|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Ավազակապետությունը» փաղաքշական ձեւակերպում է17:17 Yerevan | 13:17 GMT | Saturday 2 February 2008էմմա Գաբրիելյան Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը երեկ ամփոփեց նախընտրական քարոզարշավի տասնօրյակը եւ մատնանշելով բազմաթիվ օրինախախտումներ` փաստեց, որ դեպքերն ու փաստերը այնքան արտառոց են ու աղաղակող, որ նման պայմաններում խոսել ազատ ընտրությունների մասին ավելորդ է: «Ոստիկանությունը, հարկային տեսչությունը, մաքսային ծառայությունը, իրավապահ մարմինները սպասարկում են գործող ռեժիմին», -հայտարարեց Ա.Արզումանյանը: Որպես ասվածի հիմնավորում բերվեց 2007թ. դեկտեմբերի 4-ին Սերժ Սարգսյանի ընդունած որոշումը` ՀՀ կառավարության աշխատակազմում քաղաքացիների ընդունելության ընթացքում բարձրացված հարցերը բազմակողմանի ուսումնասիրելու, ներկայացված դիմում-բողոքները համակողմանի ու լիարժեք քննարկելու, այդ ոլորտում աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու եւ ՀՀ վարչապետին ամփոփ վերլուծական նյութեր տրամադրելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ: Վերոնշյալ խմբում ընդգրկված են պետական ծառայողներ, օրինակ` կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, վարչապետի ռեֆերենտ, ՀՀ քաղաքացիական ծառայության աշխատակազմի ընդհանուր բաժնի վարիչ եւ այլք: Ո՞րն է եզրակացությունը. այս խումբը, ըստ էության, Ս.Սարգսյանի նախընտրական շտաբին կից օղակներից մեկն է, -վստահեցրեց Ալեքսանդր Արզումանյանը, այն տեղակայված է Խորենացի 7 հասցեում, ունի թեժ գծի եւ քաղաքային երկուական հեռախոսահամարներ` 50-03-13, 50-03-14, մուտքի մոտ փակցված է` «ՀՀ կառավարության աշխատակազմ. Քաղաքացիների դիմում-բողոքների կատարման վերահսկողության բաժին. Ընդհանուր բաժին» ցուցանակը: Նշյալ աշխատանքային խումբը փաստացի ղեկավարում է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ Մարգարիտա Ազարյանը, խմբի աշխատանքների կոորդինացումն իրականացնում է վարչապետի ռեֆերենտ Արմեն Աբելյանի կողմից ղեկավարվող «խորհուրդը»: Աշխատանքային խումբը կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն, սակայն հիմնական աշխատանքը` ՄԻԱԿ-ի կողմից բերված դիմումների մշակումն է: Այսպես` մինչեւ 2008թ. հունվարի 29-ը ՄԻԱԿ-ի կողմից աշխատանքային խմբին են փոխանցվել մոտ 10 000 դիմումներ` ֆինանսական օգնության, աշխատանքի տեղավորման, բնակարանով կամ ժամանակավոր կացարանով ապահովելու, ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու, վիրահատության կամ բժշկական օգնություն ստանալու, բնակարանի գազաֆիկացման եւ գազատաքացուցիչներ տրամադրելու եւ այլ պահաջներով: Պարզվում է, որ ՄԻԱԿ-ի ներկայացուցիչների վրա դիմումներ ներկայացնելու «պլան» է դրված, քանի որ հանդիպում են նաեւ դիմումներ, որոնք գրված են նույն մարդկանց ձեռագրով ու ստորագրությամբ, եւ եղել են դեպքեր, երբ «դիմումատուները» խոստովանել են, որ ՄԻԱԿ-ից եկել են մարդիկ, խնդրել են, որ գրեն` ստիպված գրել են: Իսկ այժմ ուշագրավը` ՄԻԱԿ-ը աշխատանքային խմբին է փոխանցել նույնիսկ երկու դիմում, որոնցում դիմումատուները առաջարկել են Սերժ Սարգսյանին իր տեղը զիջել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ա.Արզումանյանի հավաստմամբ` դիմումների մեծ մասը բավարարվել է, ի դեպ, Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի ղեկավարը անձամբ երեկ զանգահարել է այդ աշխատանքային խմբի հեռախոսահամարով, ներկայացել է որպես երկրորդ կարգի հաշմանդամ, որին էլ անմիջապես հրավիրել են` Խորենացի 7 հասցեով, որպեսզի տրամադրեն դիմումի ձեւը: Վերոհիշյալ փաստերը Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբը տրամադրելու է ԵԽԽՎ-ի եւ ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելություններին: Ա.Արզումանյանը` Ս.Սարգսյանի շտաբներում մշակված մի ձեւաթղթի մասին էլ ահազանգեց, որոնք ծառայում են քաղաքացիների անձնագրային եւ այլ տվյալները լրացնելուն` քվեարկության ժամանակ կեղծիքներ կատարելու նպատակով. այս գործը ստանձնել եւ պատասխանատվություն են վերցրել պետական պաշտոնյաներ, թաղային հեղինակություններ, օրենքով գողեր, դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ եւ այլն: «Այս ամենը բավարար է փաստելու համար, որ ի սկզբանե ընտրությունները կեղծված են. սա ընտրակաշառքի բաժանման պետական մեխանիզմ է, սա արտառոց երեւույթ է», - նկատեց Ա.Արզումանյանը հավելելով, որ «ավազակապետություն» որակումը, նույնիսկ, փաղաքշական է նման իշխանությունների համար: Արդեն կեղծված ընտրությունների պարագայում Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը ինչպե՞ս է տեր կանգնելու ձայներին, հետաքրքրվեց լրագրողը. «Ձեւավորվել է համաժողովրդական Շարժում. ցանկացած դիկտատուրայի ողնաշարը կոտրվում է ժողովրդի ճնշման ներքո, որեւէ դիկտատուրա չի կարող դիմանալ համաժողովրդական ցասմանը: Մենք հաղթել ենք 1990թ. խորհրդարանական ընտրություններում սովետական օրենսգրքով, սովետական հանձնաժողովներով, Կոմունիստական կուսակցության վերահսկողության ներքո... ժողովուրդը ջախջախիչ հաղթանակ է տարել: Մենք կհաղթենք Սերժ Սարգսյանին, իր ավազակային խմբավորումներով` ժողովրդի կամքով, ի հեճուկս իրենց ավազակապետական գործողությունների», - վստահեցրեց Ա.Արզումանյանը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |