“Zhamanak” Armenian-American Political Daily

Ասենք` մի նախագահի թեկնածու

16:52 Yerevan | 12:52 GMT | Saturday 2 February 2008

Գայանե Բաբայան

Երեկ «Տեսակետ» ակումբում ասուլիս էր հրավիրել նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը, սակայն ասելու բան համարյա չուներ, բացի այն, որ ինքը մի օր առաջ էլ հանդիպել է կանանց հետ եւ հաճելի է եղել, «մանավանդ որ, ասենք` դրանք հաճելի կանայք էին, կայացած կանայք էին, գեղեցիկ կանայք էին...բայց ասենք` իրենց ավելի շատ մտահոգում էր երկրում տիրող մթնոլորտը, նախագահի ընտրությունները, ես իհարկե կիսում էի այդ մտահոգությունները...»:

Պրն Հարությունյանը, ինչպես տեսանք, իր ասելիքը առատորեն համեմում էր «ասենք» բառով, որպեսզի, հավանաբար, լրագրողները լավ հասկանան իր ասելիքը եւ ծտի թեւով հասցնեն ժողովրդին, որպեսզի ժողովուրդը ընտրի իրեն, ու նախագահ դառնա այն մարդը, որը երեւում է մի քանի տարին մեկ եւ այն էլ` միայն ու միայն նախագահ դառնալու ակնկալիքով:

Եվ ինչպես միշտ եղել է իր տիպի մարդկանց մոտ` պրն Հարությունյանն էլ ատում է առճակատումը, այդ առումով ասում է. «Գտնում ենք, որ բոլոր հարցերը երկրի առաջ ծառացած, պիտի լինեն ազգային համաձայնության մթնոլորտում, առանց բախումների...նախագահի թեկնածուները քարոզարշավը պիտի չիջեցնեին փոխադարձ վիրավորանքների մակարդակի...»: Ստացվեց այսպես, որ ասենք` ինքը սկզբունքային է, ասենք` գաղափարական է, ասենք` ինքը փող աշխատելու նպատակ չունի այս ընտրություններում, ինչպես ասենք` Ահարոն Ադիբեկյանը, որի դեմ ինքը բողոքավոր էր, որ ասենք` նա իր սոցիոլոգիայով, ասենք` իրեն զրո ամբողջ, զրո-զրո...մի քանի տոկոս ձայն տալով էր մարգարեացել... Իսկ ինքը, ասենք, հետեւյալ կարծիքին է քարոզարշավի լուսաբանման մասին, ասենք` իրեն դուր են գալիս ավելի շատ հեռուստաընկերությունների օբյեկտիվությունը, քան որոշ «տպագիր մամուլի», որոնք «իրենց սիրո առարկան ունեն»: Պարզվեց նաեւ, որ ասենք` «Ազգային համաձայնություն» կուսակցությունը այն կուսակցությունն է, որ ասենք` գաղափարի հետ կապված պրոբլեմներ չունի, ոչ էլ ասենք` ամբիցիաների, բայց ասենք` սկզբունքը այն է, ինչն, ասենք, պրն Հարությունյանի համար ամենակարեւորն է:

Պրն Հարությունյանը կարծում է, որ եթե անցյալ նախագահականում իր ձայները չկեղծվեին...Իր ձայները, ասենք, ըստ իր ասածի` կեղծվել են անվերջ, որովհետեւ եթե մի տեղ 100 ձայն է ունեցել ու 0 են գրել, ապա մաթեմատիկայով եթե շարժվելու լինենք, 100-ը բաժանած 0-ի` հավասար է անվերջի: Այն հարցին, որ եթե այս անգամ էլ կեղծվեն հնարավո՞ր է, որ նա միանա մյուս` բողոքավոր թեկնածուներին:

Պրն Հարությունյանը, ասենք, չի կարծում, որ ընտրությունները կկեղծվեն, իսկ թե ինքը ի՞նչ դիրքորոշում կբռնի, ասենք, դա ցույց կտա ժամանակը, իր գաղափարները եւ հատկապես սկզբունքները:

Արխիվ
Վերլուծական

Երկնքից երեք խնձոր կորավ

Եվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր:

Քաղաքական

Մտովի նրանց կենացը կխմենք...

Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով...

Աշխարհ

Փափկամազիկ ժողովրդավարություն

2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.