“Zhamanak” Armenian-American Political Daily

«Դաշնակցության դատ չի եղել»

13:27 Yerevan | 9:27 GMT | Saturday 12 January 2008

Է. Գ.

Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամուլի ասուլիսում լրագրողներից մեկը հիշեցրեց, որ նրա իշխանավարման տարիներին` «կուսակցություն է փակվել ծանրագույն մեղադրանքներով` ահաբեկչություն, պետական անվտանգության սպառնալիքներ, նարկոբիզնես եւ այն», եւ հետաքրքրվեց, թե «Իմաստավորելով անցյալը` դեպի ապագա» կարգախոսով ընտրապայքարի մեջ մտած նախագահի թեկնածուն արդյո՞ք վերաիմաստավորել է անցյալը` ՀՅԴ-ի հանդեպ: Լ.Տեր-Պետրոսյանը պատասխանեց. «Ինձ ներկայացվող հիմնական մեղադրանքներից մեկը եղել է այն, որ իմ իշխանության ժամանակ կուսակցություն է փակվել, թերթեր են փակվել: Այս փաստը դեռեւս հանցագործություն չէ, ոճրագործություն չէ», - նշել է նա ու պարզաբանել. «Աշխարհի բոլոր պետություններում կան օրենքներ կուսակցությունների գործունեության մասին, որտեղ նախատեսված են դեպքեր` կուսակցությունների գործունեությունը դադարեցնելու առումով: Շատ երկրներում այդ օրենքները գործել են` Իսպանիայում մի քանի անգամ կուսակցություն փակվեց, Ռուսաստանում, Գերմանիայում` ընդհանրապես արգելված է կոմունիստական կամ նացիստական գաղափարախոսությամբ կուսակցությունների գործունեությունը, բայց ոչ ոքի մտքով չի անցնում ասել` դրանք ժողովրդավարական երկրներ չեն կամ հանցագործություն են կատարել»:

Այնուհետեւ առաջին նախագահը նաեւ նկատեց, թե այս գործում տերմինների խառնաշփոթ կա` Դաշնակցությունը չի փակվել, ընդամենը ժամանակավորապես դադարեցվել է. տրվել է 6 ամիս ժամանակ` կուսակցության գործունեությունը համապատասխանեցնելու համար Հայաստանի գործող օրենքին, իսկ օրենքի պահանջը հետեւյալն էր` կուսակցությունների ղեկավարությունը չի կարող կազմված լինել օտարերկրացիներից, դրանից հետո դատարանի վճիռ է կայացվել, արդեն ձեւակերպումը փոխվել է` կասեցնել վեց ամսով. «Այդ վեց ամսվա ժամկետում կուսակցության կողմից չի կատարվել այդ պայմանը»: Լ.Տեր-Պետրոսյանը երեկ նաեւ ուշագրավ բացահայտում արեց. «1997-ին իմ անձնական նախաձեռնությամբ բանակցություններ են սկսվել Դաշնակցության հետ այդ հարցը լուծելու համար, տեղի է ունեցել բանակցությունների երեք ռաունդ», - եւ հավելեց, որ Դաշնակցության բյուրոյին առաջարկվել է բանակցել` Դաշնակցությունը վերաբացելու նպատակով, սակայն 1998-ի իշխանափոխությամբ այդ պրոցեսն ընդհատվել է: Առաջին նախագահը գտնում է, որ այդ գործընթացն, այնուամենայնիվ, արդյունք է ունեցել. «Այսօր իսկապես Դաշնակցությունը համապատասխանեցրել է իր գործունեությունը Հայաստանի օրենքին. դա Գերագույն մարմնի ստեղծումն էր, որը չկար Դաշնակցության 120 տարվա գործունեության մեջ, դա մի նոր մարմին էր, եւ սա այն իրավական լուծումն էր, որը գտնվեց, ես գտնում եմ, որ մենք էլ այդտեղ ավանդ ունենք»: Ինչ վերաբերում է հնչող մեղանդրանքներին, ապա նրա կարծիքով` դրանք զուտ քաղաքական հարթության վրա են. «Դրանք իրավական ակտեր են եղել` նախագահի հրամանագիր, դատարանի վճիռ, հետո «Դրոյի» դատավարություն, հետո «31»-ի դատավարություն: Ի դեպ, «Դրոյի» դատավարության վերաբերյալ ասում են, թե դատարանը չապացուցեց Դաշնակցության մեղքը` նրա նկատմամբ այդ դատավարությունը որեւէ մեղադրանք չի ներկայացրել, այդպիսի հոդված չի եղել, մեղադրանքները ներկայացվել են կոնկրետ անհատների նկատմամբ, կոնկրետ հանցագործությունների համար, Դաշնակցության դատ չի եղել Հայաստանում», նշել է նախկին նախագահը եւ հայտարարել. «Եթե կա ինչ-որ վերաբերունք դրանց նկատմամբ, որ այստեղ ապօրինություն է թույլ տրված, ապա դրանք պիտի լուծվեն միայն ու միայն նորից իրավական ճանապարհով: Եթե գտնում են, որ դատարանի վճիռը սխալ էր, ուրեմն նորից պիտի դիմեն դատարան արդարացման վճիռ ստանան, ուրիշ ճանապարհ չկա»:

Արխիվ
Վերլուծական

Երկնքից երեք խնձոր կորավ

Եվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր:

Քաղաքական

Մտովի նրանց կենացը կխմենք...

Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով...

Աշխարհ

Փափկամազիկ ժողովրդավարություն

2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.