“Zhamanak” Armenian-American Political Daily

Կարեւոր ակորդ

18:40 Yerevan | 14:40 GMT | Friday 11 January 2008

Գոհար Բարսամյան

Մեր ժամանակներում քաղաքականության ողջ խաղագումարը դրվում է Մերձավոր Արեւելքում, եւ Երուսաղեմը այն վայրն է, որը թելադրում է մեծ քաղաքականության մյուս առաջնահերթությունները: Իսրայելը նախընտրում է Թեհրանի դեմ հանդես գալ միասնական ճակատով` մինչ անցնելը «Ճանապարհային քարտեզ» ծրագրի կարեւոր կետերին, ինչպես օրինակ` Հորդանանի Արեւմտյան ափի հրեական բնակավայրերի վերացումն է:

Ջորջ Բուշը ութօրյա շրջագայություն է սկսել Մերձավոր Արեւելքի վեց երկրներ` Իսրայել, Քուվեյթ, Բահրեյն, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա եւ Եգիպտոս: Բուշը վերջին անգամ Իսրայել էր ժամանել 1998 թվականին, երբ Թեքսասի նահանգապետն էր: Իսրայելում Ջորջ Բուշին մեծ ընդունելություն են կազմակերպել, իսկ Գազայում ՀԱՄԱՍ-ը կազմակերպել է ոչ մեծ ցույցեր եւ կոչ է արել Պաղեստինի վարչակազմին` չընդունել նրան Ռամալլահում: Իսրայելցի մեկնաբանները հայտնում են, որ Ջորջ Բուշի, Շիմոն Պերեսի եւ Էհուդ Օլմերտի միջեւ ընթացած բանավեճերում շոշափվել է Իրանի միջուկային ծրագիրը եւ ոչ թե պաղեստինա-իսրայելական բանակցությունների նախապատրաստման հիմնահարցը: Դեռ Բեն Գուրիոն օդակայանում Իսրայելի նախագահը հայտարարել է. «Իրանը չպետք է թերագնահատի ինքներս մեզ պաշտպանելու վճռականությունը»: Մոսադի եւ Ամանի (արտաքին հետախուզության) հանդիպման ժամանակ Շիմոն Պերեսին հաշվետվություն է հանձնվել, որում նշվել է, թե իրանական ռումբը կհավաքվի առաջիկա ամիսներին: Նախագահ Ջորջ Բուշը Իրանի միջուկային ծրագիրը լուրջ սպառնալիք է համարել, սակայն հույս է հայտնել, որ խնդրի կարգավորումը դիվանագիտական ուղի է ենթադրում:

Գերմանիայի ԶԼՄ-ները կարծիք են հայտնում, որ Ջորջ Բուշի այցը Իսրայել չի կարող վերակենդանացնել խաղաղության գործընթացը Մերձավոր Արեւելքում: Գերմանական Die Welt հրատարակության կարծիքով` ամերիկյան քաղաքականության առավել լուրջ հիմնախնդիրը այս տարածաշրջանում համարվում է իրանական սպառնալիքը: Գերմանական ԶԼՄ-ները հետեւյալ դիտարկումն են անում. Օրմուզի նեղուցում ամերիկյան ավիակրի հետ կապված միջադեպը վկայում է Իրանի աճող համոզվածության մասին: Արեւմտյան ռազմավարական շրջաններում խոսում են, որ Մահմուդ Ահմադինեջադը այն կարծիքին է, որ ինքը հաղթանակով է դուրս եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ծագած վեճից եւ այժմ մեղադրում է նրանց, ովքեր խորհուրդ են տվել հրաժարվել ուրանի հարստացման պատրաստակամությունից: Եվ այսպես` Ահմադինեջադը կրկին հանդես է գալիս պետական հաջողված առաջնորդի դերում: Մերձավոր Արեւելքում ոչ ոք չի հավատում, որ Իրանի այաթոլլաները հրաժարվել են միջուկային ծրագրի ստեղծման ծրագրերից: Իսրայելական հատուկ ծառայությունները հաստատում են, որ Իրանը միջուկային ռազմավարական ծրագիրը սառեցրել է 2003 թվականին, սակայն, այդուհանդերձ, առկա են այն նախանշանները, որ Իրանը վերսկսել է աշխատանքները 2004 թվականին: Վաշինգտոնի դաշնակիցները, որոնց թվում` արաբական աշխարհի երկրներ, լուրջ կասկածներ ունեն, որ ամերիկացիներին կհաջողվի զսպել այս տարածաշրջանում Իրանի հեգեմոնի վերածվելու գործընթացը: Նախագահ Ջորջ Բուշը իր դաշնակիցներին եւ իր իրավահաջորդին կհամոզի պաշտպանել այս տարածաշրջանը Իրանի ապակայունացնող ազդեցությունից:

Մերձավորարեւելյան հակամարտության 2 կողմերն էլ հարցը մեռյալ կետից կշարժեն միայն այն դեպքում, երբ ըմբռնեն, որ բանակցային սեղանի շուրջ նրանք ավելի հաջողությունների կհասնեն, քան ուժի կիրառումից: Եվ բացի այդ, պաղեստինա-իսրայելական հակամարտությունը այս տարածաշրջանի միակ հիմնախնդիրը չէ: Գերմանական ԶԼՄ-ները հավաստում են, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը աշխարհին սպառնալիք չի ներկայացնում, իսկ Ջորջ Բուշի այցը չի կարող վերակենդանացնել խաղաղության գործընթացը: ԱՄՆ-ի նախագահը այս շրջագայության ընթացքում կփորձի համոզել արաբ դաշնակիցներին, որպեսզի օգնեն Իրաքին ոտքի կանգնելու եւ հավաստում է, որ ԱՄՆ-ն այդ հարցում նրանց կաջակցի: Պատմությունը նման իրադարձությունների ոչ քիչ օրինակներ ունի: Շոտլանդիայի եւ Անգլիայի միջեւ արյունահեղությունը սկսվել է 1296 թվականին, երբ Անգլիայի թագավոր Էդուարդ Առաջինը ջանում էր զբաղեցնել շոտլանդական թափուր գահը: Պատերազմն ավարտվեց միայն 1745 թվականին, այսինքն` 449 տարի անց: Նախագահ Ջորջ Բուշը հինգշաբթի առավոտյան բանակցություններ է վարել Պաղեստինի վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի հետ եւ հույս հայտնել, որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի մինչեւ 2008 թվականի վերջ: Բանակցություններից հետո տեղի է ունեցել 35 րոպեանոց մամուլի ասուլիս: Աբասը կարեւորել է Բուշի այցը եւ այն պատմական է համարել: Նա ընդգծել է, որ կանցնեն վերջնական կարգավիճակի շուրջ բանակցությունների: Ռամալլահից Ջորջ Բուշը ուղեւորվել է Բեթլեհեմ եւ այցելել է Սուրբ Ծննդյան եկեղեցի:

Արխիվ
Վերլուծական

Երկնքից երեք խնձոր կորավ

Եվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր:

Քաղաքական

Մտովի նրանց կենացը կխմենք...

Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով...

Աշխարհ

Փափկամազիկ ժողովրդավարություն

2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.