|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Նվիրյալներից մեկը16:50 Yerevan | 12:50 GMT | Saturday 2 February 2008 Նախորդ դարի 60-ական թվականներին Խորհրդային Հայաստանում ձեւավորվեցին եւ ընդհատակյա գործունեություն ծավալեցին հայրենասիրական տարբեր խմբեր: Դրանցից էր 1966-ին հիմնադրված Ազգային միացյալ կուսակցությունը (ԱՄԿ), որի անդամները դաժան հալածանքների ու զրկանքների ենթարկվելով, բանտերի ու աքսորի միջով անցնելով` շուրջ երկուսուկես տասնամյակ պայքարեցին Հայաստանի անկախության համար: Նրանցից ոմանք զոհվեցին պայքարի ճանապարհին, ոմանք` ազատազրկման վայրերից վերադարձան սովետական բանտապահների դաժանություններից ու խոշտանգումներից քայքայված առողջությամբ... Մարզպետ Հարությունյանն այդ նվիրյալներից էր. նա ԱՄԿ հիմնադիրներից Շահեն Հարությունյանի եղբայրն է եւ անմիջական մասնակցություն է ունեցել ընդհատակյա պայքարին, աջակցել 1977-ին հիմնադրված Մարդու իրավունքների պաշտպանության հայկական Հելսինկյան կոմիտեի ստեղծմանը: 1979-80թթ.-ին Մարզպետ Հարությունյանը նախաձեռնեց ու իր համախոհների հետ ստեղծեց Հայ երիտասարդական միություն (ՀԵՄ) կազմակերպությունը, որը հանդես եկավ որպես ԱՄԿ երիտասարդական կառույց: Նա` իր ընկերների հետ ձերբակալվեց եւ Պերմի խորհրդային համակենտրոնացման ճամբարներում անցկացրեց 7 տարի: Ռոստովի բանտում նրան դաժան ծեծի էին ենթարկել չորս սպաներ` կոտրելով կողոսկրը, որը վնասել էր թոքը: 1987թ.-ին ազատազրկումից վերադարձավ քայքայված առողջությամբ ու հարկադրաբար հեռացավ Խորհրդային Միությունից` հաստատվելով ԱՄՆ-ում, որտեղ էլ 13 տարի անց, 59 տարեկան հասակում կնքեց իր մահկանացուն: Հայաստանի անկախական-այլախոհական շարժումն աչքի է ընկել վառ ու ինքնատիպ գործիչներով, սակայն Մարզպետ Հարությունյանն իր գործելաոճով էապես առանձնանում էր: Նրան բնորոշ էին արագ կողմնորոշումը, դժվարին ու բարդ իրավիճակներում անսպասելի լուծումներ գտնելը, բնատուր կոնսպիրատիվությունն ու հակառակորդին հավասարակշռությունից հանելու կարողությունը: Պատահական չէ, որ դատավարության ժամանակ սովետական մեղադրողը, այլ ելք չգտնելով, նրան մեղադրանք ներկայացրեց որպես «կազմակերպության ոգի»: Սա աննախադեպ ու չլսված մեղադրանք էր, բայց միաժամանակ նաեւ` Մարզպետ Հարությունյանի կերպարը բնութագրող: Մամուլում առիթ եղել է ներկայացնել նրա գործելաոճի այն դրվագներից մեկը, երբ բնակարանի խուզարկության ժամանակ, կուսակիցներին փրկելու համար, հենց չեկիստների աչքի առջեւ կերել էր կուսակցության գաղտնագիրը:
Փետրվարի 2-ին լրանում է Մարզպետ Հարությունյանի մահվան 7-րդ տարելիցը: Նրա բանտային ընկերը` ակադեմիկոս Յուրի Օռլովն այսպես է հիշում նրան. «Ես այցելեցի նրան հիվանդանոցում: Նա արդեն դժվարությամբ էր խոսում. նա ցավերի մեջ էր. նա մահանում էր: Բայց նրա վեհանձնությունը, նրա ընկերասիրությունը եւ Հայաստանի ճակատագրի հանդեպ նրա մշտարթուն մտահոգությունը մնացել էին նրա հետ»: Մահճի շուրջ հավաքված իր մտերիմներին ասած նրա վերջին խոսքերն էին. «Ես մահից չեմ վախենում. վախենում եմ, որ Հայաստանից այլեւս լուրեր չեմ լսելու»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |