“Zhamanak” Armenian-American Political Daily

Լ.Տեր-Պետրոսյանի ընտրությունը բարենպաստ մթնոլորտ կապահովի

16:19 Yerevan | 12:19 GMT | Thursday 24 January 2008

Արմեն Գրիգորյան

Անցած տարեվերջին Ս.Սարգսյանի Մոսկվա, Վաշինգտոն եւ Բրյուսել կատարած այցերից հետո ավազակախմբին սպասարկող լրատվամիջոցները շտապեցին հայտարարել, որ իրենց թեկնածուն արդեն լուծել է միջազգային հանրության կողմից ընդունված լինելու խնդիրը, եւ որ իր գալիք հաղթանակն էլ անխուսափելի է դարձել:

Ինչեւէ, գոնե ռուսական լրատվամիջոցներին հետեւելու հնարավորություն ունեցող Հայաստանի քաղաքացիները կարող էին նկատել նրանց գլխավորապես չեզոք, հավասարակշռված վերաբերմունքը Հայաստանի առաջիկա նախագահական ընտրությունների կապակցությամբ: Իսկ վերջին օրերի հրապարակումներն արդեն այնքան էլ չեզոք չեն, եւ դրանց բովանդակությունն ընդհանրապես նպաստավոր չէ Ս.Սարգսյանի համար:

Ինչ վերաբերում է եվրոպական կառույցներին. հունվարի 17-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է մի բանաձեւ, որը ՀՀ գործող իշխանությունները կարող են իրենց հերթական «բարոյական հաղթանակը» համարել, քանի որ Եվրամիությունում ՀՀ ներկայացուցչության հսկայական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ զգալիորեն մեղմացնել դրա բովանդակությունը: Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է, որ բանաձեւի նախագիծը ՀՀ իշխանական շրջանակներում հիստերիա էր առաջացրել, քանի որ դրա աշխատանքային տարբերակում հիշատակումներ կային Լ.Տեր-Պետրոսյանի կողմնակիցների նկատմամբ կիրառվող բռնությունների մասին: Ընդունված բանաձեւի տեքստում տեղ է գտել ընդամենը ՀՀ իշխանություններին ուղղված կոչը` քննություն կատարել ոստիկանության կողմից բռնության, կոռուպցիայի եւ խոսքի ազատության սահմանափակումների դեպքերի կապակցությամբ: Սա որերորդ անգամ ապացուցում է, որ Վ.Օսկանյանի ղեկավարած գերատեսչությունն իրականացնում է իրավիճակային քաղաքականություն, որի միջոցով հերթական անգամ լուծվել է օրվա խնդիրը` մեղմացվել են վարչախմբի համար ոչ նպաստավոր որոշ ձեւակերպումներ: Սակայն այդպիսի իրավիճակային քաղաքականության եւ ավազակապետական վարչախմբի վերարտադրության դեպքում հնարավոր աղետալի հետեւանքները պատկերացնելու համար բավական է հիշատակել նույն բանաձեւի մեկ այլ կետ: Դրանում նշված է, որ Հարավային Կովկասի երեք պետությունների համագործակցությանն ուղղված ջանքերը անհաջողության են մատնվում առկա հակամարտությունների հետեւանքով, որ այդ հակամարտությունները տարածքային պահանջների եւ անջատողականության արդյունք են, եւ որ հակամարտության գոտիները հաճախակի օգտագործվում են կազմակերպված հանցավորության, փողի լվացման, թմրանյութերի եւ զենքի ապօրինի շրջանառության համար: Կարծում ենք, մեր ընթերցողներն արդեն գլխի ընկան վերը նշվածի ենթատեքստի մասին, իսկ ՀՀ արտգործնախարարության իրավասու պաշտոնյաների համար բացատրենք: Նախ ակնհայտ է, որ աբխազական եւ հարավօսական հակամարտությունները հայ-վրացական կամ վրաց-ադրբեջանական հարաբերությունները խզելու պատճառ չեն դարձել. հետեւաբար ղարաբաղյան հակամարտությունն է դիտվում տարածաշրջանային համագործակցության գլխավոր խոչընդոտ: ԼՂ հիմնահարցը տարածքային պահանջ որակելը վերջին տասը տարիների ընթացքում ԼՂ խնդիրը հայ դատի մի փուլ համարելու եւ դրանից ելնելով քոչարյանական վարչախմբի վարած քաղաքականության ուղղակի հետեւանք է: Իսկ թմրանյութերի եւ զենքի ապօրինի շրջանառության մեղադրանքներն ինչ հետեւանքներ կարող են ունենալ` ավելորդ բացատրության կարիք չունի:

Վերջին տասնամյակում վարած արտաքին քաղաքականության որակի մասին պատկերացում կազմելու համար օգտակար է նաեւ բացահայտել որոշ մանրամասներ 2007թ. հոկտեմբերին Վ.Օսկանյանի Բրյուսել կատարած այցից: Եվրախորհրդարանում իր ելույթով նա հերթական անգամ զարմացրել էր ներկաներից շատերին. մարդիկ տարակուսում էին` ելույթ ունեցողն անկախ ինքնիշխան պետության արտգործնախարա՞ր է, թե՞ հայ դատի գրասենյակի տնօրեն: Օսկանյանի երկարաշունչ ելույթն ամբողջությամբ նվիրված էր դրանից օրեր առաջ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ցեղասպանությանը վերաբերող 106 բանաձեւի «կարեւորությանն» ու դրա ընդունմամբ աշխարհի բոլոր պետությունների վրա դրված «բարոյական պարտականությանը»` այն դեպքում, երբ յուրաքանչյուր ողջամիտ մարդու համար պարզ էր, որ վերոնշյալ բանաձեւը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգում ընդգրկվելու շանս չուներ: Իր ելույթով ներկաներին մի լավ ձանձրացնելուց հետո Օսկանյանը նաեւ հարցուպատասխանի համար հատկացված ժամանակն օգտագործեց ելույթի առավել պարզունակ դրույթները կրկնելու համար` անպատասխան թողնելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային անվտանգությանը եւ այլ լուրջ խնդիրներին վերաբերող հարցերը: Օսկանյանի «լրջության» եւ «հեռատեսության» աստիճանը նկարագրելու համար բավական է նշել, որ արհամարհվել է, մասնավորապես, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Հարավային Կովկասի հարցերով զեկուցող Լ.Պոլֆերի հարցը` այն դեպքում, երբ վերջինս հաշված օրեր անց պետք է Հայաստան այցելեր: Հարկ է նաեւ նշել, որ Հայաստանում համատարած կոռուպցիայի, տնտեսական մենաշնորհների, եկամուտների բաշխման ծայրաստիճան անհավասարության եւ աղքատության, նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը ձգձգելու վարչախմբի մարտավարության եւ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության բացակայության մասին տեղեկացվածության մակարդակը բավական բարձր է, ինչը պարզ էր նաեւ կուլուարներում ընթացած զրույցներից:

Այժմ անդրադառնանք Հայաստանում կատարվող քաղաքական զարգացումների վերաբերյալ արտասահմանյան գործարար շրջանակների ցուցաբերած վերաբերմունքին: Կարելի է հիշել, որ հոկտեմբերին Բրյուսելում էր նաեւ Ռ.Քոչարյանը, որն իր ունեցած պատկերացումների համաձայն ակնարկել էր, որ Հայաստանում հնարավոր է հաջող բիզնես վարել` իր «բարձր հովանավորությանն» արժանանալու դեպքում: Ինչեւէ, գործարարները ներդրումների կատարման համար նպաստավոր պայմանների առկայությունը պարզելու նպատակով օգտվում են խորհրդատվական ծառայություններից: Ստորեւ ներկայացնում ենք գործարարության համար քաղաքական ռիսկերի գնահատմամբ զբաղվող բրիտանական «Exclusive Analysis» ընկերության Հայաստանին վերաբերող վերլուծությունը` կատարված 2007թ. նոյեմբերի սկզբին, Լ.Տեր-Պետրոսյանի նախագահի թեկնածու առաջադրվելու մասին հայտարարությունից հաշված օրեր անց: Դիվանագիտական քաղաքավարության գերի չհանդիսացող ընկերության կատարած վերլուծությունում մասնավորապես նշված է, որ Լ.Տեր-Պետրոսյանը Ս.Սարգսյանին հաղթելու հնարավորություն ունեցող միակ թեկնածուն է, որ Ս.Սարգսյանը հույսը դնում է վարչական ռեսուրսի, խոշոր ֆինանսական ռեսուրսների եւ էլեկտրոնային լրատվամիջոցների նկատմամբ վերահսկողության վրա, եւ որ հավանական են ընտրակեղծիքներ: Բրիտանական ընկերության վերլուծաբանները պոտենցիալ ներդրողներին խորհուրդ են տվել սպասել ընտրությունների արդյունքին` զգուշացնելով, որ Ս.Սարգսյանի նախագահ դառնալու դեպքում կավելանան կոռուպցիոն ռիսկերը եւ կլինի հօգուտ յուրայինների սեփականության հետագա վերաբաշխման վտանգ: Առկա են նաեւ հիշատակումներ բնապահպանության նախկին նախարար Վ.Այվազյանի կողմից 3 մլն դոլար կաշառք կորզելու փորձի, ինչպես նաեւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության եւ «ՍԻԼ» կոնցեռնի նկատմամբ իրականացված հետապնդումների մասին: Իսկ ահա Լ.Տեր-Պետրոսյանի հաղթանակի դեպքում վերլուծաբանները կանխատեսել են բարեխիղճ գործարարների եւ ապագա ներդրողների համար բարենպաստ մթնոլորտի ապահովում, քանի որ այդ դեպքում կնվազի կոռուպցիան, վճռական քայլեր կկատարվեն օրենքի գերիշխանության հաստատման ուղությամբ եւ կձեւավորվի իրական մրցակցային դաշտ, մինչդեռ ներկա բարձրաստիճան իշխանավորների հետ կապված տնտեսական մենաշնորհները կկորցնեն իրենց արտոնությունները:

Ամփոփելով` նշենք, որ ոչ միայն Հայաստանի քաղաքացիների համար է հասկանալի, որ Լ.Տեր-Պետրոսյանի հաղթանակը մեր երկրի ժողովրդավարացման, օրենքի գերիշխանության հաստատման եւ քաղաքացիների արժանավայել կյանքի ապահովման միակ հնարավորությունն է: Եվ մեր հաղթանակին են սպասում նաեւ արտերկրում` ակնկալելով, որ վերջին տասնամյակի ընթացքում վարած քաղաքականության հետեւանքով լուսանցքում հայտնված Հայաստանը կկարողանա վերադառնալ բնականոն զարգացման ուղու վրա` դառնալով վստահելի գործընկեր:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.