|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Բաքուն այլեւս չի՞ սպասելու12:40 Yerevan | 8:40 GMT | Tuesday 22 January 2008Էմմա Գաբրիելյան Անցյալ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի ավարտից ընդամենը մի քանի օր անց պաշտոնական Բաքուն հանդես է եկել` հայաստանյան նախագահական ընտրությունների եւ համանախագահների կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին վերագրված որոշակի թայմ-աութ վերցնելու ֆոնին հակադիր դիրքորոշմամբ: Հիշեցնենք, որ համանախագահները վերջին այցի ընթացքում ընդգծեցին, որ եթե Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին ժամանակ է հարկավոր, ուրեմն նրանց պետք է տալ այդ ժամանակը` առաջարկների յուրաքանչյուր նախադասությունը ուսումնասիրելու, ինչպես նաեւ հավաստիացնում էին, թե նրանց տարածաշրջանային վերջին այցին կողմերից ամենեւին էլ համաձայնություն չէին ակնկալում: Երեկ սակայն միջազգային հեղինակավոր «THE WALL STREET JOURNAL» թերթում հրապարակվել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հոդվածը, որտեղ նա ընդգծել է, որ ղարաբաղյան խնդիրը այլեւս չի կարող սպասել, ստատուս քվոյի պահպանումը անչափ թանկ է նստում, եւ որ Բաքուն լրջորեն է տրամադրված առաջ շարժվել: Ադրբեջանի ԱԳ նախարարը կարեւորել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը իր երկրի զարգացման հարցում, վստահեցրել, թե տարածաշրջանային ինտեգրացիան հնարավոր է միայն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման դեպքում. «Տարածաշրջանային ինտեգրացիան առաջնայնություն է Ադրբեջանի համար, սակայն դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե մենք կարողանանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատեւ լուծում գտնել», - ընդգծել է Ադրբեջանի արտգործնախարարը: «Նավթի եւ գազի ներկայիս գները շուկայում բարձր են, եւ մենք պետք է կարողանանք առավելագույնի հասցնել մեր ռազմավարական պաշարների տնտեսական ներուժը: Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտությունը, սակայն, սպառնալիք է գոյություն ունեցող խողովակաշարերի ենթակառուցվածքի անվտանգությանը եւ խոչընդոտում է Եվրոպայի հետ տարածաշրջանի էներգակիրների առեւտրի օպտիմալացմանը», - գրել է Է.Մամեդյարովը եւ նկատել. «Մեզ մոտ` Ադրբեջանում, դա խոչընդոտում է տնտեսական աճին, որը անցած մի քանի տարիներին եղել է միջինը շուրջ 30 տոկոս»: Ադրբեջանի ԱԳ նախարարը նաեւ ընդգծել է. «Գրեթե 14 տարի է, ինչ Ադրբեջան-Հայաստան պատերազմում հրադադար է հաստատվել Ռուսաստանի միջնորդությամբ: Սակայն մինչեւ օրս հայկական զորքեր կան մեր տարածքում: Մեր երկրի մի մասի օկուպացման շարունակումը մենք չենք կարող հանդուրժել: Այսպես կոչված Մինսկի գործընթացը` այս հակամարտության խաղաղ, բանակցային կարգավորում գտնելուն ուղղված եւ ԵԱՀԿ-ի կողմից առաջնորդվող ջանքերը օգտակար է եղել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկխոսության շրջանակ ընձեռելու առումով: Սակայն մենք պետք է հրատապ կերպով ամփոփենք այդ գործընթացը: Ստատուս քվոյի պահպանումը անչափ թանկ է նստում», - ընդգծել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորման ադրբեջանական դիրքորոշմանը Է.Մամեդյարովը նշել է. «Ադրբեջանը չի կարող որեւէ փոխզիջում անել, երբ խոսքը վերաբերում է իր տարածքային ամբողջականությանը եւ ներքին տեղահանված անձանց վերադարձին: Հայաստանը պետք է իմանա, որ մենք պատրաստ ենք Լեռնային Ղարաբաղին տրամադրել ինքնավարության հնարավոր ամենամեծ աստիճանը Ադրբեջանի կազմում: Մենք նույնիսկ պատրաստ ենք էականորեն ավելացնել կենտրոնական ֆինանսավորումը ադրբեջանական այդ գավառի զարգացման համար»: Այնուհետեւ Ադրբեջանի արտգործնախարարը հավաստիացրել է, թե դիվանագիտությունը Ադրբեջանի համար նախընտրելի ճանապարհ է, նա կարծիք է հայտնել, որ Հայաստանը եւս կարող է օգտվել տարածաշրջանային ինտեգրացիայից եւ զարգացումից, շեշտելով, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը կբարելավեր ոչ միայն Հայաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները, այլեւ` Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ. «Ղարաբաղի խնդիրն այլեւս չի կարող սպասել: Բաքուն լրջորեն է տրամադրված` շարժվելու առաջ»: Անկախ այն բանից, թե պաշտոնական Բաքուն իսկապե՞ս մտադիր է այլեւս չհապաղել եւ արագ կարգավորման գնալ ԼՂ-ի խնդրի կարգավորման հարցում, ուշագրավ է, որ Ադրբեջանը վերջին տարիներին արձանագրած ֆինանսատնտեսական զարգացման ֆոնին անգամ արձանագրում է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ստատուս քվոյի պահպանումը «անչափ թանկ է նստում»: Եվ միակ հարցը, որ կարելի է ուղղել պաշտոնական Երեւանին, սա է` իսկ հայկական կողմը գիտակցու՞մ է այն «գինը», որը վճարում է ստատուս քվոյի պահպանման դիմաց... Երեկ մեկ այլ պարբերական` «TRANSITIONS ONLINE»-ը նույնպես անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական գործընթացներին եւ ղարաբաղյան հիմնախնդրին. «Ռոբերտ Քոչարյանը իր հաջորդին թողնում է խնդիրների բավական մի լուրջ կապոց. գործազրկության բարձր մակարդակ, կոռուպցիայով եւ հովանավորչությամբ հայտնի երկրի համբավ. այնուամենայնիվ ամենամեծ ժառանգությունը, որը Ռ.Քոչարյանը թողնում է իր հետնորդին` ղարաբաղյան խնդրի կարգավորումն է», - նշում է պարբերականը եւ արձանագրում, որ այժմ աշխարհաքաղաքական զարգացումների ենթատեքստում` Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Թեհրանի հետ միաժամանակ լավ հարաբերություններ պահպանող Ռոբերտ Քոչարյանը Լեռնային Ղարաբաղի խնդիրը թողնում է այնպես, ինչպես 1998թ. նախագահությունը ստանձնելիս: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |