|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Խոսալ էլ չգիտի...»17:09 Yerevan | 13:09 GMT | Saturday 2 February 2008Մարինե Խառատյան Երեկ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ համայնքներում կազմակերպվել էին ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումները: Առաջինը` Մալաթիա-Սեբաստիա համայնքում էր, ուր Զորավար Անդրանիկի անվան հրապարակը մարդկանցով լցնելուց հետո Սերժ Սարգսյանին դիմավորեցին ՀՀ ոստիկանության քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը եւ ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ), որը ոչ միայն Սերժ Սարգսյանի երկրպագուն է, այլեւ, որոշ տեղեկություններով, շաքարավազի, ալյուրի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների մենաշնորհային բիզնեսները կիսում է նրա հետ: Ներսես Նազարյանն էլ հայտնի է ընդդիմության երթերը ծեծուջարդի վերածելու ունակություններով: Մալաթիայում շատ էին դպրոցականները, որոնց վստահված էր պլակատներն ու դրոշակները թափահարելու ու ժամանակ առ ժամանակ «առաջ, Հայաստան» գոռալու պատասխանատու գործը: Հանդիպեցինք թիվ 89, 91 դպրոցների աշակերտներին, որոնք ձեռքներին դրոշներ ունեին: Նշենք, որ երեխաները առանց հասկանալու ու անտեղի էին գոռում` երբեմն խլացնելով Սերժ Սարգսյանի ձայնը: Ոմանք էլ մեկումեջ «Լեւոն-Լեւոն» էին գոռում ու նայում շուրջը: Ինչպես պարզեցինք, դրոշակները երեխաներին բաժանել էին դպրոցում ու ուղարկել հրապարակ: Ուսուցիչներն ու բուժաշխատողները Սերժ Սարգսյանի հանդիպումների պարտադիր մասնակիցներն են. այս անգամ էլ նրանց աշխատանքի վայրից հրապարակ էին «գործուղել»: Հանդիպեցինք նաեւ Մալաթիայի տոնավաճառի աշխատակիցներին, որոնք, սակայն, խուսափեցին ներկայանալ: Հավաքվածներին հարցուփորձ անելով` պարզեցինք, որ Սերժ Սարգսյանի շտաբի աշխատակիցները տնից տուն են ընկել, մարդկանց համոզել, բերել են հրապարակ: Մալաթիայում Սերժ Սարգսյանը գրեթե նույնությամբ կրկնեց նախօրեին Աջափնյակում ունեցած ելույթը, միայն թե` ավելի վատ արտասանությամբ: «Խոսա, խոսալ չգիտի», - թեկնածուի խոսքի անհարկի ընդմիջումներին բացականչեց մի դպրոցական: «Պրոմըխներից» խուսափելու համար Սերժ Սարգսյանը, թերեւս, ճիշտ կանի ֆոնոգրամա օգտագործի. մի քանի ելույթ նորմալ ձայնագրի ու պարբերաբար հնչեցնի, ինչպես օրինակ` նրա վարձու երգիչներն են ֆոնոգրամաներով երգում: Երբ Սերժ Սարգսյանի 20 րոպեանոց ելույթից հետո փորձեցինք հավաքվածներից տեղեկանալ, թե ստացա՞ն իրենց հուզող որեւէ հարցի պատասխան. մեկը չեղավ, որ կոնկրետ ասեր, թե իրեն հուզող այսինչ հարցի պատասխանը ստացել է: «Չէի լսում», «Ես կեսից եկա», «Ոչ մի բանի էլ չանդրադարձավ», - եղան զրուցակիցներիս պատասխանները: ՀՀԿ թեկնածուն թերեւս չի պատկերացնում, թե իր ելույթները «Հայլուրը» ինչ հետեւողականությամբ է եթեր տալիս ու մարդկանց գոնե հետաքրքիր չէ անընդհատ նույն բանը լսելը: Այնպես որ, լսարանի հետ նրա կապը չի ստացվում: Օրինակ` Մալաթիայում Սերժ Սարգսյանը իր ելույթի հիմնական մեխը դարձրեց իբր ղարաբաղցիներով կառավարություն կազմելու` իր դեմ ուղղված մեղադրանքներին հակադարձելը ու մի ամբողջ գլուխ նվիրեց դրան` հերթական անգամ կրկնելով, թե ինքը հաշվի չի առնում մարդու ծագումնաբանությունը, այլ մարդկանց հավաքում է` հաշվի առնելով մարդկային ու մասնագիտական որակները: Այստեղ էլ ոմանք հիշեցին «Լֆիկ Սամոյի», Հովիկ Աբրահամյանի` «Մուկի», Անդրանիկ Մանուկյանի, Սաշիկ Սարգսյանի, Ալրաղացի Լյովի, Չոռնի Գագոյի ու նրա շրջապատի մյուս կարկառուն ներկայացուցիչների «մարդկային ու մասնագիտական» բարձր, գրեթե անհասանելի որակները: Ինչպես բոլոր տեղերում, այստեղ էլ Սերժ Սարգսյանին խրձով նամակներ էին փոխանցում, վերջինս իրեն ամենակարողի տեղ դրած, ժպիտով վերցնում էր դրանք ու խոստանում լուծում տալ խնդիրներին: Սերժ Սարգսյանը նաեւ հայտարարեց, թե երբեք չի խուսափել պատասխանատվությունից, որ «դեռեւս մեր երկրում կան աղքատներ, հոռի երեւույթներ»` իրեն պատասխանատու համարելով դրանց համար, միեւնույն ժամանակ նշելով, որ «կյանքը կամաց-կամաց լավանում է»: Շենգավիթ համայնքում ՀՀԿ թեկնածուին սպասում էին տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները, ինչպես նաեւ «Նաիրիտի» կոլեկտիվը: Ի դեպ, «Փեթակ» տոնավաճառի աշխատակիցները նույնպես այնտեղ էին: «Շեֆն ա ասել, որ գանք», - մեզ հետ զրույցում ասաց նրանցից մեկը: Հիշեցնենք, որ Էրեբունու համայնքի հետ Սերժ Սարգսյանի հանդիպմանը «Փեթակ» տոնավաճառի աշխատակիցները եւս պարտադիր ներկա են եղել, այն էլ` հետները եւս 10-ական հոգի բերելու պայմանով: Շենգավիթի հիվանդանոցների, պոլիկլինիկաների աշխատակիցները, ինչպես նաեւ դպրոցականներն ու ուսուցիչները պարտադիր ներկաների ցուցակում էին: Դրոշակակիրներն էլի դպրոցականներն էին: «Այսպիսի հանդիպումները ինձ ոգեւորում են: Ձեր մասնակցությունը իրոք ոգեւորող է», - հավաքված բազմությունը տեսնելով` հայտարարեց Սերժ Սարգսյանը, ինչին կողքիս բուժաշխատողները քմծիծաղով պատասխանեցին: Թեկնածուն խոստացավ, որ երբեք չի անի քայլեր, որ «դուք` իմ ընկերները, իմ մերձավորները առիթ ունենաք ամաչելու»: Պարտադրանքով գործից կտրած ու Գարեգին Նժդեհի հրապարակ բերած ժողովրդին ՀՀԿ թեկնածուն հայտարարեց, թե «թույլ չի տա ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հետընթաց Հայաստանում»: «Իրեն մտքերը ազատ, անկաշկանդ արտահայտող մարդը պետք է լինի մեր հասարակության մեջ հարգելի մարդ», - բացատրեց Սերժ Սարգսյանը: Այնուհետեւ Հայաստանի արտաքին պարտքը համեմատեց Թուրքիայի ունեցած պարտքի հետ ու տեսավ, որ մերը ավելի քիչ է: «Իմ հաշվարկները ամբողջովին համընկնում են իմ ցանկությունների հետ», - խոստովանեց Սերժ Ազատիչը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծական«Շվեդական մոդելի» էությունըՀայտնի է, որ Արեմտյան Եվրոպայում զանազան սոցիալական ծրագրերը վերջին տասնամյակների ընթացքում խոշոր հարկային բեռի են հանգեցրել... ՔաղաքականԻշխանության քիլերը«Հատուկ միջոցներից մեր ոստիկանությունը իրավունք ունի օգտագործել պաշտպանական վահան, դուբինկեք, որ կան, ջրցան մեքենա...»... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |