“Zhamanak” Armenian-American Political Daily

Այսպես որ գնա` քաղաքացիական պատերազմ կլինի

16:58 Yerevan | 12:58 GMT | Thursday 31 January 2008

Էլմիրա Մարտիրոսյան

Ընտրությունների օրվա մոտենալուն զուգընթաց ավելանում եւ առավել բիրտ են դառնում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցների նկատմամբ իշխանությունների ճնշումները: Այդ առիթով Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Հայաստանի իշխանություններն սկսել են դիմել սադրիչ ու ապօրինի քայլերի:

«Լեւոն Տեր-Պետրոսյանի` հունվարի 27-ին Թալինում կայացած հանրահավաքում իշխանությունների անմիջական մասնակցությամբ կազմակերպվել է սադրանք: Արդեն հայտնի Սարգիս Կարապետյանը իր սադրիչ գործողություններով ծեծկռտուք էր հրահրել, ինչից օգտվելով իրավապահները Լեւոն Տեր-Պետրոսյանի` Թալինի նախընտրական շտաբի ակտիվին հրավիրում են ոստիկանության բաժին, ըստ էության կաթվածահար անելով նախընտրական շտաբի աշխատանքը», - նշվել է հայտարարության մեջ: Ի դեպ, հիշեցնենք, որ սույն միջադեպի փաստով ձերբակալվել են շտաբի ակտիվիստներ Մկրտիչ եւ Ժորա Սափեյանները, Հայկ Գեւորգյանը, Տիգրան Բաղդասարյանը, ովքեր միջադեպի օրը ներկա են եղել քարոզարշավին: Երեքշաբթի օրը նրանց` որպես քրեական գործով անցնող վկաներ, հրավիրել են ոստիկանություն եւ մոտ 7 ժամ նրանց պահելուց հետո ձերբակալել: Երեկ ձերբակալվածներին տեսակցելու նպատակով Թալին են մեկնել նաեւ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը եւ Արմեն Մարտիրոսյանը: Ժամը 7-ի դրությամբ նրանց դեռ չէր հաջողվել տեսնել ձերբակալվածներին, ոստիկանության դուռն առավոտից փակված է եղել: Այսինքն, եթե նույնիսկ ինչ-որ հանցագործություն կատարվեր, քաղաքացիները չէին կարող մտնել ոստիկանություն` հայտարարություն տալու: Առողջական խնդիրներ ունեցող ձերբակալվածներին օգնելու համար նույնիսկ բժշկին թույլ չեն տվել ներս մտնել: Որոշ ժամանակ անց Զարուհի Փոստանջյանն, այնուամենայնիվ, մտել է Թալինի ոստիկանապետի` Արթուր Գրիգորյանի մոտ եւ կրկին խնդրել` թույլ տալ տեսակցել անազատության մեջ գտնվողների հետ: Ոստիկանապետն ասել է, որ պետք է գրավոր դիմում լինի, ինչն էլ պատգամավորն արել է: Սակայն նրան խնդրել են կրկին սպասել 20 րոպե: Ճիշտ այդքան ժամանակ անց ոստիկանության մոտ հավաքվածներին է մոտեցել այդ ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված Խաչիկ Մանուկյանը: Ըստ Զ.Փոստանջյանի` նա կարծես թե լիազորված է եղել հավաքվածներին հորդորելու` «շուխուռ մի դրեք»-ի մասով, ինչն անելուց հետո հեռացել է: Հավաքվածները սպասել են եւս մի քանի ժամ եւ առանց ձերբակալվածներին տեսնելու` հեռացել: Պատգամավորներն արդեն հաղորդագրություն են տվել ոստիկանությանը` պետական մարմնի ներկայացուցչի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ: Նշյալ խնդրով նրանք արդեն դիմել են ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին, իսկ այսօր հավանաբար ամբողջական տեղեկանք կներկայացնեն միջազգային կազմակերպություններին եւ դիտորդներին:

Ինչպես հայտնում է «Lragir.am» կայքը, «Լեգիտիմ նախագահ-2008» շարժման համակարգող Լյուդմիլա Սարգսյանը տեղեկացրել է, որ նախկին ազատամարտիկ Սարգիս Կարապետյանին իշխանությունը տվել է 10 հազար դոլար փող, ինչպես նաեւ փակել է նրա` 30 հազար դոլար պարտքը: Լ.Սարգսյանը նաեւ կասկած է հայտնել, թե` դժվար իշխանությունները Սարգիս Կարապետյանին այդքան փող տային միայն սադրանքի համար` ավելացնելով, որ հնարավոր է դա արված լինի նաեւ զենքի կիրառման համար, քանի որ Ս.Կարապետյանը «գժի թուղթ» ունի. այսինքն` հնարավոր է, որ նա մարդ սպանի եւ ազատվի պատասխանատվությունից:

Այս ամենին հավելենք նաեւ հունվարի 28-ին Կապանում, ոստիկանների անմիջական մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը, երբ նրանք ներխուժել էին Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբ, փակել այն` կազմալուծելով շտաբի աշխատանքը: Դրանից մեկ օր առաջ էլ պոկել էին նույն թեկնածուի Վանաձորում գտնվող շտաբի ցուցանակը եւ մոտակայքում գտնվող ցուցապաստառները:

Երկուշաբթի օրը Ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ էին տարվել Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցների մի քանի մեքենաներ` առանց որեւէ գրավոր հիմքի, պարզապես ավելի ուշ հաղորդագրություն էին տարածել, թե իբր Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղեկցող 150-200 մեքենաներ Բաղրամյան պողոտայի եւ Դեմիրճյան փողոցի խաչմերուկում չեն ենթարկվել պետավտոտեսուչների հրահանգին եւ կանգ չեն առել: Նշված փաստի կապակցությամբ ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Իմիջիայլոց, Խաչատուր Սիմոնյանի ավտոմեքենան «Տաշիր» հանրախանութի մոտից տանելու դեպքը քննարկման առարկա էր դարձել նաեւ ոստիկանական մեքենաների առատության եւ երթեւեկությունը կաթվածահար անելու պատճառով խցանման մեջ հայտնված շարքային քաղաքացիների շրջանում: Երեկ մի տարեց մարդ «Գազելի» վարորդին եւ ուղեւորներին պատմում էր, թե ինչպես են ոստիկանները ցանկացել Լեւոն Տեր-Պետրոսյանի մեքենան տանել: Գազելի վարորդը նախ զարմացավ. «Կանգնած տեղը խի՞ պտի տանեն մեքենան: Հիմա ես որ կանգնեմ` ո՞նց կտանեն»: Քաղաքականապես հասուն մի ուղեւոր տիկին պատասխանեց` «Դու քեզ խի՞ ես համեմատում Լեւոնի հետ»...

Արխիվ
Վերլուծական

«Շվեդական մոդելի» էությունը

Հայտնի է, որ Արեմտյան Եվրոպայում զանազան սոցիալական ծրագրերը վերջին տասնամյակների ընթացքում խոշոր հարկային բեռի են հանգեցրել...

Քաղաքական

Իշխանության քիլերը

«Հատուկ միջոցներից մեր ոստիկանությունը իրավունք ունի օգտագործել պաշտպանական վահան, դուբինկեք, որ կան, ջրցան մեքենա...»...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.