“Zhamanak” Armenian-American Political Daily

Մարդ-թատրոն Կարպը

16:08 Yerevan | 12:08 GMT | Thursday 24 January 2008

Մարինա Բաղդագյուլյան

Ամեն միմոսության եւ գռեհիկ «սրախոսությունների» վրա ակամա ծիծաղելուց հետո, երբ նույն ամայացած հոգով շարունակում եմ գործս ու հանկարծ առողջ ծիծաղի սուր պահանջ զգում, վերագնահատում եմ Կարպ Խաչվանքյանին: «Էս ճամպրուկը ի՞նչ անեմ, ու՞ր դնեմ» իրավիճակներում միշտ հիշում եմ Խաչվանքյանին եւ տխրում եմ` չնայած երգիծաբան էր: Երգիծանքի վարպետ էր` լացի ու ծիծաղի սահմանագիծն աննկատ մոտեցնող:

Կարպ Խաչվանքյանի մասին ասել, թե ուներ ձայն եւ երաժշտական էր, գեղեցիկ էր արտաքնապես, ուներ դիմախաղ ու շարժ, կերպավորման վարպետ էր եւ այլն, նշանակում է ոչինչ չասել Կարպ դերասանի, երգիծաբանի, մտավորականի, մեծ արվեստագետի մասին:

Նա Կարպ Խաչվանքյանն էր` մարդ-թատրոնը, մարդ-ծիծաղը, ում հանդիսատեսը սիրում էր այնպես, ինչպես, թվում է, չի կարող սիրել մեկ ուրիշին: Նրա կենդանության օրոք ամենամեծ դատավոր ժողովուրդն ասում էր. «Գնում ենք Խաչվանքյանի թատրոն»:

Հունվարի 23-ին լրացավ Կարպ Խաչվանքյանի 85-ամյակը: Խաղընկերները պատմում են, որ սիրով մասնակցել է ուրիշի հոբելյանական երեկոներին, բայց իրեն նվիրված երեկոներից խուսափել է: Ասում են` սնոտիապաշտ էր եւ նման դեպքերի մասին ասում էր. «Ով այդտեղ` այդ գահին նստում է եւ տոնում իր հոբելյանը, մեկ տարի հետո մեռնում է»: Խաչվանքյանի անզուգական խաղընկերուհին` Սվետլանա Գրիգորյանն էլ լսել անգամ չի ուզում հոբելյանական երեկոյի մասին: Նույն թատրոնի դերասան Բորիս Պեպանյանին հարցրին, թե ի՞նչ հարաբերություններ ունեին Խաչվանքյանն ու Գրիգորյանը: Ասաց. «Շատ լավ, հիանալի»: Լրագրողները հիասթափված էին այդ պատասխանից, ավելին էին ակնկալում, որովհետեւ կարծես ավելին գիտեին: Բայց Պեպանյանն ասաց. «Դա էլ մեր թատրոնի գաղտնիքն է»: Բայց Պեպանյանը մի քիչ սխալվում է այդ հարցում, քանի որ ինձ հայտնի է այն մասին, թե ինչպես է Կարպը Սվետլանայի լուսամուտի տակ երգել...

Շատերի մեջ են տպավորվել կադրերը, որտեղ Խաչվանքյանը դաշնամուր է նվագում: Պարզվում է` նա նոտաներ չգիտեր, բայց այնպե~ս էր նվագում... Ամենաշատ սիրում էր Չապլինի «Մեծ քաղաքի լույսերը» ֆիլմի երաժշտությունը եւ «Շերվուդյան հովանոցներ» երգը: Իսկ Պարոնյանի թատրոնի դերասանուհիներից մեկը մի առիթով պատմեց, թե ինչպես հյուրախաղերից հետո` գիշերը, հարեւան սենյակից, որտեղ Խաչվանքյանն էր, երաժշտության ձայն է լսում: «Ներս մտա, կիսալույս էր, սեղանին` կոնյակ, ծխախոտի մնացորդներ: Ուրիշ հյուրեր էլ կային: Մագնիտոֆոնով Հարութն էր երգում` «Հիսուն տարին»: Լուռ նստեցի նրա դիմաց: Երգը վերջացավ, զրուցեցինք: Հետո Կարպը թե` «Էն ի՞նչ երգ էր` «Հիսուն տարի՞», մեկ անգամ էլ թող երգի»: Ու երբ նորից երգում էր, նկատեցի, որ աչքերից արցունքներ են հոսում: Հասկացրի, որ մաքրի արցունքները, ձեռքով ցույց տվեց` սուս»...

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.