|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Կարեւորը` ընդհանուր առողջ մթնոլորտն է, որն արդեն կա17:12 Yerevan | 13:12 GMT | Tuesday 5 February 2008 Հարցազրույց «ԱԼՖԱ» վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Սարգիս Բաղումյանի հետ - Տիրապետու՞մ եք, արդյոք, դուք թվային սոցիոլոգիական տվյալների` այսօր Հայաստանում ստեղծված նախընտրական իրավիճակը բնութագրող: - Ասեմ, որ մենք միջազգային մի կազմակերպության պատվերով (որը մեզ ճանաչում է այլ անվանումով) իրականացնում ենք նախընտրական իրավիճակի ուսումնասիրություն` հանրապետության ամբողջ տարածքի համար եւ մեկ այլ տեղական պատվիրատուի համար եւս, որը մեզ պատվիրել է իրավիճակի ուսումնասիրությունը միայն Երեւանի համար: Մեր երկու պատվիրատուների հետ ունեցած նախնական պայմանավորվածությունից ելնելով` մենք այսօր կարող ենք հրապարակել միայն այնքանը, որը չի պարունակի վերջնական թվային տվյալներ, այլ կներկայանցնի միայն ձայների հարաբերական մոտավոր տվյալները եւ կամ զարգացման միտումները: Կարճ ասած` ես ձեզ կներկայացնեմ այնքան, որքան հնարավոր է եղել պատվիրատուի հետ համաձայնեցնել: - Օրինակ` շատ հետաքրքիր է ձայների ինչպիսի՞ տոկոսներ են արձանագրվել ձեր կենտրոնի հարցումների արդյունքում Երեւան քաղաքի համար, քանի որ այն բոլորիս աչքի առաջ է, եւ մենք այն կարող ենք ստուգել: - Ասեմ, որ երեւանյան իրավիճակը ներկայացնելիս մենք ավելի անկաշկանդ ենք, քանի որ մենք էլ մեր լրացուցիչ ուսումնասիրություններն ենք իրականացրել այս տարածքում: Մենք ամեն օր Երեւանում ուսումնասիրում ենք 250-ից ավելի ընտրողների կարծիքները վերջին չորս ամիսների ընթացքում: Այսօր` փետրվարի 4-ի տվյալներով, երեւանում ակնհայտ լիդերը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Երկրորդ տեղում ընթանում է Սերժ Սարգսյանը: Հետո գալիս են մյուս թեկնածուները` քիչ ձայներով, տարբեր համայնքներում տարբեր հերթականությամբ: Սերժ Սարգսյանի ամեն մի համախոհի դեպքում հանդիպում է Լեւոն Տեր-Պետրոսյանի 2-3 համախոհ: Այդ հարաբերությունը տարբեր է տարբեր համայնքներում: Նշեմ, որ երեւանյան իրավիճակը շատ արագ է զարգանում, չնայած որ արդեն հիմնական միտումները պարզ են: - Երբ դուք նշում եք 1-ը 2-ին հարաբերություն կամ 1-ը երեքին հարաբերություն` արդյո՞ք դա նշանակում է, որ քվեարկության օրը կունենանք Սերժ Սարգսյան 33 տոկոս, Լեւոն Տեր-Պետրոսյան 66 տոկոս: - Դա բավականին կոպիտ է ասված սոցիոլոգի համար, սակայն ընտրական տեխնոլոգիաների համար կարելի է ասել, որ, այո, այսօր այդ կերպ կարելի է ասել` զուտ միայն իրավիճակի մասին պատկերացում կազմելու համար: - Երեւանի ո՞ր համայնքներն են ամենից բարձր տոկոս «ապահովում» Սերժ Սարգսյանին եւ որոնք Լեւոն Տեր-Պետրոսյանին - Երեւանում այսօր Սերժ Սարգսյանի ձայները ամենից բարձրն են Ավանում, իսկ ամենացածր տոկոսները նա ունի Էրեբունի եւ Շենգավիթ համայնքներում: - Դուք կարո՞ղ եք, արդյոք, պատճառաբանել, թե ինչու՞ է այդպես, ասենք` մեկ համայնքում թեկնածուի վարկանիշը բարձր է, մյուսում` ցածր: - Մեր ուսումնասիրությունների հիմնական նպատակներից մեկն էլ հենց այդ տարբերությունների վերլուծությունն է: Կոնկրետ այս դեպքում մեր վերլուծական խումբը հայտնաբերեց մի քանի պատճառներ: Առաջինը դա տեղական իշխանությունների ղեկավարների հեղինակությունն է: Օրինակ` Ավանի համայնքի ղեկավարը այսօր բավականին բարձր հեղինակություն ունի, այդ իսկ պատճառով նրա մոտ Ս.Սարգսյանի վարկանիշը ամենից բարձրն է Երեւանում, իսկ, օրինակ, Էրեբունու թաղապետը իր կոլեգաներից ամենից ցածր հեղինակությունը ունի իր համայնքի բնակիչների մոտ, եւ այդ իսկ պատճառով նրա համայնքում այսօր Սերժ Սարգսյանի ձայները ամենից ցածրն են Երեւանում: Վստահեցնում եմ ձեզ, որ կան նաեւ այլ բազմաթիվ գործոններ, որոնք ազդում են այդ ձայների տատանումների վրա, սակայն ասեմ, որ այդ տատանումները չեն կարող կրել որակական բնույթ: Այսինքն` որքան էլ որ բնակիչները բարձր գնահատեն իրենց թաղապետին, միեւնույն է` կա ընդհանուր ֆոն եւ կողմնակի գործոնները չեն կարող բերել որակական տատանումների: Ասենք` եթե իշխանության թեկնածուն այսօր ունի 28-30 տոկոսի վարկանիշ, ապա որքան էլ հարգանք վայելի Ավանի թաղապետը իր համայնքում, նա 33 տոկոսից ավելի ձայներ չի հավաքի: Կամ ասենք` որքան էլ որ էրեբունցիները բացասական վերաբերվեն իրենց թաղապետին, միեւնույն է` իշխանության թեկնածուի ձայները 25 տոկոսից ցածր չեն կարող լինել: Այսպիսին են նախընտրական սոցիոլոգիայի առանձնահատկությունները: - Արդյո՞ք թեկնածուները դժգոհում են իրենց վարկանիշներից: - Պատկերացրեք որ դժգոհում, են եւ դժգոհում են բոլորը: Այսօր ես վստահ եմ, որ եթե ես հրապարակեմ թվային տվյալները մի որեւէ բնակավայրում կամ ամբողջ երկրի կտրվածքով, ապա այդ թվերը բոլոր թեկնածուների մոտ միանշանակ դժգոհություն են առաջացնելու: Փորձը ցույց է տալիս, որ նախընտրական սոցիոլոգիան գիտական եւ օբեկտիվ է միայն եւ միայն այն դեպքում, երբ նրանից դժգոհում են բոլորը: Հավատացեք, որ դա այդպես է: Ես աշխարհի չորս երկրներում նախընտրական սոցիոլոգիական ուսումնասիրությունների եմ մասնակցել, եւ միշտ այդ տվյալները չեն գոհացրել թեկնածուներից եւ ոչ մեկին, նույնիսկ հաղթող թեկնածուին: - Գուցե մասնավորեցնեիք` ըստ տոկոսների: - Պատկեր ունենալու համար պարտադիր չէ ունենալ տոկոսներ: Կարելի է թվերը չհրապարակելով հանդերձ` ունենալ ընտրական իրավիճակի պատկերը ըստ մարզերի կամ ըստ նախկին շրջանների: Այսպես` Սարգսյանը բացարձակ առավելություն ունի համարյա ամբողջ Սյունիքի մարզում, բացառությամբ Սիսիանի, որտեղ իրավիճակը գնահատվում է որպես Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հավասար: Նա զգալի առավելություն ունի Վայոց Ձորում: Բավականին առավելություն ունի Շիրակի մարզի հյուսիսային հատվածում (Ախուրյան, Ղուկասյան, Ամասիա): Նա բավականին լավ դիրքեր ունի Լոռու մարզի առանձին շրջաններում: Լեւոն Տեր-Պետրոսյանը մեծ առավելություն ունի Արագածոտնի եւ Արմավիրի մարզերում: Զգալի առավելություն ունի նաեւ Շիրակի դաշտավայրի հիմնական հատվածում: Բավականին լավ դիրքեր ունի Կոտայքի մարզի մեծ մասում եւ այլն: Մնացած տեղերում այսօր ուժերը բաշխված են համարյա հավասարաչափ: Բավականին անորոշ է իրավիճակը միայն Աբովյանի շրջանում: Ահա մոտավորապես այսպիսի պատկեր է ստեղծված փետրվարի 3-ի դրությամբ: - Եթե այդ տվյալները ի մի բերենք` ինչպիսի՞ն կստացվի պատկերը ամբողջ հանրապետության կտրվածքով: - Այսօրվա դրությամբ կարելի է գնահատել որպես Լեւոն Տեր-Պետրոսյանի շոշափելի առավելություն Սերժ Սարգսյանի նկատմամբ: - Կներեք, սակայն չեմ կարող չհարցնել, թե այդ, այսպես կոչված, շոշափելի առավելությունը, ըստ ձեր կանխատեսումների, արդյոք նշանակում է, որ լինելու է երկրորդ փուլ, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը կհաղթի առաջին իսկ փուլով: - Իհարկե խոսքը մեկ տուրում հաղթանակի մասին է: Ուզում եմ տեղեկացնել, որ ՀՀ տարածքում բոլոր նախագահական ընտրությունները միշտ փաստացի հաղթողին որոշում են (կրկնում եմ, ոչ թե «դե յուրե», այլ փաստացի) առաջին իսկ փուլում: Այդպես է եղել բոլոր նախորդ ընտրարշավների ժամանակ` եւ 91-ին, եւ 96-ին, եւ 98-ին, եւ 2003-ին: Դա ունի իր, այսպես կոչված, «էլեկտորալ» բացատրությունը: Հայաստանում կա ընտրողների շուրջ 35 տոկոսը կազմող մի շերտ, որին երբեմն անվանում են «ճահիճ»: Այդ մարդիկ միշտ մնում են բավականին դժգոհ եւ պասիվ, սոցիոլոգիական բոլոր հարցումներին պատասխանում են իրենց համար բնորոշ պասիվությամբ. «Ոչ մեկին չեմ հավատում», «Բոլորին էլ դեմ եմ», «Բոլորն էլ նույն սանրի կտավն են», «Չեմ գնալու քվեարկության» եւ այլն: Այսպիսի տրամադրությունների դուք էլ հանդիպած կլինեք ձեր շրջապատում: Թվում է, թե սրանք այդպես էլ կմնան անմասնակից, սակայն ես վստահեցնում եմ ձեզ, որ այս զանգվածը` «ճահիճը», միշտ էլ վերջին օրը որոշումը կայացնում է եւ գնալով քվեարկում է ենթարկվելով ընդհանուր մթնոլորտին` հօգուտ «ֆավորիտ» թեկնածուի: Այդ թեկնածուն 91-ին եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ մնացած դեպքերում դա եղել է ընդդիմադիր թեկնածուն. 96-ին` Վ.Մանուկյանը, հետագայում` հայր եւ որդի Դեմիրճյանները: Այնպես որ, ընտրապայքարը կավարտվի միայն եւ միայն առաջին փուլով, քանի որ արդեն ակնհայտ է, որ կա «ֆավորիտ» թեկնածու: - 96 թվականին ե՞ւս քվեարկությունը ավարտվել է մեկ փուլով: - Մենք խոսում ենք բացարձակ այլ թեմայով: Առավել եւս, որ 96-ի ընտրական պրոցեսը իր եզրագծին դեռ չի հասել եւ ամենայն հավանականությամբ կավարտվի միայն փետրվարի 19-ին, երբ 96-ի մասին իր վերջնական կարծիքը կասի ժողովուրդը: - Քանի փուլով կանցնեն 2008-ի նախագահական ընտրությունները: - Ընտրապայքարը միանշանակ կավարտվի մեկ փուլով: Եթե դուք այս հարցը ինձ ուղղեիք, ասենք, սեպտեմբերի 1-ին, ես ձեզ նույն կերպ կասեի, որ «ընտրապայքարը կավարտվի մեկ փուլով եւ կհաղթի Սերժ Սարգսյանը»: Քանի որ այն ժամանակ եւս մենք իրականացնում էինք ուսումնասիրություններ, համաձայն որոնց գնահատվում էր երկրում ստեղծված մթնոլորտը, ու կանխատեսումներ էինք անում ստանալով այդ արդյունքը: Այսօր արդեն նույն այդ հարցին մենք տալիս ենք այլ կանխատեսում, որը կրկին հիմնված է մեր ուսումնասիրությունների վրա: - Իսկ ձեր այդ կանխատեսումներում դուք հաշվի առե՞լ եք, արդյոք, իշխանությունների հնարավորությունները, բացի Սերժ Սարգսյանի իրական ձայներից, քվեներ ստանալ նաեւ ընտրակաշառքի, ադմինիստրատիվ ռեսուրսի եւ վերջապես` պարզ լցոնումների կամ թվանկարչության միջոցով: - Մեր կանխատեսումներում հաշվարկված են համարյա բոլոր գործոնները: Մենք գիտենք, որ եթե գյուղում չկա համապատասխան մթնոլորտ, ապա քվեարկության արդյունքները կանխորոշված են: Այսինքն` եթե իշխանության ներկայացուցիչը ստացել է իր համար անհրաժեշտ մթնոլորտը, նա կարող է իրեն անհրաժեշտ արդյունքը ստանալ ցանկացած եղանակով: Օրինակնե՞ր: Նա կարող է գյուղացիներին տալ ինչ-որ մի գումար եւ պահանջել, որ քվեարկեն իրենց թեկնածուի օգտին: Սա կոչվում է «ընտրակաշառք»: Նա կարող է, առանց որեւէ գումար տալու, բոլորին պարտադրել, որ քվեարկեն իրենց թեկնածուի օգտին: Սա կոչվում է «ադմինիստրատիվ ռեսուրս»: Նա կարող է գյուղացիներին թույլ տալ, որ նրանք քվեարկեն ինչպես որ կամենում են, իսկ ինքը հետո, նրանց քվեարկության հետ հաշվի չնստելով, պահանջի, որ հանձնաժողովը ներկայացնի քվեարկության արդյունքները` իր ուզած թվերով: Սա կոչվում է «ընտրակեղծիք»: Ուշադրություն դարձրեք, որ երեք տարբերակում էլ արդյունքը նույնն է: Այսինքն` բոլոր այս իրավիճակներում կարեւորը, ոչ թե ձեւն է, որը կկիրառվի, այլ այն մթնոլորտը, որը ձեւավորված է տվյալ բնակավայրում: Այդ պատճառով մենք գյուղական բնակավայրերում իրականացնում ենք ոչ թե ձայների պարզ հաշվարկ, այլ մթնոլորտի գնահատական, որը ինքնին արդեն իր մեջ պարունակում է վերջնական տոկոսներ: Իմիջայլոց ասենք, որ պարտադիր էլ չէ նույնիսկ, որ իշխանական ներկայացուցիչը ճնշում բանեցնի անմիջապես տեղում գտնվելով: Օրինակ` պատկերացրեք մի գյուղ, ասենք, Վայոց Ձորում, որտեղ գյուղացիների բացարձակ մեծամասնությունը մեզ ասում է. «Անկախ Սերժ Սարգսյանի հանդեպ ունեցած մեր վերաբերմունքից` մենք քվեարկելու ենք նրա օգտին, քանի որ դա մեր գյուղապետի հորդորն է: Նա կարողացել է ձեռք բերել բյուջեի հաշվին մեր գյուղը Վայքին կապող ճանապարի շինարարության հնարավորություն, եւ մենք արդեն պատվի հարց ենք համարում քվեարկել վարչապետի օգտին»: Սա այն դեպքում, երբ ասենք` այդ գյուղապետը ոտքի կոտրվածքը բուժելու նպատակով գտնվում է Երեւանում, եւ թվում է, թե քվեարկության վրա ուղղակի ազդել չի կարող, սակայն գյուղում ձեւավորված մթնոլորտը բավական է, որ այդ գյուղում արդյունքները լինեն կանխատեսելի: Այս նույն կերպ մենք ունենք տվյալներ բազմաթիվ գյուղերում ձեւավորված մթնոլորտների մասին: Եվ կարելի է ասել, որ արդեն բավականին մեծ թվով գյուղերում մթնոլորտը փոփոխվում է ի վնաս իշխանությունների: Այնպես որ, հավատացնում եմ, որ մենք «ընտրակեղծիքների» այդ բոլոր տարբերակները մեր հրապարակած թվերում հաշվի ենք առնում: Նախընտրական սոցիոլոգիան չի կարող կրել պարզ մեխանիկական բնույթ: Դա կխեղաթյուրի իրական պատկերը, եւ պատվիրատուն չի կարողանա ճիշտ կողմնորոշվել: Շարունակելի |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |