“Zhamanak” Armenian-American Political Daily

Անկեղծության բացարձակությունը

16:43 Yerevan | 12:43 GMT | Saturday 2 February 2008

Ա.Մորիկյան

...Որքան էլ բացարձակ, միեւնույն է` անկեղծությունը եւս «սահմաններ» ունի. մենք ինքներս ենք խոչընդոտում բազում մտքերի-երեւույթների-ընկալումների բացահայտմանը` մշտապես «պատշաճ» հիմնավորումներ գտնելով մեզ համար: Ու այդ է պատճառը, թերեւս, որ երբ հանդիպում ես անկեղծության հիրավի բացարձակ դրսեւորումին` մի պահ գոնե կարկամում ես, անակնկալից գուցե, այդքան ճերմակին անսովոր լինելուց երեւի, նախանձից` կամ էլ:

Հակոբ Հակոբյան-նկարչի բացարձակ անկեղծությունը ծանոթ է ոչ միայն մեզ: Շատերին: Եվ` վաղուց: Դաժանության հասնող անկեղծություն է դա:

Նրա յուրաքանչյուր կտավում կա Արարիչը` իր ստեղծագործությունների միջոցով եւ բոլորի մեջ էլ ու ամենուր կա մարդը` իր ստեղծածներով արտացոլված:

Այդ պատճառով էլ հենց ցանկացած կտավ դառնում է խորքերի որոնում -փնտրտուք, դիտողին եւս ներքաշելով դեպի նկարչի որոնումների եւ փնտրտուքների անելք ու անմուտք լաբիրինթոսը, եւ այդ որոնումները առարկայական են անգամ:

Արարիչն` իր ստեղծագործությունների միջոցով ավելի մատչելի ու ընկալելի է մահկանացուներիս:

Մարդն` իր ստեղծածների միջոցով ավելի հարազատ է դառնում մեզ:

Ու քանի որ ականջ խլացնող լռություն է` Արարչի, մարդու որոնումները ցանկացած կտավում ավելի արդյունավետ են դառնում: Ոչինչ չի խանգարում փնտրտուքին: Ոչինչ չի խանգարում հայտնությանը: Ոչինչ չի խանգարում վայելքին:

Ու այդ որոնումը տենդագին չէ` հանգիստ որոնում է: Միայն այդ դեպքում է, որ ելքը հստակ է, պարզ եւ գիտակցելի, հայտնությունը` այլընտրանք չունի եւ դրանով իսկ` շահեկան է շատ, եւ նպատակն արդյունքը չէ, որ դառնում է, այլ` ընթացքը: Որոնումի ընթացքի գեղեցկությունը: Գեղեցիկ ընթացքը: Գեղեցիկ ընթացքի որոնումը:

Անկեղծությունը: Որն, իհարկե, առաջին շերտը չէ. առաջինը մարդկայինն է, որը պորտալարը կտրվելուց հետո մնում է մարդու մեջ ու սկսում իր հոսքն ու շարժը մարդու եռամիասնական` ֆիզիկական-մտավոր-հոգեւոր, անշուշտ` իդեալական, սակայն` փակ համակարգում:

Անկեղծության այդ երկու շերտերը լրացնում, ավելի ստույգ` ամբողջացնում է գեղագետի-մտածողի-քաղաքացու անկեղծությունը, այդ հատկանիշը հիրավի բացարձակ դարձնելով: Բացարձակ անկեղծությունը` արբեցնող է: Պատկերացրեք զուտ թթվածնից բաղկացած օդ. ներշնչում ես, ու անկախ նրանից, որ լավ էլ գիտես, որ պետք է արտաշնչես, չես ուզում: Կարեւոր չի` ինչու: Ուզում ես, որ էդ պահը տեւի գոնե մի րոպե, մի ժամ, մի օր... Բայց քեզ` հակառակ քո կամքի, «ետ են բերում»... «Ու մերթ լացավ ու մերթ խնդաց հոգին իմ» հատորյակը («Սարգիս Խաչենց», Երեւան, 2006թ.), որն ամփոփում է Վարպետի հրապարակումներն ու հարցազրույցները, անկեղծության հենց այդ բացարձակությունն է ապահովում, բացարձակ թթվածինը, որը հոգեւոր-մտավորից զատ` ֆիզիկականն է ընդգրկում նաեւ: Միայն Մեծերին է տրված իր եւ այլոց մասին, հանդեպ ու հետ այսքան անկեղծ լինելու կարողությունը: Թերթի էջերում հնարավոր չէ գրքի 485 էջերը տեղավորել, ուստի հրաժարվում եմ քաղաբերումներից՝ սահմանափակվելով միայն գրքի շապիկի արտապատկերմամբ ձեզնից յուրաքանչյուրին թողնելով գրքի ամբողջականությունը վայելելու հնարավորության հաճույքը, որից ծնվող երկրորդ միտքն, անպայման, կարոտն է լինելու: Մարդկային կարոտը: Երրորդ զգացողությունը` մեզնից վեր ինչ-որ բանի հաղորդակից լինելու հպարտությունը:

Արխիվ
Վերլուծական

Երկնքից երեք խնձոր կորավ

Եվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր:

Քաղաքական

Մտովի նրանց կենացը կխմենք...

Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով...

Աշխարհ

Փափկամազիկ ժողովրդավարություն

2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.