“Zhamanak” Armenian-American Political Daily

Սաքոն «թանգնոց» տղա չի. 100 դոլարով էլ է «գործ» անում

17:21 Yerevan | 13:21 GMT | Saturday 2 February 2008

Հեղինե Մանուկյան

Երեկ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց հունվարի 27-ին Թալինում տեղի ունեցած միջադեպի փաստով ձերբակալված` Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ակտիվիստներ Մկրտիչ եւ Ժորա Սափեյանների, Հայկ Գեւորգյանի եւ Տիգրան Բաղդասարյանի նկատմամբ երկու ամսով որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին. հիշեցնենք, որ նրանք որպես գործով անցնող վկաներ հունվարի 29-ին կանչվել են ոստիկանություն, ապա յոթ ժամ հետո ձերբակալվել:

Միջադեպը գրանցվել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի` Թալինում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ, երբ թալինաբնակ ազատամարտիկ Սարգիս Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը լսելու եկած մարդկանց միջեւ ծեծկռտուք էր սկսվել այն բանից հետո, երբ Կարապետյանը փորձել էր դիտավորյալ խանգարել քարոզարշավի ընթացքը: Մի խումբ մարդիկ փորձել էին շարքերից դուրս բերել, այսպես ասած` «վնասազերծել» սադրիչին, սակայն որպես ծեծկռտուք հրահրածներ պատասխանատվության են ենթարկվել հենց վերը հիշատակված ակտիվիստները: «Ամբողջ ցավն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման կազմակերպիչները` իմ պաշտպանյալներ Ժորա եւ Մկրտիչ Սափեյանները եւ մյուսները, եղել են թեկնածուի շտաբի անդամներ: Եվ բնական է, որ նրանց առաքելությունն է եղել նաեւ հանդիպման խաղաղ ընթացքն ու հասարակական կարգը պահպանելը», - ասաց պաշտպան Հովիկ Արսենյանը: Մինչ հանդիպումը, Արսենյանի հավաստմամբ, այդ նույն Սարգիս Կարապետյանը հարբած մոտեցել է Գազելի վարորդ Երվանդ Սարգսյանին եւ վիրավորական տոնով հարցրել, թե ինչու է իր անձնական օգտագործման ավտոմեքենայով մարդիկ բերում հանդիպմանը մասնակցելու, հետո սկսել է քաշքշել վարորդին: Վերջինս էլ դիմել է քիչ հեռու կանգնած ոստիկանին եւ մատնացույց անելով Կարապետյանին` զգուշացրել է, որ վերջինս ոչ սթափ վիճակում է եւ առաջարկել է նրան հեռացնել հրապարակից: Սակայն ոստիկանը ոչինչ չի ձեռնարկել` արդարանալով, թե իրեն նման ցուցումներ չեն տրվել: 5-6 րոպե անց, երբ արդեն սկսել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումը, Կարապետյանը սկսել է վիրավորական արտահայտություններ անել հրապարակում խմբված մարդկանց եւ Լ.Տեր-Պետրոսյանի հասցեին, ինչն էլ փորձ է արվել կանխել ներկաների կողմից: «Էական չէ, թե ով է եղել սադրիչին կարգի հրավիրողը` Ժորա՞ն, թե՞ մեկ այլ մարդ, այստեղ երեւույթը պետք է գնահատել եւ հասարակական կարգը պահպանող իրավապահները պետք է ուշադրությամբ հետեւեին եւ կանխեին պրովոկացիան: Չէ՞ որ ցանկացած հանդիպման ժամանակ իրավապահ մարմիններից պատասխանատու կազմակերպիչ կա նշանակված: Այ նրան պետք է հրավիրել, հարցաքննել եւ պատասխանատվության ենթարկել եւ ոչ թե այսպես վարվել: Եթե այս հանիրավի գործողությունները շարունակվեն, սա կտանի էսկալացիայի: Ես չեմ տեսնում այստեղ իրավական հարթությունում այն հիմքը, որ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրվեր` նկատի ունենալով այն, որ իմ պաշտպանյալները, բացի այն, որ պարգեւատրվել են բազում շքանշաններով, նաեւ ընտանիքի միակ կերակրողներն են, առողջական լուրջ խնդիրներ ունեն», - հավելեց Արսենյանը: Երեկ դատարանի շրջակայքը ժամը 12-ից աննախադեպ մարդաշատ էր, հավաքվածները ՀՀ տարբեր մարզերից եկած երկրապահ կամավորականների միության անդամներ էին: Սրտատրոփ սպասում էին` ակնկալելով, որ դատարանը «խելքը գլխին որոշում» կընդունի ու հանիրավի ձերբակալված իրենց ընկերները ազատ կարձակվեն: Հավաքվածների մեջ մի պահ երեւաց ՀՀԿ-ական Սասուն Միքայելյանը, ով մի առիթով մեր թերթին տված հարցազրույցում ասել էր. «Լեւոնն իմ կուռքն ա, բայց ես Սերժ Սարգսյանին եմ ընտրելու»: Ներկա էր նաեւ Երկրապահ կամավորականների միության փոխնախագահ, ՀՀԿ համամասնական ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Մյասնիկ Մալխասյանը: Երբ փորձեցինք երկխոսության մեջ մտնել պրն Մալխասյանի հետ եւ շոշափել վերջինիս նախընտրական տրամադրությունը, Մալխասյանը հրաժարվեց` ասելով. «Հլը իմ խոսալու ժամանակը չի: Կգա ժամանակը` ես իմ ասելիքը կասեմ»: Երեկ մինչ դատարանը կկայացներ իր «խելքը գլխին» որոշումը, զրուցեցինք բակում խմբվածներից մի քանիսի հետ, ովքեր պարբերաբար «ա-զա-տու-թյուն», «հաղ-թա-նակ» էին բացականչում: Ազատամարտիկ Սուրեն Հայրապետյանի «միակ ասելիքը» այս էր. «Սերժն ու Ռոբը պետք է էս երկրից գնան»: Ու՞ր` հարցրինք: «Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ, իրենց տեղը այդտեղ է: Բայց մինչ այնտեղ գնալը պետք է վերադարձնեն ժողովրդից թալանածը, պիտի պատասխան տան հոկտեմբերի 27-ի, Արծրուն Մարգարյանի, Վահրամ Խոռխոռունու սպանության եւ մնացած բաների համար»: Լեւոն Տեր-Պետրոսյանի` Աշտարակի շրջանի նախընտրական շտաբի պետ Րաֆֆի Մելքոնյանը վկա է եղել միջադեպին: «Նկատեցի, թե ինչպես «Հայլուրի» օպերատորը «ֆիքսվել է» հրապարակի ձախ կողմում` այն դեպքում, երբ ելույթները դիմացից էին տեղի ունենում: Նայեցի, տեսա մի հաղթանդամ տղամարդ, որը ինչպես պարզվեց Սարգիս Կարապետյանն էր, նայելով ելույթ ունեցող Լեւոն Տեր-Պետրոսյանին, գոռաց, թե դուք Հայաստանի նախագահը չեք, Թալինը ձեզ հետ չի: Այդ ժամանակ ամբողջ ժողովուրդը վրա պրծավ եւ սկսեցին հրմշտել: Իսկ Սափեյան Մկրտիչը, որը թիկունքով կանգնած էր, միայն աղմուկի վրա շուռ եկավ եւ գնաց այդ կողմը, այսինքն` նա ընդհանրապես մասնակցություն չի ունեցել միջադեպին, սակայն ձերբակալված է»: Լեւոն Տեր-Պետրոսյանի` Թալինի նախընտրական շտաբի պետ Հայկ Աթանեսյանը, որը ներկա է եղել հունվարի 27-ին Թալինում տեղի ունեցած միջադեպին, ասաց. «Դա ակնհայտ պրովոկացիա էր, բոլորս էլ այդ Սաքո կոչեցյալին շատ լավ գիտենք: Սա առաջին դեպքը չէր, մինչեւ այդ էլ նա միշտ հրահանգավորում է ստացել Ազգային անվտանգության Թալինի պետի տեղակալ Մելքոն Գրիգորյանի կողմից: Սաքոն 1990թ.-ից սկսած միշտ եղել է սադրիչ գործողությունների մեջ. ով լավ վճարում է, նրա հրահանգները շատ լավ կատարում է: Ինքը թանգնոց տղա չի, կարող ա նույնիսկ 100 դոլարով էլ «գործ» անել, քանի որ նա մանր տղա է: Ինձ համար ցավալի է, որ Սաքոյի տված բացատրության արձանագրության տակ ստորագրել է նաեւ նրա 25 տարեկան տղան` Անդրանիկը, որին սեփական հայրը տանում փչացնում է... Փաստ է, որ միջադեպը հրահրվել է իշխանությունների կողմից, մասնավորապես մեր տարածքից ԱԺ պատգամավոր ընտրված Խաչիկ Մանուկյանի եւ պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավար Անդրանիկ Մելոյանի կողմից, ովքեր այդ օրը Թալինում էին, իրենք էլ դեպքից հետո Սաքոյին ոստիկանություն են տարել եւ հայտարարություն տվել միջադեպի կապակցությամբ: Ասեմ, մեր տղաները, որոնց ձերբակալել են, միջադեպի ժամանակ հարթակում են եղել, իսկ Սաքոյին քաշքշողը ժողովուրդն է եղել»: Աթանեսյանը կարծում է, որ վերը նշված անձանց ձերբակալելը քաղաքական պատվեր է, որի իմաստն այն է, որ մեկուսացնեն նրանց, քանի որ «նրանք մեծ հեղինակություն են վայելում Թալինում եւ նրանց ձերբակալելով ուզում են կազմալուծել շտաբի աշխատանքները: Բայց իշխանություններն իրենց հաշվարկներում սխալվեցին, քանի որ մենք սրանից հետո ավելի մեծ թափով ենք աշխատելու»:

Արխիվ
Վերլուծական

Երկնքից երեք խնձոր կորավ

Եվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր:

Քաղաքական

Մտովի նրանց կենացը կխմենք...

Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով...

Աշխարհ

Փափկամազիկ ժողովրդավարություն

2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.