|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ո՞վ է դեմ գազի պայթյունի գործի լիակատար բացահայտմանը17:14 Yerevan | 13:14 GMT | Friday 25 January 2008Էլմիրա Մարտիրոսյան ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը` նախագահությամբ դատավոր Արթուր Պողոսյանի, քննության առավ 2006-ի օգոստոսի 12-ին Դիլիջան-Վանաձոր ճանապարհահատվածում տեղի ունեցած պայթյունի գործը. ավտոցիստեռնի պայթյունից տուժել էին նրա ետեւից ընթացող երեք մեքենաներում գտնվող քաղաքացիները, որոնցից յոթը մահացել էին, իսկ մնացածը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Այս գործով ամբաստանյալներ «ՎՆՍ» ՍՊԸ-ի տնօրեն Սանասար Գրիգորյանին եւ «Բութան» ՍՊԸ-ի լիցքավորման արտադրամասի պետ Յուրի Թադեւոսյանին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը դատապարտել է չորսական տարվա ազատազրկման: Դատավճռի դեմ բողոք էին բերել եւ տուժողները, եւ պաշտպանական կողմը: Տուժողները պահանջեցին Սանասար Գրիգորյանի նկատմամբ կայացնել նրա արարքին համարժեք` ավելի խիստ պատիժ եւ քաղհայցը բավարարել ամբողջությամբ, իսկ պաշտպանական կողմը պահանջեց իր պաշտպանյալների նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ: Տուժողների ներկայացուցիչ Լյուդվիգ Սարգսյանն իրենց պահանջը հիմնավորեց նրանով, որ Սանասար Գրիգորյանը խախտել է հեղուկ գազի տեղափոխման կանոնները եւ իրավական մի շարք նորմեր. չի կազմակերպել գազի տեղափոխման անվտանգության կանոնների պահպանմանն առնչվող համապատասխան ուսուցում, հեղուկ գազը տեղափոխել է առանց համապատասխան թույլտվության տեղադրված ավտոցիստեռնով, առաքման, տեխնիկայի անվտանգության կանոնների խախտմամբ: Արդյունքում 41աստիճան շոգի պայմաններում մեծացել է ավելցուկային ճնշումը գազի ցիստեռնում (որը ըստ տուժողների` գազի համար նախատեսված չի եղել), խախտվել է լիցքավորման եւ դատարկման (ոչ գործարանային արտադրության) եռակցված միացումը եւ դարձել դժբախտության պատճառ: Պաշտպաններ Վարդուհի Էլբակյանն ու Արթուր Աթարբեկյանն էլ իրենց արդարացման պահանջը հիմնավորեցին այն հանգամանքով, որ առաջին ատյանի դատարանն ամբողջական քննություն չի կատարել, ուշադրություն չի դարձրել փորձագիտական եզրակացությանն ու փորձագետների ցուցմունքներին եւ չի տվել իրավական ճիշտ գնահատական: Այսինքն, անկախ նրանից` ավտոցիստեռնը կանգնած լիներ, թե շարժման մեջ, պայթյունը լինելու էր, չկա պատճառահետեւանքային կապ տեղափոխելու եւ պայթյունի միջեւ, քանի որ Երեւանում այդ օրը ջերմաստիճանը եղել է 41 աստիճան, իսկ Դիլիջանում` 34: Ա.Աթարբեկյանը նշեց, որ «Բութանի» աշխատակից իր պաշտպանյալը` Յուրի Թադեւոսյանը կամիկաձե չէր, որ առանց արտաքին զննության լիցքավորում աներ: Մինչդեռ տուժողի ներկայացուցիչը պնդեց, որ կոնկրետ Ս.Գրիգորյանի արարքը ճիշտ չի որակվել, քանի որ նա չի ունեցել հեղուկ գազի առեւտրային գործունեություն իրականացնելու իրավունք` լիցենզիա: Նույնիսկ իր ընկերության կանոնադրությամբ չի ունեցել նման իրավունք: Հեղուկ գազ տեղափոխող ավտոցիստեռնը եւ կցորդը գրանցված չեն եղել համապատասխան մարմիններում, չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր եւ չեն անցել տեխզննում, սակայն շահագործվել են: Տուժողներից Հայկարամ Ժամկոչյանը նշեց, որ սույն գործով դատախազությունը եւ դատարանն ի սկզբանե կաշկանդված են եղել, քանի որ նախաքննության մարմինը դեպքից 13 օր հետո է սկսել քննչական գործողություններ իրականացնել (դիակներն այդ ընթացքում մնացել են անթաղ), այն էլ` տուժողների դիմելուց ու բողոքներից հետո, իսկ դատարանը վկաներ հրավիրելու առումով է կաշկանդված եղել: Գործը դատարան է ուղարկվել գաղտնի` առանց տուժող կողմի ներկայացուցչին ծանուցելու: Տուժող Հռիփսիմե Դեղձումյանն էլ ավելացրեց, որ իրենք նպատակ չունեն անմեղ մեկին ազատազրկելու եւ ասաց, որ մեղավորները պետք է պատժվեն նաեւ ֆինանսապես, քանի որ 7 հոգու կորցրել են անվերադարձ, եւ որպեսզի նման բան չկրկնվի` պետք է պատասխանատվության ենթարկվեն մեղավորները: Ասաց, որ ինքը պատրաստ է բռնագանձվելիք գումարը տրամադրել բարեգործական նպատակներով, միայն թե մեղավորները հետայսու ավելի պատասխանատու գտնվեն իրենց գործունեության մեջ` գոնե ֆինանսական վնասներից խուսափելու համար, որպեսզի մարդիկ այլեւս չկորցնեն իրենց հարազատին, կերակրողին եւ երեխաները որբ չմեծանան: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չճանաչեցին, պարզապես իրենց ցավակցությունը հայտնեցին կատարվածի առիթով: Ս.Գրիգորյանն ասաց, որ գազի առեւտրային գործունեությունը լիցենզավորված չի եղել, դրա համար էլ ինքը չէր կարող լիցենզիա ձեռք բերել: Այն հարցին, թե այդ դեպքում ում են մեղավոր ճանաչում` Յուրի Թադեւոսյանը նախ ուսերը թոթվեց, ապա ասաց` երեւի եղանակը, սակայն այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու է այդ օրերին միայն այդ դեպքը եղել. ավելի բարձր ջերմաստիճան ունեցող Երեւանում բազմաթիվ այդպիսի դեպքեր կարող էին լինել: Պաշտպանական կողմը միջնորդեց դատարան հրավիրել փորձագետներին, սակայն դատարանը կողմերից չունենալով որեւէ առարկություն` մերժեց միջնորդությունը: Փետրվարի 7-ի նիստում կողմերը հանդես կգան ճառերով: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |