“Zhamanak” Armenian-American Political Daily

Ընտրություն` ձեռքբերման եւ կորստի միջեւ

17:06 Yerevan | 13:06 GMT | Saturday 2 February 2008

Արմեն Կիրակոսյան

Վերջապես` 1999թ. հետո, հասարակությունը վերադարձավ քաղաքական դաշտ: Նկատի ունեմ լուրջ հայտ ներկայացվեց իշխանությունը վերցնելու:

Մինչ այդ, թող ներվի ասածս, իշխանափոխության բոլոր փորձերը կամ քաղաքական հաշվարկի պակասի արդյունք էին, կամ համապատասխան կամքի պակասի կամ, որ առավել տխուր է, տարրական առեւտրի հետեւանք:

Այսպիսով ինչ ունենք ընտրություններից առաջ.

ա) Հայաստանը գտնվում է խորը հոգեբանական ճգնաժամում, շարունակում է գլորվել իրադարձությունների ետեւից, պարզապես դուրս մնալով տարածաշրջանում կատարվող պրոցեսներից, ավելին հաճախ հակառակվում է գործող զարգացումներին, վտանգված է Հայաստանի պետականության գոյությունը.

բ) Առաջին նախագահը ձեւավորեց ընդդիմադիր բեւեռ` ի հակակշիռ իշխանության, որը հնարավորություն կտա ժողովրդին ընտրություն կատարել:

Բազմիցս «վարդագույն» երանգներով հիմնավորվել է գործող ռեժիմի կողմնակիցների կողմից նրանց վերարտադրվելու անհրաժեշտությունը:

Եվ հակառակը` ռեժիմի հակառակորդները հիմնավորում են բոլոր վտանգները, եթե չասեմ արհավիրքը, որ սպասում է մեզ բոլորիս` գործող իշխանության վերարտադրվելու պարագայում:

Կարծում եմ` ոչ մեկը, հատկապես կուսակցություններն ու նրանց առաջնորդները չպետք է բացառեն այն տարբերակը, որ փետրվարի 20-ին կարող է հայտնաբերվի, որ իշխանությունը օգտագործեց (այս էլ որերորդ անգամ) հսկայական ֆինանսական եւ ադմինիստրատիվ ռեսուրսները, ուժային կառույցների հնարավորությունները, հերթական անգամ կեղծեց ընտրության արդյունքները ու ծնեց մի նոր-նախորդ իշխանություն:

Իսկ ինչ կարող են այս ամենին հակադրել գործող ռեժիմին դեմ ուժերը: Ոչինչ: Եթե չդրսեւորվի համապատասխան հետեւողականություն ու կամք` ժողովրդի ձայներին տեր կանգնելու համար:

Առաջին հանրապետության ստեղծվելուց հետո հայ ժողովուրդը տասնյակ անգամ կարող էր կորցնել իր անկախությունը, եթե չասեմ ավելի մեծ արհավիրքներ ապրեր: Էդպիսի վտանգներ ունեցել ենք նաեւ մեր երրորդ հանրապետության նորագույն պատմության կարճաժամկետ ընթացքում:

Էդպիսին էր առաջին հերթին Հոկտեմբերի 27-ը:

Ըստ իս կա մի շատ կարեւոր հանգամանք, որ լակմուսի թղթի պես ցուցանում է թեկնածուի պատկերացումը Հայաստանի հետագայի մասին:

Թեկնածուներից եւ ոչ մեկը, բացի առաջին նախագահից, չի խոսում հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման մասին, հավանաբար բավարարված լինելով արդարադատության արդյունքից: Իմ խորին համոզմամբ` մինչեւ մեր ժողովուրդը չփարատի բոլոր կասկածներն ու հարցականները կապված այս գործի հետ` չի կարող ազատվել այս արդեն պատմության գիրկն անցած բեռից, ինչպես չի կարող մոռանալ եւ թոթափել 20-րդ դարի եղեռնագործությունները: Իսկ այս հանգամանքն անընդհատ մեզ ստիպելու է ետ նայել եւ ծանր բեռ է լինելու ոչ միայն մեր, նաեւ մեզանից հետո եկող սերունդների համար: Եթե մենք արդար գնահատական չստանանք ու վերջակետ չդրվի «հոկտեմբերի 27»-ի պետական հեղաշրջմանը, ստիպված կլինենք պարբերաբար հայտնվել նույն վիճակում, եւ այս բեռը անընդհատ կխոչընդոտի մեր ընթացքը:

Պետության կորուստը չի լինում միայն օտար այրուձիու սմբակների հետեւանք. այն կարող է լինել սեփական կառավարողների տգիտության, գավառամտության, եթե չասեմ դավաճանության արգասիք: Ինչը բազմիցս տեսել ենք մեր պատմության ընթացքում:

Եվ պետության կորստի գիտակցությունն անհրաժեշտ է, որովհետեւ դա կոչում է պատասխանատվության, սա էլ իր հերթին, հուսով եմ, կստիպի շատերին մի կողմ դնել անձնական շահերն ու ամբիցիաները, վախն ու անտարբերությունը: Համենայնդեպս ճգնաժամային իրավիճակներում ունենալով բանիմաց առաջնորդ` ժողովրդին կբերի հաղթանակների, էդպիսին էր, օրինակ, Ղարաբաղյան պատերազմը: Թեեւ կարող եմ բերել նաեւ հակառակ օրինակը` երբ մեր քաղաքական էլիտան ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, մեղմ ասած, չկողմնորոշվեց 1920 թվականի գարնան ու հետագա իրադարձությունների ընթացքում, երբ Թուրքիայում Քեմալը, իսկ Ադրբեջանում մուսաֆաթականները հանուն ազգային շահի մեկ օրում «հագան» Ռուսաստանից ստացած բոլշեւիկի բուդյոնովկան, ինչը հայերս արեցինք բազում կորուստներ ունենալուց հետո, պարտադրաբար, կորցնելով Առաջին հանրապետությունը:

Կարծես պատմությունը կրկնվում է, ու մեր այսօրվա քաղաքական էլիտան զբաղված է նույն մտավարժանքներով` «ազգի փրկության սեփական ուղին» նշելով, խճճված ինչ-ինչ պայմանավորվածությունների եւ կամ ոչ վաղ անցյալի նեղսրտածության մեջ:

Նախընտրական խաղի կանոնները պարտադրում են որոշ թեկնածուների քննադատել գործող իշխանությանը: Համենայնդեպս այդ դերը ատանձնել են եւ էդպես են ներկայանում:

Բայց նրանցից եւ ոչ մեկը թող չկարծի, թե այս անգամ էլ «հերթական պարտությունը կրելով» նախագահականում` անձնապես հաղթանակած են ելնելու այս մարտից: Որովհետեւ սա հերթական-շարքային իրենց իմացած ընտրությունը չի լինելու, այլ ընտրություն Հայաստանում պետականության վերականգնման ու Էրիվանի գավառի կամ Շիրվանի խանության հաստատման միջեւ:

Եվ այդ խանությունում ոչ միայն իրենք, այլեւ շատ «կուսակցական հեղինակություններ» տեղ չեն ունենալու, եթե ունենան էլ` կլինեն տասներորդական դերերում, ըստ խանի ճաշակի:

Արխիվ
Վերլուծական

Երկնքից երեք խնձոր կորավ

Եվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր:

Քաղաքական

Մտովի նրանց կենացը կխմենք...

Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով...

Աշխարհ

Փափկամազիկ ժողովրդավարություն

2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.