“Zhamanak” Armenian-American Political Daily

Սպառնալիք ՀՀ անվտանգությանը

13:12 Yerevan | 9:12 GMT | Saturday 19 January 2008

Գագիկ Աբգարյան

Վերջին օրերին, աշխարհի ֆոնդային բորսաներում դոլարի կուրսը անկում ապրեց մոտ ութ կետով: Սակայն, ինչպես հաղորդում են լրատվական գործակալությունները, երեկվանից դադարել է դոլարի կուրսի անկումը եւ սկսվել է հակառակ գործընթացը:

Օրինակ` Ռուսաստանի ֆոնդային բորսայում դոլարը մեկ օրում վերագտավ իր կորցրած դիրքերը: Ի տարբերություն աշխարհում տիրող վայրիվերումների` Հայաստանում, ինչպես ասում են, արշալույսները խաղաղ են` մենք, մեր սարերը ու մեր դրամը: Այս օրերին դոլարը մեր մոտ ոչ թե «սկեց», այլ հակառակ համաշխարհային գործընթացներին` մոտ հինգ կետով արժեւորվեց` 305-ից բարձրանալով մինչեւ 310 դրամը: Այս խնդրի եւ ընդհանրապես դոլարի շուրջ ընթացող զարգացումների մասին մենք զրուցեցինք տնտեսագիտության թեկնածու Անդրանիկ Թեւանյանի հետ: Մենք խնդրեցինք բացատրել, թե ինչո՞վ է պայմանավորված դոլարի կուրսի անկումը ամբողջ աշխարհում:

«Արժեզրկումը պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ն տարիներ շարունակ պատերազմ է վարում եւ որոշակի բյուջետային դեֆիցիտ է առաջացել: Թույլ դոլարի միջոցով Ամերիկան, փաստորեն, իր ֆինանսական դժվարությունները դնում է ամբողջ աշխարհի վրա` դրանով փակելով իր ընթացիկ հաշվի դեֆիցիտը: Բացի այդ, դոլարի թուլացումն արտահայտվում է այնպիսի երեւույթներով, ինչպիսին է բորսայական ապրանքների (նավթի, ոսկու եւ այլն) թանկացումը դոլարային տեսքով»: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ նրա, մենք չունենք ինստիտուցիոնալ մեխանիզմներ, որոնց միջոցով կարողանանք դրսից ուղարկվող գումարները տրանսֆորմացնել ներդրումների` իրական տնտեսության զարգացման առումով, ինչի հետեւանքով ստանում ենք զուտ սպառման աճ, դրամի արժեւորում, որը հարվածում է մեր ներքին շուկայում գործող արտադրողներին եւ ավելի մեծ ուժով արտահանողներին: Նրանք, միավոր արտադրանքի թանկության պատճառով, պարզապես չեն կարողանում իրացնել իրենց ապրանքներն ու ներմուծելը դառնում է ավելի ձեռնտու: Ա.Թեւանյանը մեր խնդրանքով անդրադարձավ նաեւ համաշխարհային ֆինանսական գործընթացներին հակառակվելու մեր «նախասիրությանը»: «Հայաստանը ինչ-որ առումով միջազգային գործընթացների օրինաչափությանը չի ենթարկվում, որովհետեւ մեզ մոտ հաճախ գործում են այլ կանոններ: Ինչ վերաբերում է դոլարի հարաբերական կայունացմանը Հայաստանում, երբ կուրսը 303-ից հասավ 310-ի, սրա մեջ ինչ-որ չափով առկա է նաեւ քաղաքական գործոնը: Ենթադրվում է, որ իշխանությունները նախընտրական փուլում չեն ուզում ստեղծել լարվածություն, քանի որ իրենք էլ գիտեն, որ շատ մարդիկ դրսից ուղարկված փողերով են իրենց գոյությունը պաշտպանում Հայաստանում: Բերեմ վերջին տարիների համար աննախադեպ մի թիվ` ֆինանսների նախարարությունը միայն դեկտեմբեր ամսվա ընթացքում շուկա է բաց թողել 70 մլրդ դրամից ավելի գումար: Իհարկե ոչ արհեստականորեն, բայց փաստը մնում է փաստ: Պետությունը, փաստորեն, անուղղակիորեն խնդիր է դրել փոխարժեքի կտրուկ անկում թույլ չտալու: Ստացվում է, որ երբ ցանկություն են ունենում` նրանց հաջողվում է փոխարժեքը պահել այն սահմաններում, ինչը որ կա: Փոխարժեք պահելը հաջողվեց, սակայն նկատվեց այլ բացասական երեւույթ (հատկապես տոնական օրերին)` տեղի ունեցավ գնաճ, ինչը բնական էր այս պարագայում: Ճիշտ է, ապագա ընտրողին սիրաշահելու համար իշխանությունները որոշել էին կանխել նաեւ գնաճը, բայց կարելի է ասել, որ այդ մասը նրանց չհաջողվեց», - ասաց նա: «Մինչեւ հիմա մեր գլխավոր բանկիրը հայտարարում էր, որ օրենսդրությունը իրենց թույլ չի տալիս խառնվել փոխարժեքի ձեւավորմանը», - փաստեցինք մենք: «Կենտրոնական բանկը պնդում էր նաեւ, որ իրենք պատասխանատու են գների մակարդակի համար (այդ նորմն ամրագրված է նաեւ նոր Սահմանադրության մեջ), ինչը չկարողացավ անել անցած տարվա ծրագրվածի սահմաններում: Եվ ամենակարեւորը` քանի որ այժմ մենք նախագահացուների մրցավազքի փուլում ենք, խոսեմ մոդայիկ լեզվով. գրանցված թեկնածուներից ամենավտանգավորը ֆորմալ գրանցում չստացած «նախագահի թեկնածու» Գնաճն է: Սպասվող ինֆլյացիոն զարգացումների հիմնական պատճառը, անշուշտ, գործող համակարգն է եւ ապագա ցանկացած նախագահ լուծումներ պետք է գտնի սպասվող խորքային ճգնաժամից դուրս գալու համար: Բիզնեսն ու իշխանությունն այնքան են սերտաճել, որ արդեն սպառնում են ՀՀ անվտանգությանը», - ամփոփեց Թեւանյանը:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.