“Zhamanak” Armenian-American Political Daily

Սուտը եւ ագրեսիան որպես քաղաքական կատեգորիա

17:10 Yerevan | 13:10 GMT | Thursday 31 January 2008

Արման Նավասարդյան

Արտակարգ եւ լիազոր դեսպան

Սուտը եւ ագրեսիան որպես քաղաքական կատեգորիա
Ստել նշանակում է խոստովանել նրա գերազանցությունը, ում զրպարտում ես: Սեմուել Բաթլեր, անգլիացի գրող

Սրանք ուղեկցում են մարդկային հասարակությանը անհիշելի ժամանակներից:

1938 թվական: Հիտլերն ավարտել է «Անշլյուս» օպերացիան` անարգել գրավելով Ավստրիան: Առջեւում` Չեխոսլովակիան էր: Ֆյուրերի ճանապարհը փակելու նպատակով` Անգլիայի պրեմիեր-մինիստր Չեմբերլենը լարված բանակցություններ է վարում ագրեսորի հետ: Հիտլերին պետք է ընդամենը մի երկու շաբաթ չեխական զորքերի մոբիլիզացիան հետաձգելու, ժամանակ շահելու եւ հանկարծակի հարձակվելու համար: Նա Չեմբերլենին խոսք է տալիս չդիմել այդ քայլին` եթե մոբիլիզացիա չլինի եւ եթե բավարարվեն իր մի շարք պահանջները: Չեմբերլենը համոզում է չեխերին չսկսել մոբիլիզացիան մինչեւ բանակցությունների վերջը: Հիտլերը, իհարկե, գրավում է Չեխոսլովակիան: Նա խաբում է Չեմբերլենին, իսկ վերջինս ակամա` չեխերին: 1962 թվական: Կարիբյան ճգնաժամ: Խրուշչովը երդում-կրակ է ուտում իր եւ աշխարհի ժողովուրդների առաջ, որ Կուբայում չկան միջուկային մարտագլխիկներով խորհրդային հրթիռներ: Երկրագունդը մազապուրծ է լինում կործանումից: Խրուշչովը ստում է: Մի քանի տարի անց նա նորից է ստում, երբ ասում է, որ 1980-ին երկրում կլինի կոմունիզմ: Ամերիկյան նախագահներ Ջոնսոնը, Նիքսոնը, Քարտերը ստել են համապատասխանաբար` Վիետնամի պատերազմի, Ուոթերգեյթի եւ Իրանում պատանդ վերցված ամերիկյան դիվանագետներին ազատելու կապակցությամբ: Գանք ավելի առաջ: Գորբաչովը ստեց Չեռնոբիլի վթարի եւ Սումգայիթի ջարդերի ժամանակ: Կարելի է ցանկը շարունակել: Մասնագետները գտնում են, որ եթե պետական այրը ստելիս նույնիսկ առաջնորդվում է այնպիսի «ազնիվ» եւ «վեհ» նպատակներով, ինչպիսիք են խաղաղության ապահովումը, երկրի կայունությունը, ժողովրդի հանգստությունը եւ նման բաներ, միեւնույն է` նա այս կամ այն կերպ շարժվում է նաեւ անձնական, եսակենտրոն մոտիվներով: Այն, որ մեծ տերությունների լիդերները նույնպես ստում են` յուրատեսակ ինդուլգենցիա է Հայաստանի ղեկավարների համար: Հիմա տեսնենք, թե որն է այն մոտիվը, որը ստիպում է նրանց ստել: Այդ մոտիվը իշխանությունն ամեն կերպ պահելու կամ այն վերարտադրելու, ստատուս քվոն հնարավորինս երկարաձգելու, հասարակության մեջ ձեւավորված հարաբերությունները փոփոխության չենթարկելու համառ ձգտումն է: Այն էլ այն դեպքում, երբ իրեն սպառած համակարգի ամբողջական վերափոխումը դարձել է օրվա հրամայական: Վարչակարգը ստում է, երբ խոստանում է երջանիկ եւ ապահով կյանք, մի քանի տարի հետո յուրաքանչյուր ընտանիքին սեփական բնակարան եւ ավտոմեքենա: Լավ է` չի խոստանում Սեւանի ափին «դաչա» եւ «յախտա» եւս: Մեր երկրի ներկա ռեալ հնարավորությունների շրջանակներում այս ամենը, համաձայնեք, պրոբլեմատիկ է, եթե ոչ` անհնար: Ի դեպ, երբ Ադենաուերը ստանձնեց հետպատերազմյան քայքայված ԳՖՀ-ի կանցլերի պաշտոնը` ասաց. «Ես ձեզ չեմ խոստանում հաց ու կարագ: Աշխատեք եւ հասեք դրանց»: Իսկ հզոր Խորհրդային Միությունը մի քանի անգամ հայտարարեց բնակարանային հարցը լուծելու իր որոշման մասին: Արդյունքը դուք գիտեք: Ես ընդհանրապես չգիտեմ զարգացած որեւէ երկիր, որը բնակարանային խնդիր չունենա:

Քաղաքական պայքարում սուտը հաճախ զուգակցվում է ագրեսիայի հետ: Իսկ ինչո՞վ է պայմանավորված ներկա ռեժիմի ագրեսիվ դիրքորոշումը ընդդիմության, ավելի ստույգ` Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ: «Մեղքը» իրենն է: Հայաստանում ամեն ինչ խաղաղ էր, հանգիստ: Դերերը գալիք նախագահական ընտրություններում բաշխված էին: Կատարյալ` նիրվանա: «Գերազանց» պառլամենտական ընտրություններ, որից հետո իշխանամետ մամուլն ազդարարեց, թե հաղթած կուսակցության լիդերը դառնալու է նախագահ` 10 տարով: Հետո, պայծառ երկնքում շանթ ճայթեց: Քաղաքական ասպարեզ իջավ նախկին նախագահը եւ հայտարարեց, որ մասնակցելու է ընտրություններին եւ կազմաքանդելու է ռեժիմի ավազակապետական բուրգը, ապա սկսեց մոբիլիզացնել հազարավոր ընտրողների: Մի խոսքով, նա խիստ մտահոգեց, հոգեբանի լեզվով` ֆրուստրացրեց ներկա ղեկավարությանը, դառնալով նրա ֆրուստրատորը: Ռեակցիան չուշացավ. ստի եւ ագրեսիայի սիմբիոզ: Թափվեցին երկրային եւ երկնային բոլոր մեղքերը. էլ Ղարաբաղի վաճառք, էլ Թուրքիայի գավառ դառնալու ձգտում, էլ հայ-ռուսական հարաբերությունների հակառակորդ ու հազար ու մի այլ սարսափներ, որոնք լսելիս մարդիկ վիրավորվում են, քանի որ պարզ հասկանում են` իրենց դրել են դեբիլի տեղ: Արդյու՞նքը. Լեւոն Տեր-Պետրոսյանի վարկանիշի բարձրացում: Սա ստի առումով: Իսկ ագրեսիան արվում է բացահայտ եւ ցինիկորեն: Այն առայժմ կրում է վերբալ` խոսքային բնույթ, սակայն բացառված չէ, որ տրանսֆորմացվի այլ` ավելի կոպիտ ձեւերի, ինչը կարող է կտրուկ սրել ներքաղաքական իրավիճակը Հայաստանում: Այնպես որ, իշխանություններն ամեն գնով պետք է խուսափեն այդ ագրեսիայի էսկալացիայից: Հակալեւոնական ագրեսիվ քարոզչությունը կատարվում է պետական միջոցների, մարդկային ռեսուրսների եւ ժամանակի հաշվին` ի խախտումն հանրապետության Սահմանադրության եւ միջազգային օրենքների: Ընդ որում` թիրախ է ընտրված միայն նա. մյուս թեկնածուները կարծես թե գոյություն անգամ չունեն: Սա էլ այս ընտրությունների առանձնահատկությունն է: Հավանաբար չկա քաղաքագետ, ով չասի, թե ճնշումը բերում է հակաճնշում: Ես բացառություն չեմ: Իսկ թե ինչի՞ կբերի այս ստի եւ ագրեսիայի կամպանիան` կերեւա մոտ օրերս: Ռեժիմի տեխնոլոգները դա հաշվարկելիս, անշուշտ, կմտաբերեն այն բազմահազարանոց երթը, որն անցավ Երեւանի փողոցներով հունվարի 22-ին...

Վերլուծական
Եթե թողնեն բանալին

Եթե թողնեն բանալին

Որ Հայաստանում արտահերթ ընտրության համար հիմքերի բացակայության մասին դատողություններն իրենք են անհիմն` դրանում...

Քաղաքական
Փաստահավաք խմբի զեկույցը մարտիմեկյան դեպքերին բանակի մասնակցության մասին կլինի

Փաստահավաք խմբի զեկույցը մարտիմեկյան դեպքերին բանակի մասնակցության մասին կլինի

Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամները, ինչպես հայտնի է, աշխատում են իրենց թվով 5-րդ` վերջնական զեկույցի վրա:

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.