“Zhamanak” Armenian-American Political Daily

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Ձայն տալ Սերժին, նշանակում է 10 տարի ապրել Բերիայի հայացքի տակ»

15:26 Yerevan | 11:26 GMT | Tuesday 29 January 2008

Կարինե Հարությունյան

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Ձայն տալ Սերժին, նշանակում է 10 տարի ապրել Բերիայի հայացքի տակ»
«Մի ճամփա տվեք, գնանք տենանք մեր նախագահին», - ասելով ու ճանապարհ բացելով երկու ագարակցի տատիկ հասան Լեւոն Տեր-Պետրոսյանին: Գրկեցին ու համբուրեցին:

Անցած կիրակին հագեցած էր ջերմ ընդունելություններով: «Ոչ մի դեպքում չենք թողնի, որ Սերժը նախագահ դառնա», - ասացին ագարակցիները: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Ես հասկացա, որ ձեր թափին ոչ մի բան չի դիմանա եւ մեր հաղթանակն ապահովված է»:

Ագարակում Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրա զինակիցներին բաց չէին թողնում, բայց առջեւում Թալինն էր, ու ագարակցիները «Լեւոն, Լեւոն» բացականչություններով ճանապարհեցին ՀՀ հիմնադիր նախագահին ու մյուսներին:

Թալինում մինչ հանրահավաքի սկսվելը փորձեցի պարզել ժողովրդի տրամադրվածությունը: Մի տղամարդ ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին է ընտրելու, քանի որ նախկինում աշխատանք ուներ, իսկ հիմա. «Վեց-յոթ տարի է Ռուսաստանում եմ աշխատում: Գարնանը գնում եմ, աշնանը` վերադառնում: Էսօր Հայաստանում ոչ մի լավ բան չկա: Երկու երեխա ունեմ, պահել չեմ կարողանում»:

Ցողիկ Նազարյանը մանկապարտեզի տնօրեն է եղել, սակայն. «Քոչարյանի նախագահ դառնալուց հետո Արագածավանի երեք մանկապարտեզներն էլ չեն գործում: ...Լեւոնը մեզ կազատի այս զավթիչներից, վստահ եմ»:

Այսպես կարելի է երկար շարունակել, քանի որ այն ոգին, որով համակված էր Թալինը՝ մի բան էր ասում. թալինցիները կատարել են իրենց ընտրությունը, թալինցիների նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Հավանաբար սրա մասին գիտեր իշխանության թեկնածուն, որի կատարածուներից մեկը փորձեց հանրահավաքը խափանել: Բայց թալինցիների թափին ո՞վ կդիմանա: «Ամոթ, ամոթ», - գոռալով դուրս հանեցին թալինի բնակիչ Սարգիս Կարապետյանին, որն, ասացին, հայտնի է «խառնակիչ» անունով: Կիրակի օրը Թալինի ոգին բժշկուհի Մարիամ Նազարյանի շուրթերին էր, նրա արտասանած յուրաքանչյուր բառի մեջ. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր կոչով դիմելու իմ ժողովրդին, սրտիս խոսքը ասելու նրանց, չկողմնորոշվածներին` կողմնորոշվելու, կաշառվածներին` չկաշառվելու, ինքնասիրությունը կորցրածներին` այն վերագտնելու մղումով»:

«...Այս իշխանության վերարտադրության հիմնական ռեսուրսը փողն է եւ ընտրակեղծիքները: Մենք կարող ենք դիմակայել դրանց, ինչպես ցույց ենք տվել 2003-ին: ...Համեմատենք Լեւոնին եւ Սերժին: Լեւոնը զբաղվում է գիտական գործունեությամբ, Սերժի զբաղմունքը ազարտային խաղերն են եւ կազինոն: Լեւոն Տեր-Պետրոսյանին ծննդյան օրվա առիթով նվիրում են գիրք, իսկ Սերժին` ռուլետկա:

Թալինցիներ, ընտրություն կատարեք խղճի մտոք, թույլ մի տվեք ոտնահարել ձեր իրավունքները, հիշեք մեր ազատամարտիկներին, ...եկեք ցույց տանք, որ մենք թալինցի ենք, եկեք միասին կերտենք մեր ապագան», - ավարտեց իր ոգեշունչ խոսքը Մարիամ Նազարյանը: Երիտասարդները, ծերերը, կանայք եւ երեխաները, բոլորը վանկարկում էին. «Լե-վոն, Լե-վոն»: Կողքիս կանգնած երիտասարդն ասում էր. «Էնպես գոռացեք, որ Սերժը Երեւանում լսի, որ ինքը Թալինում ձայն չունի»: Արամ Զ.Սարգսյանը ասաց, որ այդպիսի հզոր հանրահավաք Թալինում դեռ չի եղել, իսկ «Սերժի հանրահավաքներին ստիպելով ուսուցիչներին հրապարակ են տանում: Ֆիդել Կաստրոյի միտինգները մոնտաժում են Սերժի անվան տակ: ...Ի դեպ, որ օրը Քոչարյանը խոսում է, հաջորդ օրը մեր հանրահավաքներին ավելի շատ մարդ է լինում: Ինքն էլ չի հասկանում, որ աշխատում է մեր օգտին»: ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ հանրահավաքին ներկա է մոտ 4000 մարդ, իսկ Թալինի բնակչությունը 9000 է: Նշանակում է, ամեն ընտանիք ներկա էր հանդիպմանը. «Սա Թալինի ոգին չէ, սա Մուշի ոգին է, Սասնա ոգին է, Մշո սուրբ տան Սուրբ Կարապետի ոգին է: Ավելին` սա մեր սուրբ նահատակների ոգին է», - ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ շարունակեց. «Այս իշխանությունը հիմնված է հոկտեմբերի 27-ի ոճրագործության վրա: Ես չեմ պատկերացնում աշխարհում որեւէ ժողովուրդ, որ հանդուրժի այդպիսի խոցը, այդպիսի վիրավորանքը, եւ այդ ժողովուրդը արժանի լինի ժողովուրդ կոչվելու: Վերագտեք ձեր պատիվը, վերագտեք ձեր ազատությունը, իսկ մենք խոստանում ենք մեր ուժերի ներածին չափով արդարացնել ձեր բոլոր հույսերը: Սա ասում եմ պայմանականորեն, քանի որ ոչ մի իշխանություն դեռեւս չի արդարացրել որեւէ ժողովրդի բոլոր հույսերը: Կարեւորը գլխավորն է. ազատել երկիրը ավազակապետությունից, հաստատել օրինականություն, բոլոր պատասխանատուներին կանչել դատարան եւ ստեղծել նորմալ, քաղաքակիրթ պետություն, որտեղ մարդը իրեն ազատ կզգա, կապրի արժանավայել եւ աստիճանաբար բարգավաճ կյանքով»:

Թալինին հաջորդեցին հանդիպումները Արտենիում, Արագածում, Քարակերտում, Դալարիկում, Մյասնիկյանում, իսկ հետո մեծ հանրահավաք Արմավիրում: Ցնցող հանրահավաք: Թալինցիների ոգին կարծես հասել էր այստեղ: Փորձեցի պարզել, թե ինչ են մտածում գործող վարչախմբի մասին: Նույն բացասական կարծիքը, նույն հիասթափությունը, ինչ նախորդ բնակավայրերում: Քարակերտում Նորիկ Հակոբյանն ասաց. «Ընտրելու եմ Լեւոնին: Հոկտեմբերի 27 արեցին էս ժողովրդի գլխին: Սերժին ինչու՞ ընտրեմ, ղումարբազ է ինքը»: Այսպես եւ սրանից էլ վատ արտահայտվեցին Արմավիրում: Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հանրահավաքը տեղի ունեցավ Արմավիրի մշակույթի տան հրապարակում: Ի դեպ, մշակույթի տանը տեղակայված է իշխանության թեկնածուի նախընտրական շտաբը: Քաղաքապետարանը արտոնել էր հանրահավաքը, բայց փորձել էր համենայնդեպս խափանել այն ու անջատել էր հոսանքը: Բայց դե ժողովուրդը որ մի բան ուզում է` անպայման կայացնում է: Եվ Արմավիրի հանրահավաքը կայացավ մոտ 8000 արմավիրցիների մասնակցությամբ:

Արամ Զ.Սարգսյանն ասաց, որ «Նա, ով պաշտպանում է Սերժին, արդարացնում է հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, ով ձայն է տալիս Սերժին, արդարացնում է ընտրակեղծիքները, կոռուպցիան, գողությունը, սրիկայությունը, ստահակությունը»:

«Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ժողովրդին ներկայացրեց, թե ինչպես է բաժանված մեր ազգային հարստությունը. «17 տոկոսը գտնվում է Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի ձեռքին: Առաջինը մասնագիտացած է լեռնահանքային արդյունաբերության, բանկային գործունեության, շինարարության, ավտոմեքենաների եւ հեռախոսների ներմուծման ոլորտներում, ինչպես նաեւ փայատեր է բազմաթիվ ձեռնարկությունների: Երկրորդը զբաղվում է վառելիքի ներմուծմամբ, ցեմենտի արտադրությամբ, բանկային գործունեությամբ եւ շինարարությամբ: Եվս 33 տոկոսը գտնվում է իրենց ենթակա 38 ընտանիքների ձեռքում: Եվս 23 տոկոսը օտարերկրացիների ձեռքում էն. 19 տոկոս` ռուսների եւ 4 տոկոս` այլ օտարերկրացիների: Ժողովրդի ձեռքում գտնվում է տնտեսության ընդամենը 27 տոկոսը»: Արմավիրցիներին Նիկոլ Փաշինյանը կոչ արեց. «Հավաքել ամբողջ ուժերը, քվեարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին եւ այն պահին, երբ քվեաթերթիկը կհայտնվի քվեատուփում, վերջ կդրվի վախի մթնոլորտին: Հավատացեք, Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմը ունի անհրաժեշտ ուժ ձեր ձայները պահելու համար: Ոչ մի ձայն չի կորչելու: Լեւոն Տեր-Պետրոսյանը տեր է կանգնելու քաղաքացու յուրաքանչյուր ձայնին»: Արմավիրցիները, ի վերջո, լսեցին նաեւ իրենց առաջին եւ ապագա նախագահի խոսքը. «Մեր երկիրը վտանգված է, գտնվում է օտարների ձեռքում: Նույն հայն են, բայց օտար են հոգով: Նրանք ոչ մի կապ չունեն այս սուրբ հողի հետ, մեր մշակույթի հետ, մեր երգի հետ: Նրանց անծանոթ է Կոմիտասը, Արամ Խաչատրյանը: Նրանց հարազատ է Փոլադ Բյուլ-Բյուլօղլին եւ Զեյնաբ Խանլարովան: Քոչարյանին հաջորդելու է գալիս այդ պատի վրա պատկերված մարդը: Ի՞նչ հոգով է գալիս, ի՞նչ գիտելիքներով, ի՞նչ հարգանքով դեպի մեր մշակույթը: Ինչպես է համարձակվել դառնալու ԵՊՀ խորհրդի նախագահ: Նույն ձեւով եւ նույնքան վտանգավոր կլիներ, ասենք, ԵՊՀ խորհրդի նախագահ «Պազի» շոֆեր Սաշիկ Սարգսյանը: Ոչ մի տարբերություն չէր լինի»: «Այո~, այո~, ճի~շտ է», - արձագանքեցին միտինգավորները: Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակեց. «Ինձ համար մեծագույն ցավ է, որ Պետական համալսարանը իր պրոֆեսորադասախոսական կազմով հանդուրժում է այդպիսի մեկին իրենց գլխին: Համալսարանը ունի 6-7000 ուսանող: Ցանկացած ուսանող ավելի գրագետ է, քան իրենց խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մարդը, նախագահ դառնալուց հետո երկիրը կենթարկի նոր վտանգների, ի վերջո երկիրը տանուլ կտա Մոնտե Կառլոյի եւ Բադեն-Բադենի կազինոներում: Հանդուրժել այս ամենը եւ ձայն տալ Սերժին, նշանակում է տասը տարի ապրել այս Բերիայի հայացքի տակ, մինչեւ բոլորս փոշիանանք, վերանանք»:

Անդրադառնալով մյուս թեկնածուներին Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ իրականում կա նախագահի երկու թեկնածու: Մնացած յոթի մեջ կան, իհարկե, ազնիվ մարդիկ, բայց նրանցից շատերն աշխատում են իշխանության թեկնածուի համար: «Զգույշ եղեք, որ ձեր ձայները չցրվեն: Կա մի թեկնածու, որը կարող է պայքարել Սերժ Սարգսյանի դեմ, եւ ի դեմս այդ թեկնածուի միավորված են Կարեն Դեմիրճյանը, Ստեփան Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը, Արամ Սարգսյանը, արցախյան ազատամարտի մեր զոհված հերոսների հոգիները»:

Վերլուծական
Փարիզ տանող ու բերող ճանապարհները

Փարիզ տանող ու բերող ճանապարհները

Սերժ Սարգսյանի ֆրանսիական այցից հետո Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի են ունենում բավական հետաքրքրական իրադարձություններ:

Քաղաքական
Որեւէ մեկը պետք է այս ժողովրդին սիրի ավելի, քան ինքն իրեն է սիրում

Որեւէ մեկը պետք է այս ժողովրդին սիրի ավելի, քան ինքն իրեն է սիրում

Հետահայաց հարցազրույց հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի հետ

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.