|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Սերժը դեռ ոտը չի սեղմել16:43 Yerevan | 12:43 GMT | Friday 1 February 2008Գագիկ Աբգարյան Իրենց ոտնահարված իրավունքների վերականգնման համար պայքարող իրացման գոտու նախկին ու ներկա բնակիչները, կարելի է ասել, ամեն օր կանգնում են իշխանությունների կողմից կազմակերպված մի նոր խարդավանքի առջեւ: Բուզանդի փողոցի բնակիչներ Ղարիբյաններին եւ Ղասաբյաններին, որոնց գործը ընդունել է Եվրադատարանը, քաղաքապետարանը կանչել է բանակցությունների: Կանչել է եւ պատկերացրեք, թե ինչ է առաջարկում` «Եկեք պայմանագիր կնքեք «Գրի Ար» կազմակերպության հետ, քանի որ նա է իրացրել ձեր տարածքը, ըստ որի նա կպարտավորվի ձեր ունեցած վաթսուն քմ-ի փոխարեն ձեզ տալ 120 քմ, բայց 2010 թվականին: Դուք էլ դադարեցնում եք ձեր բողոքը», - ասում էր երեկ խմբագրություն եկած «Պետական կարիքների զոհեր» հ/կ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանը: Ըստ նրա, սա խաբեությամբ ինչ-որ պայմանագիր կորզելու, բողոքի ալիքը ինչ-որ ձեւով մարելու հերթական փորձ է. «Մենք համոզված ենք, որ ընտրություններից հետո ուզած պայմանագիր, նրանց համար միայն զուգարանի թղթի արժեք է ունենալու, մենք նրանց խոսքի արժեքն էլ գիտենք, թղթի արժեքն էլ», - ասաց նա: Հետաքրքիր է` կազմակերպության փոխարեն քաղաքապետարանն է ինչ-ինչ բանակցությունների մեջ մտնում քաղաքացիների հետ, այն դեպքում, երբ վերջիններս դատի են տվել ՀՀ կառավարությանը, եւ ոչ քաղաքապետարանը ու ոչ էլ «Գրի Արը» բանակցություններ վարելու լիազորություն չունեն: Հետաքրքիր է նաեւ քաղաքապետարանի պատասխանը, իրացման գոտու բնակիչների այն հարցին, թե ինչպե՞ս է լուծվելու հարցը, եթե մենք հրաժարվենք բնակարանից ու մեր գումարն ուզենք: «Գրի Արը» փող չունի, որ ձեզ տա» պատասխանել են նրանց: Նկատենք, որ շինարարական կազմակերպության բաժնեմասերի 80 տոկոսից ավելին ռուսական կապիտալ է եւ որոշ տեղեկություններով պատկանում է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին: Ս.Բաղդասարյանը տեղեկացրեց, որ տարածքների իրացման արդյունքում բնակարաններից զրկված 42 հոգի զրկված են նաեւ ընտրելու հնարավորությունից եւ, եթե չվերականգնվի այն, մենք դիմելու ենք դիտորդական բոլոր առաքելություններին եւ դեսպանատներին: «Սեփականության իրավունքի զոհեր» հ/կ-ի նախագահ Վաչագան Հակոբյանի ասելով շարժումը պառակտելու, հասարակությանը ապակողմնորոշելու նպատակով քաղաքապետարանը հանդիպել է մի քանի հոգու հետ եւ առաջարկել օգնություն տրամադրել նրանց` իբր տուն գնելու համար: Սակայն խնդիրն այն է, որ այս նույն մարդկանց օգնության կարգով 11000 դոլար տվել են երկու տարի առաջ ու հիմա նորից են կանչել օգնություն տալու համար. «Էս մարդիկ էլ դրանից շահագրգռված փորձում են մեր ակտիվիստներին ու հասարակությանը համոզել, թե իշխանությունները պատրաստ են ամեն կերպ աջակցել մեզ, բայց վատը մենք ենք, որ չենք գնում հաշտության»: Նրանց հետ խմբագրություն էր եկել նաեւ Եզնիկ Կողբացու 41 շենքի բնակիչ Նատալյա Պոդոլսկայան: Այս բազմաբնակարան թիվ 37, 41, 43, 45 շենքերի պատմության յուրահատկությունն այն է, որ տարիների ընթացքում բնակարանները ենթարկվել են ձեւափոխումների, ինչպես նաեւ կառուցվել են կից շինություններ: Բնակիչները դրանք օրինականացնելու համար բազմիցս դիմել են համապատասխան կառույցներին, բայց ապարդյուն: Այստեղ էլ մի շատ հետաքրքիր «մանրուք» կա, բայց երեւի այնքան մանր է, որ քաղաքապետարանը այն բանի տեղ չի դնում: Խնդիրն այն է, որ դեռ 2006թ.-ին ՀՀ կառավարությունը ընդունել է թիվ 731-Ն որոշումը, որի հիման վրա 2007թ.-ին իր թիվ 1529 որոշումն է կայացրել նաեւ Սերժ Սարգսյանի կառավարությունը, ըստ որի Երեւանի քաղաքապետին կառավարությունը թույլատրում է հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման ենթակա տարածքներում սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող անհատական բնակելի տներին կից, մինչեւ 2001 թվականի մայիսի 15-ը զավթած պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառույցներն օտարել այդ քաղաքացիներին: Վերոնշյալ շենքերի բնակիչներն էլ, հիմք ընդունելով կառավարության այս որոշումը, դիմել են քաղաքապետարան, հետո ԾԻԳ, հետո կադաստր, բայց բոլոր տեղերից էլ մերժում են ստացել ու դեռ ստանում են, քանի որ կառավարության որոշումը չափազանց «փոքր» փաստաթուղթ է, որպեսզի այս հաստատությունները նրանով ուղղորդվեն: Սրանից բացի, դեռ պետք է, որ Սերժը Զախարյանի ոչ սախաթ ոտը սեղմի: Բայց համառորեն չի ուզում սեղմել: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |