“Zhamanak” Armenian-American Political Daily

Կոսովոն այլեւս նախադեպ չէ

17:10 Yerevan | 13:10 GMT | Tuesday 5 February 2008

Մուսա Միքայելյան

Հայկական դիվանագիտությունը պետք է տեղափոխել կարգավորման պրագմատիզմի փուլ

Սերբերը ամենեւին նախանձելի վիճակում չեն: Կիրակի օրը, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նրանք կատարեցին ընտրություն, որը խոշոր հաշվով ոչ մի կերպ չի ազդելու երկրի կարեւորագույն հարցերի վրա: Կոսովոյի կորուստն այսուհետ անխուսափելի է եւ քվեարկողների իրատեսորեն ընտրություն կատարելու վրա չէր կարող ազդել, ինչը հնարավոր չէր ասել օրավուր բարձրացող էմոցիայի նշանակության մասին:

Ընտրությունների առաջին փուլում Սերբական արմատական կուսակցության առաջնորդ Թոմիսլավ Նիկոլիչը (39, 99%) հաղթում էր գործող նախագահ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Բորիս Թադիչին (35, 39%): Ընդունված կարծիք կա, որ Նիկոլիչը հակված էր դեպի Ռուսաստանը, իսկ Թադիչը եվրոպական ինտեգրացիայի կողմնակից է: Ընտրությունների օրակարգի գլխավոր հարցին` Կոսովոյի անկախության հարցին երկու թեկնածուներն էլ դեմ են, ինչն ամենեւին չի խանգարում, որ մոտ ժամանակներում անպայմանորեն ճանաչվի ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից: Տարբերությունը միայն այն է, որ Թադիչը բոլոր դեպքերում խոստանում է շարունակել եվրոպական ուղղությունը, իսկ Նիկոլիչը սպառնում է սառեցնել հարաբերությունները բոլոր այն երկրների հետ, որոնք կճանաչեն Կոսովոյի անկախությունը: Արեւմտյան քաղաքագետները անհարկի աղմուկ էին բարձրացրել նախագահական ընտրությունների շուրջ` կոսովցի ալբանացիներին խնդրելով անկախության հռչակումը հետաձգել մինչեւ 2008-ի փետրվար: Արդյունքում` այս ժամանակահատվածում ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին հաջողվեց հասնել շոշափելի արդյունքի` մինչեւ 25 ԵՄ անդամ երկրների աջակցության, որոնք անմիջապես կճանաչեն Կոսովոյի անկախությունը: ԵՄ-ն որոշել է Կոսովոյի կարգավորման հարցը լուծել առանց ՄԱԿ-ի հնարավոր պատժամիջոցների կիրառման (ինչին ՄԱԿ-ը գործնականում համաձայն է): Եվ հիմա Եվրոպան առաջարկում է Սերբիային գնալ զոհողության` տարածքի մի մասի կորստի` դրա դիմաց առաջարկելով արագընթաց կարգով ԵՄ կազմում ընդգրկման ընթացակարգ:

Սերբիայի ԱԳ նախարար Վուկ Երեմինն իր վերջին հարցազրույցներից մեկում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անվանեց «Եվրամիության անդամակցության հանրաքվե»: Բրյուսելը Սերբիայի ԵՄ ինտեգրացիոն գործընթացի վերաբերյալ փետրվարի 7-ին նախատեսված համաձայնագրի ստորագրումը հետաձգեց: Նախապես ծրագրված էր ստորագրել ընտրությունների երկու փուլերի միջանկյալ ժամանակահատվածում: Համաձայնագիրը նախատեսում է վիզային ռեժիմի մեղմացում եւ առեւտրական կապերի խթանում: Ռուսաստանը, որին այդքան ապավինում էր Նիկոլիչը, երեւում է այնքան էլ չոգեւորվեց վերջինիս սլավոնական եղբայրության մասին մտքերով եւ հանդես է գալիս խիստ պրագմատիզմի դիրքերից: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունեց Սերբիայի գործող նախագահին, որի հետ կնքվեցին «Հարավային հոսք» գազատարի կառուցման, Սերբիայի տարածքում գազի պահեստարանի եւ «Գազպրոմ Նավթ» ընկերության կողմից սերբական նավթամշակող ընկերության գնման մասին ռազմավարական համաձայնագրեր:

Նիկոլիչի հաղթանակը եւ Սերբիայի ավտոմատ մեկուսացումը չէր կարող Ռուսաստանին ձեռնտու լինել, քանի որ կստացվեր, որ Ռուսաստանը վիժեցնում է իր կողմից կնքված համաձայնագրերի ճակատագիրը: Ի տարբերություն Հարավային Կովկասի կամ Կենտրոնական Ասիայի` Բալկաններում քաղաքականությունը շախամատի նման չէ: Կոսովոն ոչ միայն Սերբիայի անքակտելի մասն է, այլեւ 14-16-րդ դդ. Օսմանյան կայսրության նկատմամբ տարած անկախության հաղթանակի մասին վավերագրություն է, Առաջին աշխարհամարտի եւ 1941-1944 թթ. պարտիզանական կռիվների ցցուն վկան: Սերբերի 80-90 տոկոսը դեմ է երկրամասի անկախության հեռանկարին: Երկրորդ փուլից առաջ արված հարցումները ցույց էին տալիս, որ Թադիչը նվազագույն առավելությամբ (42% ընդդեմ 38%) հաղթելու է իր մրցակցին: Թադիչի հաղթանակը, սակայն, չի նշանակում անմիջապես ԵՄ անդամակցություն, ինչպես եւ Նիկոլիչի հաղթանակը չէր կարող նշանակել ԵՄ անդամությունից անհապաղ հրաժարում: Երկու դեպքում էլ պարզապես կպահանջվի իրարից տարբեր, բայց երկար ժամանակ: Ի վերջո, Եվրոպան հասկանում է, որ սերբերը որեւէ դեպքում չեն ճանաչի Կոսովոյի անկախությունը եւ այդպիսի բան առայժմ նրանից չի պահանջի: Ռուսաստանը եւս չի ճանաչի Կոսովոյի անկախությունը: Վերջինս կստանա լրացուցիչ փաստարկներ Վրաստանի հարցում արեւմուտքի հետ բանավեճի ժամանակ: Սակայն Կոսովոն, որքան էլ մենք հայերս կամ վրացիները ցանկանանք, որպես նախադեպ այդպես էլ չի ծառայելու այլ հակամարտությունների, այդ թվում` Ղարաբաղի համար: Մերձդնեստրում հիմա նոր կոմպրոմիսի հնարավորություն է երեւան եկել: Մոլդովան որդեգրել է ռուսամետ եւ հակառումինական քաղաքականություն, որը Մոսկվան հնարավորություն է տալիս Մերձդնեստրի երկրամասը Մոլդովային միավորելու գործընթաց սկզբնավորել: Աբխազիայի կամ Հարավային Օսիայի անկախության ճանաչումը Ռուսաստանին դժվարին կացության առջեւ կկանգնեցնի: Ռուսաստանի ճնշմամբ չի բացառվում, որ վրացական ինքնահռչակվածների անկախությունը ճանաչեն Հայաստանն ու Բելառուսը եւ նույնիսկ Վենեսուելան: Բայց այս քայլերը ոչինչ չեն վճռելու: Երբ ԵՄ-ն ճանաչում է Կոսովոյի անկախությունը, նա նաեւ հենվում է Սերբիայի բնակչության այն կարեւոր, մեծամասնություն կազմողների ցանկության վրա, որը ուզում է լինել միացյալ Եվրոպայում: Վրաստանը երբեւէ իր ապագան չի կապել Ռուսաստանի հետ: Այդ երկրի բնակչության երեք քառորդը ձգտում է ՆԱՏՕ: Ուստի հայկական դիվանագիտության համար Կոսովոն որպես նախադեպ պետք է համարել ավարտված եւ տեղափոխվել կարգավորման պրագմատիզմի փուլ:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.