“Zhamanak” Armenian-American Political Daily

Դրվագներ նախագահական ընտրություններից

16:55 Yerevan | 12:55 GMT | Thursday 31 January 2008

Թադեւոս Խաչատրյան

Գոնե մի հազար տարվա քարթու պետություն լինեինք, առնվազն հիսուն տարի մեր դրոշը ծածանվեր ՄԱԿ-ի ճակատին, Ավետիս Հարությունյանի ասած՝ ազգային-ազատագրականը մնար նախորդ-նախորդ դարերում, Տիգրան Հայրապետյանի երազած՝ «մարդիկ, մարդիկ լինեին», եվրոպական չափանիշներով մի էնպիսի 1789 կամ 17 թիվ սարքեինք, որ մոսկովյան էմիսարների հայ իշխանավոր գործակալների վարքից Կարմիր հրապարակի անթաղ առաջնորդը դագաղում նախանձից շուռ գար, վարդերի, կակաչների, ամեն տեսակ ջանգյուլումների սիրահարները մոռանային Ազատության հրապարակ կամ Մատենադարան բերող ճանապարհը:

Բայց, ինչ արած, ոչ ազգային-ազատագրականը մնաց նախորդ դարերում, ոչ մարդիկ մնացին, ոչ կարգին կոմունիզմ տեսանք, եւ սեփական պետության համի չեկած, արդեն խորշում ենք: Որովհետեւ անհնար է պետություն կառուցել՝ հակադրելով կառուցելու մեթոդն ու դրան հասնելու իդեալները: Մեթոդի եւ իդեալների հակադրությունը բարձրացնում է կայսրություններ եւ թղթե տնակի պես փուլ բերում կայսրություններ, ինչպես ֆաշիզմը՝ Գերմանիայում, բոլշեւիզմը՝ Ռուսաստանում, հիմա էլ լիբերալիզմը բոլոր այն տեղերում, որտեղով երբեւէ անցել է ժամանակին Եվրոպայում շրջող ուրվականը: Ինչ արած, Հայաստանում նախագահական ընտրություններ են, իսկ ընտրությունները լավատեսության դեպքում՝ իշխանափոխության հնարավորություն, որը թեկնածուներից յուրաքանչյուրը յուրովի է ընկալում: Մեկը՝ վերարտադրություն ¥Սերժ Սարգսյան¤, մյուսը՝ ամեն գնով կանխել իշխանության վերարտադրությունը ¥Լեւոն Տեր-Պետրոսյան¤: Այսինքն՝ իրականում երկու ծրագիր, իրականում հնարավոր երկու իրագործողներով, սակայն ինը կատարմամբ: Դեռ Սերժ Սարգսյանին ու Լեւոն Տեր-Պետրոսյանին թողնենք. էդ ինչո՞վ իշխանության վերարտադրություն չի լինի, ասենք, Գեղամյանի կամ մնացած թեկնածուների հաղթանակը: Թե՞ կրթություններն են տարբերվում, մենթալիտետն ու հակումներն են հակադիր, պերճախոսություններն են անգունազարդ: Այդ հիմա են ոմանք ժողովրդավար, ոմանք՝ սոցիալիստ, ոմանք ազատական, ոմանք` ազգային, ժամանակին շատերը ներս ու դրսից կարմիր պատմուճանով էին եւ նույն հոռետեսությամբ ու համառությամբ կոմունիզմ էին կառուցում: Քննեք նրանցից շատերի նախընտրական ծրագրերը եւ համեմատեք կոմկուսի համագումարներում ընդունված աշխարհասասան որոշումների հետ եւ զարմանալու ընդունակությունը ընդմիշտ կկորցնեք. էլ բնակարանների խոստում, էլ արտադրության աննախընթաց աճի հիմնավորում, էլ խաղաղություն ու բարգավաճում, էլ արժանապատվություն ու ձրի կրթություն ու բժշկություն եւ մի մեծ տեսլական՝ ԱՌԱՋ, ՀԱՅԱՍՏԱՆ: Հակաճգնաժամային ծրագրից մինչեւ փրկության ծրագիր մի քայլ է, փրկության ծրագրից մինչեւ արարման ծրագիր՝ երկու: Եվս մի քայլ, եւ Աքիլլեսը կհասնի Կրիային, իսկ հայ ժողովուրդը իր նպատակին՝ առաջինով հերքելով Զենոնի նշանավոր դրույթը, երկրորդով` հայ ժողովրդի պատմության մասին պատկերացումը: Կարելի էր եւս մի քայլ անել, եւ կհայտնվեինք կոմունիզմ կառուցելու հուսահատական ծրագրում, սակայն դա լենինյան թվաբանությամբ երկու քայլ ետ կլիներ: Բայց դա չի խանգարում, որ նախորդ նախագահական ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած Գեղամյանը արդեն որերորդ անգամ իրեն դուրս դնելով իրական ընդդիմության համախմբված ճամբարից, հայտնվի աննախանձելի վիճակում© նա այլեւս պետք չէ ո՛չ իշխանությանը, ո՛չ էլ առավել եւս՝ ընդդիմությանը եւ կրակում է իր վերջին փամփուշտները՝ ինչպես անցյալի, այնպես էլ ապագա գործունեության վրա:

Նախագահական անհույս պայքարը շարունակում է Վազգեն Մանուկյանը: Երրորդ հանրապետության ականավոր հիմնադիրներից մեկը կարծես թե եւս հասել է քաղաքական գործունեության եզրագծին, պրակտիկ ու պրագմատիկ անհատից վերածվելով իրական պատասխաններ չորոնող, չգտնող փիլիսոփայի: Անշուշտ, Մանուկյանն իր վարքին գաղափարական հիմնավորումներ է տալիս ¥գուցեեւ՝ ճիշտ¤, սակայն, որքան էլ ցավալի է, հիմնական պատճառն անձնական է. մեծ նպատակը զոհում է փոքրին: Անկախության 17 տարիների ընթացքում նա արդեն մասնակցում է նախագահական չորրորդ ընտրությանը, 16-ում էլ եղել եւ մնում է Լ.Տեր-Պետրոսյանին ընդդիմություն: Ինչ արած՝ սա էլ է ճակատագիր եւ ընտրություն:

1917 թվականին հեղափոխությունից մեկ-երկու ամիս առաջ Լենինը գրում էր© «Ռուսաստանի բնակչության տասը տոկոսը մեր կողմն է, տասը տոկոսը՝ մեր դեմ, իսկ մնացած ութսուն տոկոսը նշանակություն չունի»: Գրչի թեթեւ մի հարվածով հեղափոխության պրակտիկը կարողացել է բանաձեւել երբեւէ կայսրություններում ապրող գրեթե բոլոր ժողովուրդների արատավոր բնույթը© երբեք նշանակություն չտալ բնակչության ութսուն տոկոսին, որովհետեւ այդ ութսուն տոկոսը երբեք կարծիք չի ունենում, այլ կողմնորոշվում է ըստ քսան տոկոսում առավելության հասած ուժերի վերաբերմունքի: Նույնիսկ այսօր սա կարելի է սոցիոլոգիական ճշգրիտ գիտելիք համարել, եթե այդքան հիմնավորված չլիներ գիտության հետ կապ չունեցող փաստարկներով, ինչպիսին քաղաքականությունն է, մանավանդ այնպիսի մի երկրում, ինչպիսին Հայաստանն է: «Ժողովուրդը միշտ ճիշտ է, բացառությամբ այն դեպքերի, երբ սխալվում է»` պնդում է բոլոր հեղափոխությունների պարադոքսը: Էս մեր խեղճ ժողովուրդը քանի՞ անգամ պետք է ճիշտ լինի, որ մի անգամ կարողանա հաղթել` ընդդեմ այն քսան տոկոսի, որ, անկախ լավ կամ վատ լինելուց, որոշում է իր ճակատագիրը:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Ստիպված կգնան արտահերթ ընտրությունների

Նախօրեին տեղի ունեցած հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.