|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Բոլոր ազնիվ մարդիկ միանալու են մեր Շարժմանը17:19 Yerevan | 13:19 GMT | Saturday 2 February 2008Կարինե Հարությունյան «Կոթին ողջունում է ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին»: Երկու երեխա բռնել էին պաստառը ու կանչում էին. «Լե-վոն, Լե-վոն»: Կոթեցիները այնպես դիմավորեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչպես կդիմավորեին իրենց որդուն` Վանո Սիրադեղյանին: Նրանք իրենց հոգու ջերմությունն ու հավատը դրել էին այն գառան մեջ, որը զոհեցին առաջին նախագահի ոտքերի տակ: Վատ եղանակի եւ առատ ձյան պատճառով Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավի երեկվա օրը դանդաղ ընթացավ, սակայն դա չխանգարեց ժողովրդին սպասելու եւ արժանանալու «իրենց նախագահի» տեսությանը: Նոյեմբերյանում մարդիկ բողոքում էին գործող համակարգից, իրենց թշվառությունից եւ շատ այլ բաներից. «Աշխատատեղեր չկան, անընդհատ գները բարձրանում են, ոչ մի օրենք չի գործում»: Ամիրազյան Մարտիկը զայրացած ասաց. «Կյանքներս կերան, էլի... հերիք չի՞: Էս զավթիչներից ազատվենք, որ կարգին երկիր ունենանք»: Իսկ մի կին, որը շատ զգույշ էր ու դեռ ընկերուհիներին էր խորհուրդ տալիս շատ չխոսել, ասաց. «Ուզում ե՞ք իմանալ` ինչ եմ մտածում: Ժողովուրդն ապաշխարում է, ժողովուրդը գալիս է դեպի Լեւոնը, ժողովուրդը շատ բան է հասկացել: Տեսնեմ` կգրե՞ք»: Նոյեմբերյանում շատ լավ ընդունեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրա զինակիցներին: Այստեղ մարդիկ հետաքրքրվում էին Արտաշես Գեղամյանի պահվածքով: Արամ Սարգսյանն ասաց, որ ոչ մեկին չի սպառնացել, առավել եւս Գեղամյանին` «մի մարդու, որին կարելի է մի զրո ավել-պակասով գնել: Եթե մարդը ծախվում է, էլ ինչի սպառնաս` կառնես էլի»: Իր վերաբերմունքը Արամ Սարգսյանը բացատրեց նրանով, որ 2003-ին երկրորդ փուլում բոլոր ընդդիմադիրները միացան Ստեփան Դեմիրճյանին, իսկ Գեղամյանը` ոչ: Դհոլի մասով Սպարապետի եղբայրը ասաց, որ «Եթե ինքը դհոլ խփելը համարում է սպառնալիք, Հայաստանի ցանկացած դհոլչի սպառնում է Գեղամյանին»: Նոյեմբերյանցիների համար խոսեց նաեւ ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը: Վերջինս ասաց, որ փետրվարի 19-ին կանգնելու են Սարդարապատի կամ Ավարայրի պատմական արժեքի չափ կարեւոր իրադարձության առջեւ. «Կամ պիտի ապրենք հետամնաց, հանցագործ աշխարհի կողմից ղեկավարվող մի երկրում, որի սիմվոլը Սերժն է կամ պիտի գնանք բարեկիրթ-քաղաքակիրթ երկրների ճանապարհով, որի սիմվոլը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Մեր ընտրությունը ոչ թե անձերի միջեւ է լինելու, այլ տարբեր եւ իրար հակառակ ուղղություններ ունեցող ճանապարհների միջեւ»: Արամ Մանուկյանը նաեւ ասաց, որ վերջին տարիներին ԱՊՀ գողերի «ռազբորկան» եղել է Հայաստանում եւ եթե գործող վարչապետը դառնա նախագահ, «ապրելու ենք գողական աշխարհին հատուկ կանոններով»: «Ես անկախությունը չեմ հռչակել մորեխների պես եկած թափառականների համար, որ գալիս, թալանում ու գնում են: Պետք է այս` մորեխի պես եկած քամուց ազատվել: Պետք է տեր կանգնենք մեր երկրին, հողին, մեր տղաների շիրիմներին, մեր երեխաների ապագային», - ավարտեց իր խոսքը Արամ Մանուկյանը: Հանրահավաքի ընթացքում տեղեկացանք, որ Ալավերդու քաղաքապետը փակել է ճանապարհը, որպեսզի Սարահարթի բնակիչները չիջնեն Ալավերդի` հանրահավաքի: «Եթե չգան` մենք կգնանք Սարահարթ», - ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նոյեմբերյանում, Լոռիում, Հայաստանում ընդհանրապես անհնար է չհիշել Վանո Սիրադեղյանին: Եվ ժողովրդի լսելիքը շոյվեց նրանից, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հիշեց իր ընկերոջը: Ժողովուրդը ծափահարեց իր որդու, իր գրողի, իր լոռեցու անունը լսելով: Առաջին նախագահն ասաց, որ «Վանո Սիրադեղյանը ոչ միայն Կոթի գյուղի, ոչ միայն ամբողջ Նոյեմբերյանի, Հայաստանի, այլեւ աշխարհասփյուռ հայության գրողն է: Հրանտ Մաթեւոսյանի եւ Աղասի Այվազյանի մահից հետո չունենք այդ` միջազգային մակարդակի գրող: Եվ նա այսօր դատապարտված է աքսորի: Նրա գրիչը չորացել է: Չորացրել են այդ երկու ավազակները»: Նոյեմբերյանցիներին նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրեց իր ընկերներին ընդհանրապես: Հրանտ Մաթեւոսյան, Հակոբ Հակոբյան, Տիգրան Մանսուրյան, Արտավազդ Փելեշյան, Ստեփան Դեմիրճյան, Արամ Սարգսյան, Գրիգոր Հարությունյան, Հովհաննես Հովհաննիսյան... իսկ Վանո՞ն. «Վանոն եղել է, կա ու միշտ կլինի իմ ընկերը: Իմ կողքին են նաեւ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը: Իսկ ովքե՞ր են գործող վարչապետի ընկերները. Թոխմախի Մհերը, Մխչյանի «մուկը», Չոռնի Գագոն, Նեմեց Ռուբոն, Ալափարսի Կովալը, Սերվիսի Անդոն...: Ահա այս թիմով մարդը ուզում է իշխել այս պատմական հողի վրա»: Հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեց գործող նախագահի եւ վարչապետի արածների մասին եւ ասաց, որ մասնավորապես` Նոյեմբերյանի եւ ընդհանրապես` Լոռու բնակիչներին «այս երկու ավազակները երկու «նվեր» են մատուցել. Ոսկեպարի դիրքերը զիջեցին ադրբեջանցիներին եւ այդ պատճառով ձեր ճանապարհը երկարեց 10-12 կմ-ով, իսկ երկրորդ նվերը Բագրատաշենի շուկայի փակումն էր: Սա էլ փակեցին, քանի որ այս մարդիկ չէին կարող թույլ տալ որեւէ բան առանց իրենց վերահսկողության: Նրանք ուզում էին վերահսկել այն երկու պարկ ալյուրը կամ շաքարավազը, որի միջոցով ձեզանից շատերը հոգում էին իրենց ընտանիքի հոգսը»: Բագրատաշենի շուկայի փակման պատճառով շատ նոյեմբերյանցիներ բռնեցին արտագնա աշխատանքի ճամփան: Լեւոն Տեր-Պետրոսյանը հայաստանյան իրավիճակը ներկայացնելուց հետո ասաց, որ ինքը իր քաղաքական թիմով գալիս է «վերացնելու, Հայաստանից քշելու այս բանդան, իսկ դրանց մի զգալի մասին տեղավորելու համապատասխան հիմնարկներում»: Բազմությունից մի տղամարդ գոչեց. «Նուբարաշենում»: Երկրորդ խնդիրը պիտի լինի հաստատել լիակատար օրինականություն, երրորդ խնդիրը` «իշխանությունը վերջապես դեմքով պետք է շրջվի դեպի մարդը»: Ի դեպ, երբ Արամ Սարգսյանը նկատեց, թե գործող վարչապետին թվում է` «որքան մեծ են նկարները, այնքան շատ են ձայները», եւ դեռ խոսում է արտոնյալներից, Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Այս նկարը (Սերժ Սարգսյանի նկարը.- խմբ.) ինքը չի կախել, ես եմ կախել: Մենք կախում ենք այս նկարները, որպեսզի այն ձեր մեջ լավ տպավորվի, մեծահասակները հիշեն Բերիային: Որպեսզի երեխաները տեսնեն, վախենան ու գնան տուն դաս սովորելու: Որպեսզի հանկարծ որեւէ մեկը չսխալվի ու այդ մարդուն ձայն տա»: Ալավերդիում մարդիկ պատմում էին, որ քաղաքային իշխանությունները փորձել են խոչընդոտել հանրահավաքի կայացմանը: Մի քանիսն ասացին , որ տաքսիով են եկել. «Ամեն գնով ուզում են խանգարել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Մեկ է, մենք իրեն ենք ընտրելու»: Ի հեճուկս քաղաքապետի եւ մյուս իշխանիկ-կատարածուների, հանրահավաքը կայացավ: Այսպես` իմացանք, որ Օձունի գյուղապետը, որը հայտնի է «Ալաբաշ» անունով, փորձել է արգելել ժողովրդին հանդիպման գնալ: Իսկ Օձունում այնքան մարդ կար, որ հանգիստ կարելի է ասել, որ ողջ Օձունն էր ներկա: «Օձունը նախատեսված չէր այս անգամվա մեր հանդիպումների ծրագրում, բայց «Ալաբաշի» շնորհիվ հայտնվեցի ձեր մոտ», - ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը` կարծես մյուս գյուղապետերին հասկացնելով, որ ժողովրդին արգելելով նրանք ոչնչի չեն հասնի, եւ առաջին նախագահը ինքը կհասնի իր ժողովրդի մոտ: «Դուք Գորբաչովի տանկերից չեք վախեցել, սրանցից ե՞ք վախենում: Պինդ եղեք, մի թույլ տվեք որեւէ բռնություն ձեր կամքի վրա», -ասաց առաջին նախագահը: ...Վանաձոր: Այստեղ հասանք գրեթե երկու ժամ ուշացումով, բայց ժողովուրդը այդ ցրտին կանգնել-սպասում էր իր նախագահին: Եվ ինչքա~ն ժողովուրդ: Հազարնե~ր: Այս հազարավոր խենթ լոռեցիք որոշել էին, որ առանց Լեւոն Տեր-Պետրոսյանին տեսնելու տուն չեն գնա: «Բա մեր նախագահին չտեսնե՞նք: Սերժը երազում էլ չի տեսնի էսքան ժողովուրդ, էս ցրտին իրեն սպասող», - ասաց մի կին: Այստեղ էլ նույն պրոբլեմներն են, ինչ Հայաստանի մյուս բնակավայրերում. գործազուրկներ, արտագնա աշխատանքի գաղութներ, դոլար-դրամ խաղերից դժգոհողներ, ավանդների փոխհատուցման անհույս սպասողներ... Ո՞ր մեկը թվեմ: Լեւոն Տեր-Պետրոսյանը վանաձորցիներին նույնպես ներկայացրեց իր ծրագրային որոշ կետեր, խոսեց արտաքին քաղաքական խնդիրներից, քաղաքական եւ տնտեսական հանցագործություններից, սոցիալական շատ խնդիրներից. նախագահի թեկնածուն ներկայացրեց նաեւ իր քաղաքական թիմը եւ ավելացրեց. «Ես մի քիչ կարող է առաջ ընկնեմ, լուրջ հիմքեր ունեմ ասելու, որ մեզ միանում են նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արթուր Բաղդասարյանը: Որովհետեւ սա ազատագրական պայքար է արդեն: Հարցը այսպես է դրված. կամ Հայաստանի տերը պիտի լինեն հայաստանցիները կամ էլ երկիրը եւս 10 տարի գտնվի թաթար-մոնղոլների իշխանության տակ»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |