|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Իրենք իրենց դեմ15:09 Yerevan | 11:09 GMT | Tuesday 29 January 2008Մարինե Խառատյան Հեռուստատեսությամբ ՀՀԿ թեկնածուի քարոզարշավին հետեւելով` նկատած կլինեք, որ հայկական շոու-բիզնեսի աստղերի ելույթներից հետո բարձրախոսին մոտեցող ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը ոչ միայն չի ամաչում ժողովրդից ձայն խնդրել, այլեւ իր ելույթը սկսում է բարության մասին խոսելով, ավելին` հորդորում չենթարկվել սադրանքների ու չարությանը չարությամբ չպատասխանել: Բայց արի ու տես, որ հենց քարոզիչը չի կարողանում հետեւել իր իսկ պատգամին ու ձեռնպահ մնալ չարությունից: Կիրակնօրյա «Հայլուրի» ներկայացմամբ` Երեւանի համայնքներից մեկում իր ելույթի բարության մասը կրկնելուց հետո պարոն Սարգսյանը չդիմացավ ու մի ամբողջ գլուխ նվիրեց «զազրախոս սատանաներին»` սպառնալով, որ «ազազրախոս սատանաները» անպայման պատասխան են տալու ընտրություններից հետո` միեւնույն ժամանակ առանց ցինիզմի պակասի հավելելով, թե խոսքը նրանց «Սովետաշեն լցնելու» մասին չէ: Ինչ խոսք, պարոն Սարգսյանը չմանրամասնեց, թե ովքեր են «զազրախոս սատանաները» եւ հատկապես ի՞նչ են զազրախոսել: Տարօրինակ է, որ ՀՀ վարչապետ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը փոխանակ նման գնահատականները հնչեցնելու ու նահաջելու իր իսկ քարոզած արժեքներից, չի դիմում դատարան` քաղաքակիրթ եղանակով պատասխանատվության ենթարկելու ու բացահայտելու զազրախոսներին: Հատկապես, որ նախընտրական շրջան է ու ժողովուրդն ընտրության առաջ է կանգնած ու պետք է կողմնորոշվի` ով է իրականում «զազրախոս», ով` ոչ: Սերժ Սարգսյանի մեկնաբանությամբ, «զազրախոսները» պատասխան չեն ստանում, որովհետեւ իշխանությունը չի ցանկանում ավելի լարել փոխադարձ մեղադրանքների մթնոլորտը նախընտրական շրջանում, սակայն տպավորություն կարող է ստեղծվել, որ ՀՀԿ թեկնածուն չի վստահում դատական համակարգին ու սպասում է ընտրությունների արդյունքներին` այլ կոնտեքստում հարցերը լուծելու համար: Ի դեպ, նույն Սերժ Սարգսյանը ձեռնպահ չի մնում պրիմիտիվ մտքերի շրջանառությունից, որոնց հեղինակը Ռոբերտ Քոչարյանն է: Շաբաթ օրը Էրեբունի համայնքի բնակչության հետ հանդիպման ժամանակ «Աղդամը մեր հայրենիքը չէ» կարգախոսի հեղինակը հավաքվածներին խնդրել է մտածել, թե ով կարող է մեր ժողովրդին առաջնորդել դեպի հպարտ Հայաստան. «Այն մա՞րդը, ով պատրաստ է վաճառել սեփական երկրի մի մասը, թե՞ այն մարդը, ով պատրաստ է արժանապատիվ խաղաղության»: Ի դեպ, «բարություն» քարոզող Սերժ Սարգսյանը, կարծում ենք, նախեւառաջ պետք է պատասխանատվության ենթարկեր իր իսկ ենթակայության ներքո գտնվող բոլոր այն չինովնիկներին, ովքեր բացահայտ վարչական ճնշում են կիրառում աշխատակիցների վրա` աշխատանքից ազատելու սպառնալիքի ներքո ստիպելով ձայներ ապահովել Սերժի համար: Այս մասին գիտեն բոլորը, ովքեր ծանոթ, բարեկամ աշխատակից ունեն այս կամ այն պետական հաստատությունում: Երեկ մեր խմբագրություն զանգահարած քաղաքացիները բողոքեցին, որ Էրեբունի համայնքում Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպմանը ստիպողաբար տարել են Պարույր Սեւակի անվան դպրոցի ուսուցիչներին. ամեն ուսուցչից պահանջելով իր հերթին ապահովել մի քանի ծնողի ներկայություն: Երեկ մեզ զանգահարած քաղաքացին բողոքեց, որ մասնակիցների պատկերն ամբողջացնելու համար վերջին պահին Սերժ Սարգսյանի հանդիպման կազմակեպիչները կանգնեցրել են երթուղային տաքսիները ու ուղեւորներին ստիպել են իջնել ու մասնակցել հանդիպմանը: Հետաքրքիր է` ինչպե՞ս է Սերժ Սարգսյանն իրեն զգում մեծամասամբ ստիպողաբար իր հետ հանդիպման եկած հանդիսատեսի առաջ, որին երեւի քիչ թե շատ հետաքրքիր է համերգային մասը, եւ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը երբեւէ չի փորձում գնահատել իր շրջապատի ապօրինությունները ու սպառնալիքները` ուղղված ՀՀ քաղաքացիներին: Ի դեպ, մի քաղաքացի էլ երեկ մեզ ասաց, որ Սերժ Սարգսյանի Կենտրոնի շտաբում անձնագրի 10 տվյալի դիմաց 30 հազար դրամ են խոստանում: Արդեն անդրադարձել ենք, որ քաղաքապետարանի առողջապահության եւ սոցիալական հարցերի վարչության պետ Արմեն Սողոյանն այս օրերին զանգահարում է Երեւանի պոլիկլինիկաների տնօրեններին` հրահանգելով ձայներ ապահովել ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին: Մասնավորապես Քանաքեռ Զեյթուն համայնքի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնակատար Մարինա Ստեփանյանը իր մոտ էր կանչել պոլիկլինիկայի բաժնի վարիչներին` իր հերթին հրահանգելով ձայներ ապահովել Սերժ Սարգսյանի օգտին եւ պահանջել է իրեն ներկայացնել աշխատողների անուն-ազգանուններն ու ստորագրությունները: Որոշ տեղեկություններով, սերժական ղեկավարների ճնշումներն ու սպառնալիքները հակառակ ազդեցություն են ունենում հասարակության վրա. նրանք, ովքեր նույնիսկ Տեր-Պետրոսյանի կողմնակիցը չեն, Սերժի շրջապատի պահվածքից նյարդայնացած, որոշում են գնալ ու քվեարկել նրա հակառակորդի` Տեր-Պետրոսյանի օգտին, թեեւ այդ մասին չեն բարձրաձայնում աշխատանքի վայրում: Ինչ խոսք, Սերժ Սարգսյանի կողմնակիցների նման պահվածքը կավելացնի Տեր-Պետրոսյանի ձայները: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |