|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ովքեր են պայքարում Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ12:47 Yerevan | 8:47 GMT | Tuesday 22 January 2008Վարդան Հարությունյան Հենց սկզբից էլ պարզ էր, որ մեր ընդդիմությունը նախագահական ընտրապայքարում միասնաբար չի պայքարելու: Ոչ թե այն պատճառով, որ միասնության գաղափարը մեզանում հասունացած չէ, այլ այն պատճառով, որ ընդդիմությունը լցված է իշխանությունների կողմից ներդրված կեղծ ընդդիմադիրներով: Այս կարգի ընդդիմադիր կոչվածների օգնությամբ, 1998-ի իշխանափոխությունից հետո, գործող իշխանություններն սկսեցին հրապարակից պարբերաբար դուրս մղել գաղափարական պայքարն ու քաղաքականությունը` դրանք փոխարինելով արհեստածին կուսակցություններով ու գործիչներով: Իշխանությունն ու ընդդիմությունը, գնալով հավասարաչափ գաղափարազուրկ ու ապաքաղաքական լինելով ու իրար լրացնելով, ամեն ինչ պետք է անեին, որ դաշտում եղած քիչ թե շատ քաղաքականացված ուժերը վերջնականապես դուրս մղվեին հասարակական կյանքից: Ապաքաղաքական դաշտի վերջնական ձեւավորումը գործող իշխանությունների ամենակարեւոր նվաճումն էր հանդիսանալու: Նման դաշտում չափազանց հեշտ էր լինելու ընդդիմություն-իշխանություն խաղալով անընդհատ վերարտադրվելը: Անցած նախագահական եւ պառլամենտական ընտրությունների, սահմանադրական հանրաքվեի ընթացքում այն արդեն փորձարկվել էր եւ կասկածից վեր էր, որ իշխանությունը պահելու լավագույն ճանապարհն արդեն հարթված է, որ որեւէ ուժ ու իրադարձություն այլեւս անկարող են կասեցնել գալիք նախագահական ընտրությունների կանխորոշված ելքը: Ազատ մրցակցության եւ ընտրապայքարի իմիտացիան ապահովելու նպատակով աշնանն իրենց թեկնածությունն շտապեցին առաջադրել տարբեր գործիչներ ու չգործիչներ: Թվում էր` ամեն ինչ ընթանալու է առանց անակնկալների, դեռեւս գարնանը մշակված ծրագրի շրջանակներում: Պառլամենտական ընտրությունները բարեհաջող ավարտվել են, ընդդիմության վերջին բեկորները դուրս են մղվել դաշտից ու որեւէ հակազդեցություն այլեւս լինել չի կարող: Բայց տեղի ունեցավ անսպասելի մի բան. իր թեկնածությունն առաջադրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը` քաղաքական դաշտ վերադարձնելով քաղաքականությունը եւ այնտեղից, թվում էր, ընդմիշտ վտարված քաղաքական ուժերին: Սկսվեց մի աննկարագրելի իրարանցում: Իշխանություններն ու ընդդիմություն կոչվածը անձնական մանր ու մեծ վիրավորանքներն ու խնդիրները մի կողմ թողած, ի մի գալով, սկսեցին իրենց պայքարն ընդդեմ Տեր-Պետրոսյանի: Տեր-Պետրոսյանի մասնակցությունն սկսեց ընտրապայքարին քաղաքական գունավորում տալ` ցուցադրելով մնացած մասնակիցների ապաքաղաքական կերպարները, ընդգծելով, որ նրանք իրականում պայքարում են ոչ թե հանուն իրենց առաջ քաշած արժեքների ու գաղափարների, այլ զբաղված են պարզունակ քաղաքական կոռուպցիայով: Ակնհայտ դարձավ, որ նրանք, օգտագործելով ստեղծված իրավիճակը, աշխատում են հնարավորինս շատ նյութական օգուտներ ստանալ եւ հրապարակից վտարված քաղաքական ուժերի տեղերը գրավելով` քաղաքական գործիչների համարում ձեռք բերել: Եթե ապաքաղաքական իրավիճակում հնարավոր է քաղաքական պայքար կամ նախընտրական մրցավազք նմանակելով մոլորեցնել մարդկանց` կատարած աշխատանքի դիմաց վճարվել, հետն էլ ընդդիմադիր գործիչի հարգալից համբավ վայելել, ապա քաղաքականացված դաշտում լավագույն դեպքում միայն վճարն է մնում, առանց քաղաքական գործիչի գայթակղիչ համբավի, որն ինքնին կապիտալ է ու մշտական եկամուտի աղբյուր: Ունեցած հնարավորություններն ու իրենց տեղն ու դերը կորցնելու վտանգը գիտակցելով, բացառությամբ Դաշնակցություն եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների, որոնք ամեն ինչ անում են ընտրապայքարում իրենց օգտին հաջողություններ գրանցելու համար, նախագահի մնացած թեկնածուները Սերժ Սարգսյանի կառքին լծված, կատաղի պայքար են մղում Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ: Նախագահի այս թեկնածուներից հետո Տեր-Պետրոսյանի դեմ պայքարի հաջորդ մասնակիցները տարբեր տրամաչափի, հայտնի ու անհայտ քրեական ու կիսաքրեական գործիչներն ու հեղինակություններն են: Մի մասը մաքուր քրեական երանգավորմամբ, մյուսը` կիսաքաղաքականացված: Սրանք Սերժ Սարգսյանի հետ կապված են ոչ թե գաղափարական ընդհանրություններով ու քաղաքական հաշվարկով, ոչ թե քաղաքական ծրագրերով ու ծրագրերի իրականացման համար նախանշված ճանապարհով, ոչ թե քաղաքականությամբ, այլ միայն ու միայն չոր հաշիվների ու պարզաբանումների («ռազբորկա») վրա հիմնված պայմանավորվածություններով: Այս ուժերը վերջին տասը տարիների ընթացքում կարեւորագույն դիրքեր են գրավել երկրի պետական ու հասարակական կյանքում` ընտրություններից ընտրություն էլ ավելի ամրապնդելով իրենց դերն ու ընդգծելով գործող իշխանությունների համար իրենց կարեւորությունը: Եվ վերջապես` մանր-մունր գրպանային կուսակցություններից ու կուսակցապետերից հետո, որոնց անունները հանրությանը ոչինչ չեն ասում, Տեր-Պետրոսյանի դեմ պայքարողների շղթան փակում են, այսպես կոչված, «օբյեկտիվները»: Սրանք այն գործիչներն են, ովքեր տարված անաչառ երեւալու մարմաջով` համ նալին են խփում, համ մեխին: Իշխանական թեկնածուին քննադատելիս սրանք անպայման փորձում են ցուցադրական քննադատությամբ անդրադառնալ նաեւ Տեր-Պետրոսյանին` թյուրիմացաբար կարծելով, թե դրանով կերտում են անաչառ գործիչի իրենց կերպարը: Այնինչ, իրականում, չհասկանալով, իսկ գուցե հենց հասկանալով ու կանխամտածված, աշխատում են Սերժ Սարգսյանի օգտին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ասել է թե` սպասվող փոփոխությունների ու նոր զարգացումների դեմ: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |