|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Լեւոնի հանդիպմանը ավելի շատ էին»17:14 Yerevan | 13:14 GMT | Thursday 31 January 2008Մարինե Խառատյան Աշտարակ քաղաքի հրապարակում երեկ կազմակերպվել էր ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումը աշտարակցիների ու հարակից գյուղերի բնակիչների հետ: Սերժ Սարգսյանը ժամանել էր «Քեզ համար, Հայաստան» կարգախոսներով նախշազարդված շրջիկ երկրպագուների երեք ավտոբուսներով ու հայկական շոու-բիզնեսի կարկառուն ներկայացուցիչներով, որոնք կուրտկաներով ու գլխարկներով երգում էին` Աշտարակում բարձրացնելու համար հանրապետական ոգին: Չնայած Աշտարակի քաղաքապետ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի եղբայր, ՀՀԿ-ական Գագիկ Թամազյանը բավական նախապատրաստվել էր հանդիպմանը, Աշտարակի հրապարակը լեփ-լեցուն չէր: Մոտ 3-4 հարյուր մարդ կար` երեխաներն էլ հետը: Սա, իհարկե, շրջիկ երկրպագուներին հանած: Մեզ հետ զրուցած աշտարակցիների մի մասն ասաց, որ հրավիրատոմս է ստացել Սերժ Սարգսյանի հանդիպմանը մասնակցելու համար: Մի մասին աշխատանքի վայրից էին «գործուղել» հրապարակ. օրինակ` մանկապարտեզներից մեկի աշխատակիցներին ասել էին, որ գնան հանդիպման: Գյուղերից եկածների պարագան ավելի պարզ էր. երեկ առավոտից Աշտարակի հարակից Օհանավան գյուղի Սուրեն Ավետիսյանի անվան դպրոցի դպրոցականներին բերել էին Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու: Հրապարակում հանդիպեցինք նաեւ Աշտարակ քաղաքի Գեւորգ Չաուշի անվան դպրոցի աշակերտներին: Վերջիններս նույնպես ասացին, թե իրենց դպրոցից են ուղարկել հանդիպման: Երեխաներին Սերժ Սարգսյանը կամ նրա ելույթը չէր հետաքրքրում, ավելի համերգի համար էին ուրախ: Պարզ է, որ նրանց բերել էին ֆոն ապահովելու համար: Եկել էին նաեւ ուսուցիչները: ՀՀԿ-ական գյուղապետ Գեւորգ Գալստյանի կարգադրությամբ Աշտարակի շրջանի Ավան գյուղից ավտոբուսով 33 մարդ էր եկել: Ձայնագրիչի առաջ մեր զրուցակիցները հայտարարում էին, թե սեփական ցանկությամբ են եկել ու խուսափում էին խոստովանել, որ հատուկ հորդորով են մասնակցում Սերժ Սարգսյանի հանդիպմանը, բայց առանց ձայնագիչի ավելի անկեղծ էին խոսում: «Լեւոնի հանդիպանը էդպիսի բաներ չի եղել, շատ լավ ա անցել: Լեւոնի հանդիպմանը ավելի շատ էին», - ասաց մի կին: Մեր զրուցակիցների մի մասը Տեր-Պետրոսյանի ելույթներին ծանոթ էր սկավառակներից: Ինչ խոսք, կային նաեւ մարդիկ, ովքեր Սերժ Սարգսյանի հետ հույսեր էին կապում, օրինակ` մի կին նամակով էր եկել, հավատով, որ Սերժ Սարգսյանը պետք է լուծի իր պրոբլեմները ու պատրաստ էր ձայնը տալ նրան: Կարելի է ասել, Աշտարակի հրապարակում մեզ հետ զրուցածների հիմնական մասը դեռ կողմնորոշված չէր: Ուջան գյուղից եկած երթուղային տաքսու վարորդ Արսեն Սահյանը գոհ չէր ներկա վիճակից. «Գոհ որտեղի՞ց կլինենք, ամեն ինչ թանկ ու կրակ ա: Հազիվ իրանց ենք տալիս, մեզ ի՞նչ ա մնում որ»: Հարցրինք, թե հավատու՞մ է նախընտրական խոստումներին: «Մինչեւ հիմա չենք հավատացել, որովհետեւ ամեն տարի խոստում են տալիս, ոչ մի բան չկա: Էսօր Ուջանում ոչ գազ կա, ոչ ջուր կա, ամեն տարի խոստում են տալիս, բայց մինչեւ հիմա ոչ մի բան չկա: Էս տարի նորից խոստանում են... ես շատ իմանամ», - պատասխանեց գյուղացին: Ի դեպ, պարզվեց գրեթե նույն վիճակն է Աշտարակի հարակից Օհանավան գյուղում` էլի ոչ գազ կա, ոչ նորմալ ջուր: Աշտարակցիների հետ զրուցելով` դժվար չէր հասկանալ, որ Աշտարակի թիվ մեկ խնդիրը գործազրկությունն է. զրուցակիցներիս մեծ մասը գործազուրկ էր: «Մենք կարող ենք հասնել բարեկեցիկ եւ բարգավաճ Հայաստանի միայն ու միայն մեր աշխատանքի շնորհիվ: Պետությունը պետք է հենվի իր քաղաքացիների նախաձեռնության, աշխատանքի վրա: Եթե քաղաքացին չցանկացավ աշխատել, միայն պետությունը ոչինչ անել չի կարող», - աշխատանքի կարոտ աշտարակցիներին հայտարարեց ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը` մանրամասնելով. «Պետք է աշխատել` հարստանալու համար եւ հարկեր վճարել, որ կարողանանք դպրոց ու սպորտդպրոց, ճանապարհ կառուցել»: Ի դեպ, մեզ հետ զրույցում մի աշտարակցի ասաց, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը բավական թվով դաշնակցական աշտարակցիներ էին մասնակցում: Սերժ Սարգսյանը առանց անուններ նշելու երեկ հակադարձեց ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանին: «Որոշ թեկնածուներ այս հանգամանքը, ասում են, որ կարող է վնասել Հայաստանի առաջընթացին. որովհետեւ խորհրդարանը, ինչպես իրենք են ասում, պատկանում է մեկ կուսակցության», - «ոսկեղենիկ հայերենով» ասաց Սերժ Սարգսյանը` շարունակելով, - «Բայց բոլորիդ պարզ է, որ խորհրդարանը մեր ժողովրդինն է: Այո, մենք խորհրդարանում մեծամասնություն ենք կազմում: ...Բայց բոլորդ գիտեք, որ ես ոչ միայն «Հանրապետական» կուսակցության թեկնածուն եմ, այլ նաեւ «Բարգավաճ» կուսակցության եւ բազմաթիվ այլ կուսակցությունների եւ հայրենակցական միությունների»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |