԿ թեկնածուի հետ: «Ինքս վատառողջ եմ, ստիպեցին, որ գնամ: Կեսից հետ դարձա: Մեզ ոչխարի տեղ դրած` քշում են գլխաքանակ ապահովելու համար: Ճանապարհին էլ թիվ 64 դպրոցում աշխատող ընկերուհուս տեսա, որին եւս դպրոցից ստիպել էին, որ գնա հանդիպման», - դժգոհելով պատմեց մեզ զանգահարած քաղաքացին` հույս հայտնելով, թե ի վերջո` պետք է «հաղթի առողջ ինքնությունը»: Ի դեպ, երեկ Ավանի հանդիպմանը, ականատեսների վկայությամբ, գործի են դրվել ժողովրդի ձայնով նախապես ձայնագրված «առաջ, Հայաստան» բացականչող ֆոնոգրամաները, որ ժողովրդի պասիվությունն ու անհաղորդ լինելը չզգացվի: Շաբաթ օրը կազմակերպվել էր ՀՀԿ թեկնածուի հանդիպումը Արաբկիր համայնքում, որի համայնքապետը, ինչպես հիշում եք, դեռ ամիսներ առաջ իրեն իրավունք էր վերապահել հայտարարել, թե Արաբկիրն ընտրում է Սերժ Սարգսյանին: Հանդիպումից դեռ մեկ ժամ առաջ Մերգելյանին հարակից տարածքում իրարանցում էր. խցանված էին Կոմիտաս-Գյուլբեկյան եւ Կոմիտաս- Վաղարշյան փողոցները: Ներկա ոստիկաններին հարցրինք, թե ինչու՞ տուգանային հրապարակ չեն տանում ՀՀԿ-ի մեքենաները, որոնք բավական ժամանակ խցանում էին առաջացրել փողոցում: «Մենք պլաշչադկա չենք տանում: Էստեղ տեղն ազատում ենք, որ գան: Եթե խախտում չեն անում, ինչի՞ տանենք պլաշչադկա», - անմեղ հարց ուղղեցին ոստիկանները: Մեր դիտարկմանը, թե ՀՀԿ-ի մեքենաները ամբողջովին փակել են ճանապարհը, ոստիկանը պատասխանեց. «Բայց ու՞մ են խանգարում, ինչո՞վ են խանգարում: Մենք կարգավորում ենք ճանապարհը: Ժողովրդի անվտանգությունն ենք ապահովում, ուրիշ ոչ մի բան չենք անում»: Փաստորեն, երբ Ռոբերտ Քոչարյանը անձամբ ներկա չէ ու կարգադրություններ չի անում, հայրենի ոստիկանությունը չի իմանում անելիքը: Թերեւս թաղապետի կարգադրությամբ, Արաբկիրի ավագանու անդամները ժողովրդին ավտոբուսներով բերում, իջեցնում էին մեկ կանգառ վերեւ, որտեղից վերջիններս պետք է ոտքով իջնեին Մերգելյանի հրապարակ: «Դե գիտեք, ոչ թե բերել ենք, ասել ենք, հիշեցրել ենք ու կանգնել նայում ենք` ով ա եկել, ով չի եկել», - ասաց Արաբկիրի համատիրություններից մեկի նախագահ Ստյոպա Ստեփանյանը: Մեզ հետ զրույցում բնակիչ Աննա Երիցյանը պատմեց, որ իրենց Քանաքեռ-ԳԷՍ-ից 4-5 ավտոբուսով բերել է ավագանու Արմեն անունով անդամը, որն էլ բաժանել էր դրոշակները: «Ես Սերժին պտի ընտրեմ, իմ երեխեքին ինքն ա նայել», - ավագանու անդամի ներկայությամբ հայտարարեց մեզ հետ զրուցած կինը: Հրապարակում էին «Երիցյան եւ որդիներ» խանութի գրեթե բոլոր աշխատակիցները, անգամ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին էին բերել: Շատ էին դպրոցականները: Հանդիպեցինք թիվ 54, 51 դպրոցների աշակերտներին: Այստեղ էլ օգտագործվում էր «առաջ, Հայաստան» ֆոնոգրաման: Մանկական պոլիկլինիկայի աշխատակիցները եւս հրապարակում էին: Իսկ մինչ կժամաներ Սերժ Ազատիչը` համերգի հաղորդավարը տեղի-անտեղի «առաջ, Հայաստան» էր ասում. մնում, մնում, հարցնում էր` «առաջ, Հայաստան, չէ՞»: Խորհրդարանական ընտրություններում պարտված ԲՀԿ-ական Արագած Ախոյանը ընկերների մոտ պարծենում էր, թե 18 հազար ձայն է հավաքել: «Մեր խմբերով, մեր կոլեկտիվներով եկել ենք ողջունելու մեր թեկնածուին», - ասաց Ախոյանը: «Ստիպողաբար բերել են: Բոլորին էլ ստիպողաբար բերում են», - մեզ հետ զրույցում հայտարարեց մի կին` չցանկանալով ներկայանալ: «Հայաստան» տոնավաճառում առեւտուր անող մի քաղաքացի Սերժ Սարգսյանի ելույթը չլսած` հետ էր գնում: «Տոնավաճառը փակեցին, եկան, մեզ ստիպելով հանեցին, բերեցին էստեղ: Ընդ որում, առաջին հարկը, որն իրենցն է, չեն փակել, բայց 2-րդ, 3-րդ հարկերը, որ սովորական ժողովուրդն է վարձակալում, ստիպելով փակեցին: Ժողովուրդը շատ դժգոհ էր: Տեղի փողը, որ մեկ ժամ ուշացնում ենք, գալիս, սեղանները փակում են», - մեզ հետ զրույցում պատմեց քաղաքացին` հավելելով. «Հետ եմ գնում, որովհետեւ չեմ ուզում մասնակցել ստիպողական միջոցառմանը: Շատերը գնացին, մեծ մասը փախան»: Սա, սակայն, Սերժ Սարգսյանին չխանգարեց հայտարարել. «Մենք հասնելու ենք լավ Հայաստանի մեր հասարակության մեջ միասնության, փոխադարձ հարգանքի մթնոլորտ ձեւավորելով»: Սերժ Սարգսյանի ելույթը, կարելի է ասել, հավաքվածներից շատերը չէին լսում, դպրոցականները բջջային հեռախոսով երաժշտություն էին միացրել, ոմանք սուլում էին, կոլեկտիվները հազիվ իրար գլխի հավաքվել, խոսում էին: Թեկնածուն էլ չմոռացավ կրկնել, որ եկել է աջակցություն խնդրելու` հանրապետության նախագահ դառնալու համար: «Չափազանց կարեւոր է փետրվարի 19-ին կատարել ճիշտ ընտրություն», - ներկաներին բացատրեց թեկնածուն` հավելելով. «Ամենից կարեւորն է, որ մենք կարողանանք փետրվարի 19-ին անցկացնել ազատ, արդար ընտրություններ»` միեւնույն ժամանակ չմոռանալով լավ Հայաստան խոստանալ: Ի դեպ, Սերժ Սարգսյանն այժմ էլ ասում է, թե ընտրություններից հետո փորձելու է «դարձի բերել» քննադատներին: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծական«Շվեդական մոդելի» էությունըՀայտնի է, որ Արեմտյան Եվրոպայում զանազան սոցիալական ծրագրերը վերջին տասնամյակների ընթացքում խոշոր հարկային բեռի են հանգեցրել... ՔաղաքականԻշխանության քիլերը«Հատուկ միջոցներից մեր ոստիկանությունը իրավունք ունի օգտագործել պաշտպանական վահան, դուբինկեք, որ կան, ջրցան մեքենա...»... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |