|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Երբ զատելու վրա լրացուցիչ ժամանակ չի ծախսվի17:07 Yerevan | 13:07 GMT | Saturday 2 February 2008Արամ Ամատունի Դատելով իշխանական եւ սոցիոլոգիական ճամբարներից եկող արձանագրություններից ու հայտարարություններից, ինչն ըստ էության նույնն է, կարելի է եզրակացնել, որ նախագահական ընտրությունները մեկ փուլով ավարտելու մասին որոշումը գրեթե կայացված է եւ անգամ հայտնի է մոտավոր տոկոսը, որ ծրագրվում է գրել իշխանական թեկնածու Սերժ Սարգսյանի անվան դիմաց: Այդ ցուցանիշը տատանվում է 55-70 տոկոսի սահմանում: Օրինակ` Գալուստ Սահակյանն ասում է, որ ակնկալում են 60-65 տոկոս, միավորված կոմունիստ Յուրի Մանուկյանը խոսում է 70 տոկոսի մասին, իսկ Ահարոն Ադիբեկյանն էլ մարզերում Սերժ Սարգսյանի համար «հավաքել» է 67 տոկոս ձայն: Սակայն առաջին փուլի այդ ակնարկալից դրսեւորումների մեջ կարծես թե կա փոքր-ինչ խորամանկություն: Այսինքն` իշխանությունները կարծես թե ամեն կերպ, մարմնի բոլոր մասերով վկայելով առաջին փուլում հաղթելու վստահության եւ պատրաստակամության մասին, իրականում ամեն ինչ անում են երկրորդ փուլի նախապատրաստության համար: Որն է խնդիրը: Թերեւս այն, որ խոսելով առաջին փուլի մասին, ներկայացնելով սոցիոլոգիական եւ նոստրադամուսական տվյալներ, հավաստիացնելով, որ ունակ են միափուլ հաղթանակի, իշխանություններն այդպիսով փորձում են արդարացնել իրենց թեկնածուի ընդամենը երկրորդ փուլ դուրս գալը: Դա էլ հետագայում որպես ընդդիմության հաղթանակ ներկայացնելու ակնկալիքով: Իրականում ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն իր իրական վարկանիշով ոչ միայն չի կարող առաջին փուլում հաղթել, այլ նույնիսկ երկրորդ փուլ անցնելու հավանականությունն ուղղակի զրոյին մոտ է: Հետեւաբար անհրաժեշտ է լինելու հենց առաջին փուլում զանազան կեղծիքներով ապահովել նրա երկրորդ փուլի ուղեգիրը: Դե իսկ առաջին տեղով երկրորդ փուլ դուրս բերելու համար, Սերժ Սարգսյանի թիմը պետք է չափից շատ կեղծի: Եվ ահա հենց այդ կեղծիքների համար են առաջին փուլի հավաստիացումներն ու երդումները: Բանն այն է, որ իրականում ստեղծելով տպավորություն, որ գնալու են ամեն ինչ միանգամից լուծելու ճանապարհով, իշխանությունները հետո այդ լույսի ներքո երեւալու են ժողովրդավարական թիկնոցով, ասելով, որ ահա ընտրություններն այնքան արդար էին անցել, որ մեկ փուլով հաղթելու իրենց կանխատեսումները չիրականացան, եւ իշխանությունը, չնայած իր ցանկությանը, ստիպված է գնալ երկրորդ փուլ, որովհետեւ այդպիսին է հասարակության կամքը: Թերեւս ահա այդ տպավորության համար է առաջին փուլի մասին այս ակնարկների ու հավաստիացումների ծաղկաբույլը, որին ականատես ենք լինում խորհրդարանի ընտրությունից ի վեր: Սակայն իշխանությունն ինքն էլ հասկանում է, որ խնդիրը ոչ թե առաջին փուլում հաղթելն է, այլ հենց առաջին փուլում Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը թույլ չտալը: Իսկ դրա համար հենց նրանց համար անհրաժեշտ է երկրորդ փուլը, որպեսզի լինի ընդդիմության մյուս կուսակցությունների, ինչպես նաեւ իշխանական մյուս թեկնածուի, ընդդիմադիր կերպար ընդունած Դաշնակցության հետ պայմանավորվածության հնարավորություն: Եվ ինչպես նկատելի է, իրադարձությունները գնում են հենց դրան: Ընդ որում` այդ գործընթացում իշխանությունները կարծես թե խաղում են ապահովագրության երաշխիքով: Ինչ է կատարվում: ՀՀԿ ոչ պաշտոնական խոսնակ Գալուստ Սահակյանը հայտարարում է, որ երկրորդ փուլում Դաշնակցության կողմից սատարումի հարց չեն էլ քննարկել, քանի որ երկրորդ փուլի խնդիր չկա էլ: Մյուս կողմից, նույն Սահակյանը հայտարարում է, որ երկրորդ, երրորդ տեղերը շատ թանկ են եւ գնում է պայքար դրանց համար, ու տալիս է Արթուր Բաղդասարյանի եւ Գեղամյանի անունը: Մինչդեռ, եթե չկա երկրորդ փուլի խնդիր, ապա երկրորդ եւ երրորդ տեղերի խնդիրը ինքնաբերաբար վերանում է: Դրանք կարեւորություն են ստանում միայն երկու փուլով ընտրության դեպքում, այն իմաստով, որ երկրորդ տեղ գրավածը ինքնին դուրս է գալիս եզրափակիչ, իսկ երրորդ տեղն էլ դառնում է եզրափակչի երկու մասնակիցների համար աջակցության զգալի աղբյուր, եւ այդպիսով ձեռք է բերում կարեւորություն: Այլ կերպ ասած` Գալուստ Սահակյանը հենց իրականում մատնում է երկրորդ փուլի մտադրությունը, եւ բացահայտ առաջարկ է անում Արթուր Բաղդասարյանին եւ Արտաշես Գեղամյանին` ասելով, թե երկրի կայունությունն է որոշելու նախարարական պորտֆելների պատկանելությունը: Այսինքն, եթե այդ գործիչներն իրենց կուսակցություններով հայտնեն կայունությանը սատարելու պատրաստակամություն, ապա նրանցից մեկը կարող է հայտնվել երկրորդ փուլում, իսկ մյուսն էլ երրորդ տեղում, եւ ըստ էության նշանակություն էլ չի ունենա, թե երկրորդ փուում երրորդ տեղն ում կսատարի: Այդ տարբերակը իշխանությունը թերեւս մշակել է ի հակադրություն Դաշնակցության պահվածքի, որովհետեւ այդ կուսակցությունը, ինչպես միշտ է եղել, նաեւ այս անգամ կարող է լինել անկանխատեսելի, եւ ինչ-որ պահի Դաշնակցության թեկնածու Վահան Հովհաննիսյանը կարող է եւ սեփական խաղը փորձել խաղալ, իհարկե` իր կուսակցության աջակցությամբ: Հատկապես, որ խաղը ենթադրում է Դաշնակցությանը առավելագույնը մղել ընդդիմության դաշտ, որպեսզի ամեն ինչ լինի հավաստի: Եթե պետք է, ապա դրա համար նույնիսկ կարելի է դաշնակցությանը կծու խոսքեր ասել ՀՀԿ ճամբարից: Սակայն դա կարող է իրավիճակը դուրս բերել հսկողությունից, եւ շարքերն այլեւս կարող են ոչ թե կատարել վերեւի սցենարը, այլ ուղղակի թելադրել իրենց կամքը վերեւներին: Ի վերջո թարմ է «Բարգավաճ Հայաստանի» օրինակը, երբ հազիվ հնարավոր եղավ հանգել ներիշխանական պայմանավորվածության եւ կանխել շարքերի պատերազմը, որն անխուսափելիորեն հանգեցնելու էր վերեւների բախման: Թեեւ, իհարկե, դեռ ամենեւին էլ վերջացած չի կարելի համարել ԲՀԿ-ՀՀԿ ներքին հակասությունը, առնվազն դրա պաշարի առկայությունը: Հետեւաբար գոնե Դաշնակցության առումով իշխանությունը պետք է ձգտեր չկրկնել նույն սխալը, ինչից հազիվ խուսափեց ԲՀԿ դեպքում: ՀՅԴ-ն ԲՀԿ չէ, այնտեղ կան հավատավոր գաղափարակիրներ, որոնք կարող են եւ չմտածել, չկշռադատել` համարելով, որ իրենց փոխարեն մտածել ու կշռադատել են 117 տարի առաջ, այլ հարց է` ճի՞շտ, թե՞ սխալ: Այսինքն` որքան էլ որ Դաշնակցությունը ՀՀԿ համար դիտվում է որպես «անտեսանելի ճակատի մարտիկ», այնուամենայնիվ մնալ միայն Դաշնակցության հույսին, ինչ խոսք, իշխանության համար վտանգավոր է, իսկ ահա երբ դրան հակակշռեն ՕԵԿ-ով ու «Ազգային միաբանությամբ», ապա Դաշնակցությունը ոչ միայն չի մտածի երկու փուլի, այլ բացի երկու պորտֆելից, ուրիշ որեւէ բանի մասին այլեւս չի մտածի: ՀՀԿ առաջարկները փաստացի այդպիսով արված են, եւ այժմ պատասխանի հերթը երեքինն է, թե ով ավելի հնազանդ կգտնվի եւ ով ավելի խոնարհության երաշխիքներ կտա: Առավել եւս, որ այդ երեքին, տարբեր կոնֆիգուրացիաներով, կարող են միանալ այլ թեկնածուներ եւ ոչ թեկնածուներ: Ինչ խոսք, դժվար է ասել, թե այդօրինակ սցենարը որքանով է հեշտացնելու իշխանության գործը վերարտադրության ճանապարհին, բայց որ ժողովրդի գործը դրանից շատ ավելի կհեշտանա, դա կարծես թե տեսանելի է անզեն աչքով, քանի որ գուցե կարիք էլ չի լինի ցորենը զատել որոմից, եթե դրանք զատվեն ինքնըստինքյան: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |