|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Երգով ապրելու միակ ձեւը16:47 Yerevan | 12:47 GMT | Saturday 2 February 2008Մարինա Բաղդագյուլյան Արմեն Ալավերդյանի մասին կոնսերվատորիայի դասախոսներն ասում էին, որ նա աշխարհահռչակ ջութակահար է դառնալու: Քսաներկու տարեկան Արմենն էլ այդ էր երազում: Բայց ընդամենը կես ժամվա ընթացքում բոլորովին այլ ճակատագիր որոշվեց, թե` ճակատագիրը այլ կյանք որոշեց... հասարակ մահկանացուի իմանալու բանը չէ: Բժիշկներն էլ չհասկացան, թե ինչու, ինչ պատճառով կես ժամվա ընթացքում երիտասարդ տղայի ոտքերը հաշմվեցին: «Տասնհինգ տարի կյանքի ու մահվան պայքարի մեջ էի», - հիշում է Ալավերդյանը: Ասում է, որ իր անունը Գինեսի գրքում պետք է գրանցել, քանի որ 15 տարի էլ տեւեց, մինչեւ ավարտեց կոնսերվատորիան: Արմենը աշխարհահռչակ ջութակահար չդարձավ, բայց 1993 թվին Կարմիր խաչի հետվնասվածքային վերականգնողական կենտրոնի աջակցությամբ «Փարոս» կամերային երգչախմբի հիմնադիրներից դարձավ, 2000 թվականից` տնօրենը: Գեղարվեստական ղեկավարը Վաչագան Նավասարդյանն է: Երգչախմբում երգում են անվաթոռով մարդիկ: Սկզբում 7-8 հոգի էին, երգում էին միաձայն, պարզունակ երգեր: Ալավերդյանն ասում է, որ սկզբում բեմ դուրս գալու նպատակ էլ չկար, զբաղմունք էր: Հիմա 20-25 հոգանոց երգչախումբը քառաձայն երգում է Կոմիտասի, Եկմալյանի, Կարա-Մուրզայի, նաեւ` ռուս եւ արեւմտյան կոմպոզիտորների ստեղծագործությունները: Չնայած երաժիշտները ստիպված են երգել անվաթոռին նստած, բազմամյա աշխատանքի արդյունքում երգչախմբին հաջողվել է հասնել լավ հնչողության եւ մասնագիտական բարձր մակարդակի: Երգչախումբը ելույթներ է ունեցել Երեւանում եւ Հայաստանի տարբեր մարզերում, Բեյրութում, Վրաստանում, Ֆրանսիայում, Անգլիայում, Իտալիայում: Ալավերդյանը հիշում է, որ Հայաստանում առաջին համերգների ժամանակ հանդիսատեսն ավելի շատ կենտրոնացած էր անվասայլակների վրա, քան երաժշտությունն էր լսում: Իսկ արտասահմանյան փառատոների ժամանակ այլ զգացողություն էր. մարդիկ գալիս էին երաժշտություն լսելու: Երբ Ալավերդյանը արտասահմանյան փառատոներին մասնակցելու համար կապվում է կազմակերպիչների հետ, ներկայացնում «Փարոսը», լսածը ճշտող նամակներ, հեռախոսազանգեր են լինում, թե` «Ճի՞շտ ենք հասկացել, անվաթոռով մարդկանց երգչախու՞մբ է»: Պարզվել է, որ «Փարոսը» անվաթոռով մարդկանց աշխարհում միակ երգչախումբն է: Երգչախումբը բացառիկ է ոչ միայն երգիչների` երգով ապրելու ցանկությամբ, այլեւ այն առումով, որ կանգնած երգելը վոկալի պարտադիր պայմաններից է` կապված շնչառության, ձայնի ճիշտ արտաբերման հետ: Սա, իհարկե, հրաշալի առիթ է մշակութային հաջողություններով պարծենալու, ասելու, որ աշխարհում այդպիսի երգչախումբ առաջինը հայերն են ունեցել, որ մեզ մոտ հաշմանդամության փաստը չի խանգարել հասնել մեծ նվաճումների, ապրել եւ ստեղծագործել` որպես այս մոլորակի լիիրավ անդամ: Մինչդեռ այդ նվաճումները չէին լինի եւ երգչախմբի անդամների հանդիպումներն էլ կսահմանափակվեին Կարմիր խաչի կենտրոնում մեկամսյա փորձերով, եթե 2004 թվականից երգչախմբի հովանավորությունը չստանձներ Շտրաուխ-Քուլհանջյան ընտանիքը (ԱՄՆ): Հիմա շաբաթը երկու անգամ հավաքվում են «Ունիսոն» հ/կ-ում, որը զբաղվում է «Փարոսի», առհասարակ հաշմանդամների հետ կապված աշխատանքներով: Իսկ փորձերի գալիս են տաքսիներով: «Ունիսոնին» հաջողվել է պայմանագիր կնքել երկու տաքսի ծառայությունների հետ, քանի որ անվասայլակով մարդկանց հարմարեցված մեքենաներ քաղաքում չկան: Չնայած այդ մեքենաներով փորձերին գալու դժվարություններին` կապված անվասայլակը բեռնախցիկում տեղավորելու, վարորդի կամ մեկ ուրիշի օգնությամբ մեքենայում տեղավորվելու, հետո էլ կիսաբաց բեռնախցիկով` երթեւեկության կանոնները խախտելով, կազմակերպության շենք հասնելու հետ, երգիչները սիրով են գալիս «Ունիսոն»` փորձերի, որ հոգսերից, ծանր կենցաղից կտրվելու գրեթե միակ վայրն է, «Փարոսն» էլ` երգով ապրելու միակ ձեւը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |