|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Քաղաքացիների ֆորպոստը17:13 Yerevan | 13:13 GMT | Thursday 31 January 2008Արամ Ամատունի Մտածել, որ իշխանությունները բաց էին թողնելու բանակի տոնի վրա քաղաքական գովազդ կառուցելու առիթը` ծայրահեղ միամտություն կլիներ: Սակայն դժվար էր կանխատեսել, որ բանակի օրվան նվիրված համերգը կարող էր վերածվել այդպիսի բացահայտ նախընտրական քարոզի, երբ երկրի զինված ուժերի վերնախավը Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում զբաղվում է նախագահի իշխանական թեկնածու Սերժ Սարգսյանի քաղաքական գովազդով: Ինչ վիճակի կարող են հասցնել տարածաշրջանի ամենամարտունակ բանակի սպայական կազմին, բարձրագույն զինվորական ղեկավարությանը, որ այն ստիպված լինի անտեսել սեփական ուսադիրներից բխող բարձր պատասխանատվությունը պետության առաջ եւ զբաղվել քաղաքական շոուներով: Իսկ պետությունը` առաջին հերթին քաղաքացիներն են, որոնց պաշտպանելու համար էլ գոյություն ունի բանակը, որն, ըստ Սահմանադրության ու օրենքների, չի խառնվում քաղաքականությանը: Իհարկե, բանակի սպան նույնպես քաղաքացի է եւ երկրի համար կարեւոր քաղաքական իրավիճակներում նա ոչ միայն իրավունք ունի, այլ թերեւս պարտավոր է կատարել իր քաղաքացիական պարտքը: Բայց դա անհատական մակարդակով, այսինքն` քվեախցում, փակ գաղտնի քվեարկությամբ` ոչ թե Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի դահլիճում: Այդ դեպքում արդեն խոսքը ոչ թե սպայի քաղաքացիական կեցվածքի, այլ բանակի անօրինական գործողությունների մասին է, որոնք նախագահական ընտրություններում արդեն իսկ կարելի է համարել սկսված: Եվ, ընդ որում, դրանք սկսեցին ոչ թե թատրոնի դահլիճում, «առաջ, Հայաստան» բղավելով, որը նախընտրական կարգախոսն է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի, այլ դեռեւս Բանակի օրվա առավոտյան, եռաբլուրում, երբ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հայտարարեց, թե ինքը կարծում է, որ բանակի մեծամասնությունը կքվեարկի Սերժ Սարգսյանի օգտին, քանի որ գիտեն, թե նա ինչեր է արել բանակի ու պետության համար: Կասկած չկա, որ Սերժ Սարգսյանը բանակի ու պետության համար ինչ-որ բան արել է եւ նշանակալից բան, այն ժամանակ, երբ նա լինելով նախարար` զբաղված էր զուտ իր ոլորտի աշխատանքով, ոչ թե միջամտում էր, ասենք, տնտեսական ոլորտների վերաբաշխմանը, քաղաքական ուժերի առաջացմանն ու պառակտմանը: Սակայն ինչ իրավունքով է նախարարը կարծիք հայտնում բանակի մեծամասնության անունից: Արդյոք նա զրուցե՞լ է այդ մեծամասնության հետ, թե՞ սոցհարցում է անցկացրել զինված ուժերի շարքերում` պարզելու համար նախընտրական տրամադրությունները: Ինչն է նախարարին հիմք տալիս սեփական կարիքով չափել բանակի մեծամասնության կարծիքը: Խնդիրն այստեղ իհարկե այն չէ, թե իրականում ում օգտին են քվեարկելու զինծառայողներն ու սպաները, բանակը: Գուցե իսկապես բանակի մեծամասնությունը որոշի իր ձայնը տալ որեւէ մեկին: Ամեն ինչ հնարավոր է, եւ մեր քաղաքացիներն, իհարկե, ազատ են կայացնել իրենց որոշումը, թեեւ մեր այդ ենթադրության համար ներողություն ենք խնդրում քաղաքացիներից ու բանակայիններից, քանի որ գուցե շատերի համար դա դիտվի որպես իրենց մասին արտահայտվելու վատ տոն: Բայց, ամեն դեպքում, բանակը կարող է քվեարկել ում օգտին որ ուզում է, խնդիրը դա չէ: Այլ այն, թե ինչու է նախարար Միքայել Հարությունյանը փորձում քվեարկությունից մոտ քսան օր առաջ ուղղորդել բանակի կարծիքը: Իսկ այն, որ նախարարի խոսքը ունի հենց այդպիսի նշանակություն, եթե ոչ նպատակ, թերեւս կասկածից վեր է: Երբ պաշտպանության նախարարն ասում է, որ կարծում է, թե բանակի մեծամասնությունը քվեարկելու է այսինչ թեկնածուի օգտին, դա անուղղակի հրահանգ է հենց այդպես վարվելու համար: Չհաշված այն, որ Միքայել Հարությունյանն իր անունից հայտարարում է, որ ինքը սատարում է Սերժ Սարգսյանին: Մինչդեռ պաշտպանության նախարարը երեւի թե պետք է այդ մասին լռեր, ինչպես կլռեր պետական գաղտնիքի մասին հարցադրումների դեպքում: Նախարարը քաղաքացիական, ոչ թե քաղաքական անձ է: Թերեւս նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեւի թե փորձեր իր մոտ հրավիրել նախարարին ու ասել, որ երբ բանակի ու իր անունից դիրքորոշումներ է արտահայտում, այդպիսով զինված ուժերը դարձնում է քաղաքական գործընթացների մասնակից, խախտելով օրենքը: Այլապես ստացվում է, որ բանակը չշահարկելու հորդորը Ռոբերտ Քոչարյանն ուղղում է միայն ընդդիմությանը: Այսինքն` ընդդիմությունն իրավունք չունի շահարկել, իսկ իշխանությունը ունի շահարկելու միանգամայն լիարժեք իրավունք, ինչն էլ արեց Օպերայի դահլիճում: Այսինքն` բանակը իրենց բանակն է, ընդդիմության բանակը չէ, հասարակության բանակը չէ, քաղաքացիների բանակը չէ, այլ միայն իշխանության ու դրա շուրջ գոյացողների բանակն է: Եթե այդպես շարունակվի, ապա շատ հավանական է, որ վաղը, եթե Աստված մի արասցե, լինի բանակի պաշտպանության կարիքը, ապա բանակին մեկ էլ տեսար հրաման տրվի պաշտպանել միայն նրանց, ովքեր քվեարկել են Սերժ Սարգսյանի օգտին: Եվ դա ամենեւին էլ չի լինի զարմանալի: Այն բանից հետո, ինչ տեսանք հունվարի 28-ին առավոտից երեկո, այլեւս ամեն ինչ տեսնելը դարձել է միանգամայն հնարավոր, որքան էլ որ թվա սարսափելի: Ակնկալիք կար, որ գոնե զինված ուժերը փորձ չի արվի այս վճռական պահին խառնել ներքաղաքական գործընթացներին: Գոնե եթե արվի էլ, ապա այնպես, որ դա տեղի չունենա հասարակության աչքի առաջ, այդպես կոպտորեն, որովհետեւ բանակը երեւի թե մեր պետության մեջ այն միակ օղակն է, որ եթե առավելությունից ավելի ունի նաեւ թերություններ, այնուամենայնիվ վայելում է հանրության, քաղաքացիների համակրանքն ու սերը: Որովհետեւ այդ բանակը քաղաքացիները համարում են իրենցը, առավել եւս, որ այնտեղ, բանակի առանցքում իրենց զավակներն են, ոչ թե պաշտոնյաներինը: Պաշտոնյաների զավակները միայն բանակի ցուցակներում են, իսկ իրականում` զվարճանքի օբյեկտներում: Մի խլեք քաղաքացիներին ու պետությանը կապող այդ վերջին բաստիոնը` Ազգային բանակը, որովհետեւ դա խլելուց հետո անխուսափելիորեն քանդվելու է ամեն ինչ, իսկ փլատակները բոլորին են ճզմելու, այդ թվում եւ ձեզ: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |