|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Սրանցից մեզ մենակ Լեւոնը կփրկի»17:23 Yerevan | 13:23 GMT | Friday 25 January 2008Կարինե Հարությունյան ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավը Կոտայքի մարզում սկսվեց Չարենցավան քաղաքից: Տարօրինակ է, որ 10 տարի լինելով իշխանություն` նրանք այդպես էլ քաղաքական ամենապարզունակ դասերը չսերտեցին: Հայտնի է, որ գործարար, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հալածվում է Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու համար: Գործարարը սեփականատերն է նաեւ Չարենցավանի հանքային ջրերի գործարանի, որի աշխատանքը այս պահին կասեցված է, եւ հարկային տեսչությունը ստուգումներ է անցկացնում: Չարենցավանի հանրահավաքին եկել էին նաեւ այդ գործարանի աշխատողները: «Լեւոնին ենք ընտրելու, պարզ չի՞» Գործարանի այդ աշխատողները վրդովված, բորբոքված եկել էին հանրահավաքի` ասելու, որ «գործարանում որեւէ խնդիր չկա, դա Սերժի սարքած գործն է, քանի որ մեր ղեկավարը Լեւոնի կողքին է»: «Ու՞մ եք ընտրելու», - հարցրի: «Պարզ չի՞, Լեւոնին ենք ընտրելու: Նրանից հալալ, արդար, ազնիվ մարդ մեր քաղաքական դաշտում չկա»: Հանրահավաքը դեռ չէր սկսվել, երբ լուր հասավ, որ քաղաքապետը արգելել է մարդկանց այդ կողմերում երեւալ: Մարդիկ, բնականաբար, չէին ենթարկվել, եւ քաղաքապետն ուղարկել էր իր մարդկանց` հանդիպումը խափանելու: Տեսնել էր պետք, թե ինչպես ներկաները քշեցին իրենց քաղաքապետի կատարածուներին: Ու հանրահավաքն սկսվեց: Առաջինը խոսեց Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ, Կոտայքի նախկին մարզպետ Հովհաննես Հովհաննիսյանը. «Ցավում եմ, որ այս 10 տարիների ընթացքում Կոտայքի մարզում ծնվել են նորամանուկ իշխանիկներ, մարդիկ, որոնց թվում է, թե տերն են այս մարզի: Ո՞վ է իրավունք տվել արգելելու մասնակցել հանրահավաքին: Սա խանական իշխանություն է, որը միայն բռնության լեզվով է խոսում: ...Վստահեցնում եմ, որ այն մարդիկ, ովքեր Սերժ Սարգսյանի գլխավորությամբ փորձում են եւս 10 տարի իշխել այս երկրին, պարտված են: Նրան չի հաջողվի ասել` առաջ, Հայաստան: Ու՞մ հետ ես առաջ գնում, կողքիդ հանցագործների եւ սրիկաների հե՞տ: Ու՞ր ես տանում այս ժողովրդին, ու՞մ հետ ես տանում: Ի՞նչ կարող ես անել այս երկրի համար: Ի՞նչ բարոյական իրավունք ունի Սերժ Սարգսյանը նախագահ դառնալու, եթե եղել է հոկտեմբերի 27` երբ ինքը ազգային անվտանգության նախարարն էր»: «Ամո~թ, ամո~թ, պատժե~նք նրանց», - բացականչում էին միտինգավորները: Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ պարզապես անհամեմատելի են Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իշխանության թեկնածուն. բարձր մտավորականին հնարավոր չէ համեմատել գործող իշխանությունից որեւէ մեկի հետ: «Այո, այո», «Լե-վոն, Լե-վոն», - վանկարկում էին չարենցավանցիները: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չարենցավանցիներին պատմեց Սերժ Սարգսյանի` Արթիկում ունեցած նախընտրական անհաջողությունների մասին եւ այն մասին, որ մի գյուղում նորապսակ հարսին վերջինս ադամանդե մատանի է նվիրել: Հետո էլ ավելացրեց. «Սերժ Սարգսյանը ըտենց էլ ման է գալիս` գրպանում նշանի մատանի, կնունքի խաչ, ականջի օղ... որը խորը ման գաս` կարող ա, մեղա, մեղա, դագաղ էլ գտնես: Էս էլ դրանց քարոզարշավը: Իսկ հիմի լուրջ` «Լեւոն Տեր-Պետրոսյանը հաղթանակած նախագահ է: Նա տարածքներ է ետ բերել, անկախություն է հռչակել, հաղթահարել է պատերազմող երկրին հատուկ մի շարք խնդիրներ: Նա լուրջ գիտնական է, եւ նրան կարող են գնահատել միայն աշխարհում հայտնի լուրջ գիտնականները: Սա է Լեւոն Տեր-Պետրոսյանի հարստությունը` նրա գիտելիքները, քաղաքական ասպարեզում նրա փորձառությունը, նրա ազնվությունն ու անկեղծությունը: Իսկ ի՞նչ ունի Սերժ Սարգսյանը: Միլիոնների հասնող ներդրումներ է անում ԱՄՆ-ում, կազինոներում ձեզանից թալանված փողերը տանուլ տալիս...»: Չարենցավանցիներին ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մասնավորապես ասաց. «Եթե ինչ-որ խղճուկ ողորմելի մարդկանց թվում է, թե Կովալենկո կոչվող մարդու կողմից մարզում կազմակերպված խուլիգանությունների միջոցով մեզ կարող են հավասարակշռությունից հանել, այդ ողորմելի մարդիկ բթամիտ են: Հավասարակշռությունից նրանք են դուրս եկել, նրանց նյարդերն են տեղի տվել, հայտնվել են հոգեկան հիվանդի վիճակում: Սա մեր միտինգն է, Սահմանադրությամբ մեզ տրված: Մեր թիմը այսօր անձեռնմխելի է, եւ ցանկացած մարդ, որ կփորձի խանգարել այդ միտինգը` քրեական հանցանք է գործում եւ պատասխան կտա այդ հանցանքի համար: Խորին շնորհակալություն Կովալենկոյին եւ նրա ազնվազարմ որդուն, քանի որ այն, ինչ ես եկել էի ապացուցելու, նրանք ապացուցեցին: Մենք գալիս ենք ստեղծելու օրինականության, արդարության, ժողովրդավարության հիմքերի վրա կառուցված իշխանություն: Իսկ ի՞նչ է ձեզ բերել Սերժ Սարգսյանը` ստորաքարշության, հանցագործությունների, թշվառության վրա հիմնված երկիր»: Լեւոն Տեր-Պետրոսյանը հիշեց, որ 1996-ին ինքը Կոտայքի մարզում ստացել է 50 տոկոսից քիչ ձայն, սակայն «ես երջանիկ եմ, որ ձեզ համար ստեղծել էի ազատ խոսքի, ժողովրդավարության, ազատ ընտրության իրավունքի երկիր: Թող որեւէ պաշտոնյա կամ ոստիկանության աշխատող ասի, որ արժանացել է իմ դժգոհությանը: Այդպիսի բան չի եղել: Իմ երազանքն է Հայաստանում վերականգնել ժողովրդավարությունը»: «Լե-վոն, Լե-վոն, Լե-վոն», «Հաղ-թա-նակ» վանկարկելով չարենցավանցիները ճանապարհեցին ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին: «Ժողովուրդը վստահում է իրեն» Հաջորդ հանդիպումը Ալափարսում էր, ապա` Արզականում: Լեւոն Տեր-Պետրոսյանը երկու գյուղում էլ ներկայացրեց իր ծրագրային հիմնադրույթները, խոսեց ժողովրդին հուզող հարցերի մասին եւ ներկայացրեց դրանց լուծման ճանապարհները: Արզականցի Վարդան Թովմասյանին հարցրի, թե ու՞մ է ընտրելու: Խեթ-խեթ ինձ նայեց` կարծես հասկացնելով` պարզ չի՞, Լեւոնին: «Ինչու՞ Լեւոնին», - համառեցի: «Նրա արժանիքների համար: 10 տարի նա հետեւեց ու տեսավ, որ Հայաստանը շուտով կդառնա Սոդոմ եւ Գոմոր, եթե այսպես շարունակվի: Այդ մարդը կամքի ուժ գտավ ու եկավ: Ժողովուրդը նրան վստահում է: Կոնկրետ` մեր գյուղը նրա համար կանգնած է», - ասաց նա: Նույնչափ սրտառուչ հանդիպում էր նաեւ Բջնիում: Այստեղ առաջին նախագահը չթողեց, որ արդեն ոտքերը կապկպած ոչխարը մորթեն. «Ոչ, ազատ արձակեք կենդանուն, իսկ եթե այնուամենայնիվ ուզում եք մորթել, ուրեմն հաղթանակից հետո»: «Բջնիի բերդը երբեք չի նվաճվել, նրան տիրել է մեծագույն զորավար Գրիգոր Մագիստրոսը: Մի թողեք, որ Բջնիի բերդը այս անգամ նվաճեն երկու ելուզակ: Նրանք դրան արժանի չեն», - ասաց թեկնածուն: «Չենք թողնելու, ոչ մի դեպքում չենք թողնելու, Լե-վոն, Լե-վոն»: Ահա Բջնիի բնակիչների պատասխան խոսքը: Ապա` Սոլակ, Քաղսի, Հրազդան: Սոլակում երկու ձիավոր ուղեկցեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղեկցող ավտոշարասյունը մինչեւ գյուղի կենտրոն: Երբ այցելում ես մեր գյուղերն ու տեսնում գյուղացիների արձագանքը, սիրտդ ցավով է լցվում: Մարդիկ կարոտ են մի սրտացավ ղեկավարի, կարոտ են մի անկեղծ խոսքի: Ժողովուրդը մարդու հոգին ճանաչելու զարմանալի զգացողություն ունի: Գործող իշխանության մասին խոսելիս Կոտայքի մարզում ասում էին. «Դրանցից ի՞նչ իշխանություն, դրանք թալանչիներ են»: «Բա տնտեսական ա՞ճը, թոշակնե՞րը, նպաստնե՞րը», - հարցրի: «Ի~, էդ ի՞նչ ես խոսում, դու էս երկրից չե՞ս», - զարմացավ մեկը: «Ոչ ավազակապետությանը, ոչ ստրկամտությանը» «Խաղաղություն, բաց սահմաններ, բարեկեցություն»: «Ուր բանքն սպառին եւ գործքն թագավորեն»: Այս կարգախոսներով դիմավորեցին հրազդանցիները ՀՀ առաջին նախագահին եւ նրա զինակիցներին: Հրազդանում անակնկալ էր սպասվում: ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը դիմավորեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ նրանք երկար զրուցեցին գրասենյակում, ուր նաեւ Վազգեն Սարգսյանի դիմանկարն էր... Իսկ մարզպետարանի շենքի բակում արդեն հավաքվել էր, համեստ հաշվարկներով, շուրջ 5000 մարդ: Հանրահավաքը տեւեց նախատեսվածից երկար: Այստեղ ելույթ ունեցան գրեթե բոլոր քաղաքական գործիչները, քանի որ հրազդանցիների ոգեւորությանը չափուսահման չկար, ու իրենց ապագա ղեկավարներին չէին ուզում բաց թողնել: Արամ Սարգսյանը ասաց, որ երբ ժողովրդի միջով քայլում էր դեպի հարթակ, մարդիկ ասում էին. «Ինչու՞ չեք շուտ-շուտ գալիս»: «Դա ամենամեծ եւ ամենաթանկ գնահատականն է մեզ համար: Սրա համար արժե մարտնչել անընդհատ, սրա համար արժե նույնիսկ կյանքը տալ»: Իսկ Ստեփան Դեմիրճյանը նշեց, որ շատ լավ գաղափար է մարզկենտրոնի դիմաց հանրահավաք անելը, որպեսզի այնտեղի աշխատողներն էլ օգտվեն առիթից ու ձմեռվա ցրտին բաց պատուհաններից հետեւեն մեր հանրահավաքի ընթացքին: ՀԺԿ նախագահը նաեւ խոսեց Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագրում նախատեսված տարբեր ոլորտներին վերաբերող դրույթներից եւ հավաստիացրեց, ու իրենք լիովին համաձայն են առաջին նախագահի առաջարկություններին եւ կարծում են, որ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է Հայաստանում դնել առողջ պետության հիմքերը. «Նա փորձառու է, նա գիտակ է, նա ազնիվ է, նա բարձր մտավորական է»: «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը այսպես դիմեց հրազդանցիներին. «Լեւոն Տեր-Պետրոսյանը այն մարդն է, ով ի վիճակի է պաշտպանել իր ժողովրդին, ով իր ժողովրդին տարել է դեպի հաղթանակ, ով երրորդ հանրապետության բոլոր հաղթանակների գերագույն գլխավոր հրամանատարն է, եւ նա եկել է հերթական անգամ իր ժողովրդին առաջնորդելու դեպի հաղթանակ»: «Ապրե~ս», «Ապրե~ս», - հավանություն տվեցին միտինգավորները: Հանրահավաքը ավարտվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքով. «Մեր զենքը մեր խոսքն է եւ այդ խղճուկ մարդիկ վախենում են մեր խոսքից: Վախենում են, որովհետեւ այդ մարդիկ գող են, այդ մարդիկ ավազակ են, բանդիտ են, այդ մարդիկ այս ժողովրդի կեղեքիչներն են, հարստահարիչներն են, փորձանքն են, թշնամին են, ոսոխն են, ինչ ուզում եք ասեք: ...Ինչի՞ց են նրանք այսօր վախեցած. որովհետեւ տեսնում են, որ արդեն բռնված են: Բռնված գողից ավելի խղճուկ, մատնիչ, ողորմելի, քոսոտ էակ գոյություն չունի: Տեսեք դատարաններում ինչեր են երգելու միմյանց մասին: ...Մենք եկել ենք մաքուր, ազնիվ թիմով: Ստեփան Դեմիրճյանին բազմիցս առաջարկել են նախարարի պաշտոն, բայց նա հրաժարվել է ընդունել այդ շնորհը: Ստեփան Դեմիրճյանը այդ մարդը չէ, որ նրանց նմաններից ընդունի որեւէ շնորհ: Արամ Սարգսյանին նույնպես փորձել են գայթակղել տարբեր առաջարկներով եւ փոխարենը նրա եղբորը` Արմեն Սարգսյանին ազատել բանտից: Այդպիսի` իր խղճի դեմ գործարքի Արամ Սարգսյանը չէր գնա: Վեց ամիս առաջ փորձեցին նաեւ ինձ գայթակղել Մատենադարանի տնօրենի պաշտոնով: Ինձ համար մեծ պատիվ կլիներ դա, բայց ինչպես կարող էի ես այդ մարդկանցից թեկուզ նման առաջարկ ընդունել»: Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջում ասաց, որ գործող իշխանությունը երկիրը տանում է կործանման եւ ժողովուրդը այսօր հնարավորություն ունի դա կասեցնելու: Օրվա շրջայցն ավարտվեց Աղավնաձորի եւ Մեղրաձորի բնակիչների հետ հանդիպումներով: Օրը հագեցած էր թե անկեղծ ելույթներով, թե ժողովրդի անզուսպ ոգեւորությամբ: Մի հրազդանցի նույնիսկ բացականչեց. «Մենք մեր ընտրությունը կատարել ենք, կարող ենք հենց հիմա էլ քվեարկել ու հարցը վերջացնել»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |