|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ով «բաշարում» է` քիչ հարկ է վճարում17:17 Yerevan | 13:17 GMT | Thursday 31 January 2008Հեղինե Մանուկյան Թե որքա՞ն է արժենալու նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական «կոմպանին», մինչ այժմ որքա՞ն ֆինանսական միջոցներ են ծախսվել եւ վերջնարդյունքում ինչքա՞ն են արժենալու նախագահացուի եւ նրա մերձավոր շրջապատի ջանքերը «Առաջ, Հայաստան» նախագիծը գլուխ բերելու համար` առայժմ անհայտ է: Այս օրերին, սակայն, ոչ պաշտոնապես շրջանառվում է մի թիվ` մոտավորապես 300 մլն դոլար, որն, անխոս, աճելու, ավելին` կրկնապատկվելու միտում ունի: Օրերս հրապարակվել է առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկը: Բոլոր նրանք, ում հետաքրքրում է նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի չափը (հաշվետու ժամանակը 2007թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներ), կարող են այցելել ՀՀ հարկային պետական տեսչության www.taxservice.am կայքն ու ծանոթանալ այդ ցանկի էությանը եւ որոշ օգտակար հետեւություններ անել: Նշենք, որ ցանկի առաջին հորիզոնականը զբաղեցնում է «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը», որի կողմից պետբյուջե է վճարվել 33 մլրդ 604 մլն 487.4 հազար դրամ` ներառյալ հարկային մարմինների, մաքսային մարմինների կողմից հավաքագրված հարկերը, ուղղակի հարկերը (այդ թվում` շահութահարկ, եկամտահարկ), անուղղակի հարկերը (այդ թվում` ԱԱՀ, ակցիզային հարկ), հաստատագրված վճարները (այդ թվում` մաքսային սահմանին վճարված), այլ հարկերը, տուրքերը եւ պարտադիր վճարները: Սակայն մասնագետների կարծիքով` այդ ընկերության կողմից բյուջե մուտքագրված հարկաչափը (հարկեր+ռոյալթի) պետք է առնվազն կրկնակի լիներ: Երկրորդ հորիզոնականում է «ԱրմենՏելը» (Արմենիա տելեֆոն կոմպանի)` վճարել է 20 մլրդ 793 մլն 573.0 հազար դրամ, իսկ բենզինի ներկրմամբ զբաղվող «Ֆլեշը», որի սեփականատերը Սերժ Սարգսյանի հարազատ ընկեր Բարսեղ Բեգլարյանն է, զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը` բյուջե է վճարել 9 մլրդ 577 մլն 466.4 հազար դրամ: Մինչդեռ նախորդ տարի նավթային այս մագնատը խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում էր 5-րդ «պատվավոր» տեղը: Հասկանալ կարելի է. ի վերջո՝ «Ֆլեշը» ստիպված է եղել արտոնյալ կարգով հարկվել եւ երիցս կրճատել բյուջե մուտքագրվող հարկի չափը, որպեսզի կարողանա հոգալ իր «ռեցիպիենտի» նախընտրական քարոզարշավի ահռելի ծախսերի իր «փայը»: ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) պատկանող «Սալեքս գրուպ» ընկերությունը, որն զբաղվում է մասնավորապես շաքարավազի, այլուրի, կարագի ներմուծմամբ, կրկնկակոխ հետեւում է «Ֆլեշին». ցանկի 6-րդ տեղում է, բյուջե է վճարել 9 մլրդ 131 մլն 903.9 հազար դրամ: Ս.Սարգսյանի նախընտրական ծախսերը գլխահակ հոգացող մեկ այլ «դոնորի»` Հրանտ Վարդանյանին պատկանող «Ինթերնեյշնլ Մասիս տաբակ»-ը, «Գրանտ-Տաբակո հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը» եւ «Գրանդ-Քենդի» հայ-կանադական հ/ձ-ն զբաղեցնում են համապատասխանաբար 11, 12, 30-րդ տեղերը: Գագիկ Ծառուկանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռնը» Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է ընդամենը 509-րդ տեղը, իր վճարած 107 մլն 853.1 հազար դրամով: Այս կապակցությամբ որեւէ մեկնաբանություն անելուց զերծ մնալով` հիշեցնենք միայն, որ պրն Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը մեր թերթին տված հարցազրույցում այն հարցին, թե արդյո՞ք իրենք հարկերն ամբողջությամբ են վճարում, թե՞ որոշ մասը թաքցնում են` անկեղծացել էր, ասելով. «Մի քիչ պահում ենք, մի քիչ ցույց ենք տալիս: Շատ էլ լավ ենք անում, եթե էդքան բանը բաշարում ենք, ուրեմն ճիշտ ենք անում... Տամ, որ գնան Մոնտե Կառլո՞: Չեմ տա...» (ԺԵ, 5-ը ապրիլի, 2007թ.): Պետք չէ լինել մաթեմատիկոս` կռահելու համար, որ այն թվաբանությունը, որն իբրեւ հարկաչափ արձանագրված է վերը նշված ցանկում, իրականության հետ բոլորովին առնչություն չունեցող ֆիկցիա է: Տնտեսագետ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը կարծում է, որ այն թվերը, որոնք ներկայացված են իբրեւ թե ցույց տալու համար, որ հարկահավաքչություն է կատարվում մեզանում, հեռու են իրականությունից, քանի որ իրականում ֆինանսական ահռելի միջոցներ չեն մուտքագրվում բյուջե եւ այս օրերին դրանք ուղղորդվում են «ոմանց նախընտրական քարոզչությունն իրականացնելուն»: «Ես նախորդ օրը Զանգեզուրում էի եւ կառաջարկեի ֆինանսական մոնիտորիգ իրականացնող մասնագետներին գնալ եւ այդ ընկերությունում ստուգումներ անցկացնել, քանի որ ենթադրում եմ, որ այդտեղից հսկայական ֆինանսական միջոցներ կարող են դուրս գալ, որոնք գնալու են թեկնածուներից մեկի օգտին նախընտրական «միջոցառումներ» իրականացնելու համար»: Պրն Ասատրյանը կարծում է նաեւ, որ կենսաթոշակների 60 տոկոս բարձրացումը իրականում նախընտրական ժեստ էր, մարդկանց սոցիալական պահանջմունքներին ուղղված խայծ. «Ես ուրախ եմ մեր թոշակառուների համար, սակայն թոշակների բարձրացումը այդ չափով չէր լինի, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջադրված չլիներ»: Տնտեսագետը նշեց նաեւ, որ նախընտրական քարոզչությունը մոտենում է մի փուլի, երբ կտրուկ բարձրանալու են ծախսերը. «Խոսքը այն ոչ օրինական ծախսերի մասին է, որոնց մասին արդեն բոլոր տեղերից փսփսոցներ են լսվում»: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կարծիք հայտնեց, թե վերը նշված ցանկում ամփոփված հարկաչափերի իսկության մասին դատողություններ անելը «նորույթ չի լինի, ինչպես որ նորույթ չի լինի այն փաստի մասին արձանագրելը, որ մեզանում ստվերային տնտեսություն կա... Ես բազմիցս ասել եմ, որ պարզեցված հարկով հարկվող ընկերությունները եղել են բավական լուրջ շահույթներ հետապնդող ընկերություններ, այդ թվում եւ շինարարության ոլորտում, որոնք ստվեր են տարել այլ հարկատեսակով հարկման ենթակա գումարների մի զգալի մասը: Սա առիթ հանդիսացավ, որ ԱԺ-ն անցյալ տարի օրենքը լրամշակման ենթարկի եւ այսկերպ կանխվեն խոշոր չարաշահումները»: Տնտեսագետն ասաց նաեւ, որ ցանկալի կլիներ, եթե Հարկային պետական ծառայությունը բացի հարկատուների ցանկը հրապարակելուց, ներկայացներ հարկատու ընկերությունների հարկավճարման դինամիկան, թե տվյալ ընկերությունը որքանո՞վ է ավելացրել իր հարկերը պետական գանձարանին եւ որքանո՞վ է պակասեցրել: Այսկերպ, հնարավոր կլիներ ներկայացվող ցանկը դիտարկել պատճառահետեւանքային կապի մեջ եւ վերլուծություններ անել` ասում է Մանասերյանը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |