|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ինչ Տեր-Պետրոսյանի ծրագրում կա` ԱԳՆ-ն իրականացնում է18:26 Yerevan | 14:26 GMT | Thursday 10 January 2008Էմմա Գաբրիելյան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ տասնամյա լռությունից հետո դարձյալ իշխանությունների ուշադրության կիզակետում է, թեեւ վարչախումբը տարիներ շարունակ հորդորում էր գոնե ընտրությունների ընթացքում այն չշահարկել:
Ինչպես հայտնի է, ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման «հաղթողական փաթեթը» կյանքի կոչելու շռայլ` միջազգային բազում երաշխիքներով օժտված, 8 հազար քկմ տարածքով, Լաչինի ու Քելբաջարի շրջաններով Հայաստանին միացած անկախ ԼՂՀ ունենալու խոստումը հանգեցրեց 1998-ի պալատական հեղաշրջմանը` մինչեւ իշխանափոխությունը իրականացված «պարտվողական» քաղաքականության մեղադրանքներով: Ի՞նչ եք կարծում` ԼՂ-ի խնդրի կարգավորումը տասնամյա պարապուրդի մատնած օրվա պատասխանատուների` Լ.Տեր-Պետրոսյանին ուղղված հիմնական մեղադրանքն այսօր ո՞րն է: Հետեւյալն է` «Լ.Տեր-Պետրոսյանը նոր ասելիք չունի»... Երեկ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ամփոփում էր իր ղեկավարած գերատեսչության անցյալ տարվա դիվանագիտական գործունեությունը: Նա այն «արդյունավետ» որակեց, նշեց, թե արտաքին քաղաքականության ոլորտում հետ քայլ չի արվել: Ուշադրության արժանացվեց Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը, տարածաշրջանի հակամարտությունների չլուծված մնալը եւ դրա հիմքում ՎՈՒԱՄ-ի երկրների ակտիվ գործունեությունը տարբեր միջազգային կառույցներում, ԱՄՆ-ՌԴ լարված հարաբերությունները եւ այլն: ԼՂ-ի խնդրի կարգավորման հարցում Վ.Օսկանյանը գտնում է, որ փոքր առաջընթաց է արձանագրվել 2007-ին, քանի որ բանակցային սեղանին մի փաստաթուղթ է, որի հիմքում ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է եւ հույս է հայտնում, որ այդ փաստաթղթի վրա հիմնված բանակցային գործընթացը կշարունակվի նաեւ 2008-ին: Հուսախաբվա՞ծ է Անդրադառնալով Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերող դրույթին` պարզվեց, որ Վ.Օսկանյանը նույնիսկ «հուսախաբված է», եւ պարզաբանեց ինչու. «Նա շատ խիստ քննադատության է ենթարկում մեր արտաքին քաղաքականությունը, ես ակնկալում էի հետաքրքրական գոնե մեկ նոր միտք», ապա նաեւ անկեղծացավ, թե այն, ինչ նախընտրական ծրագրում ասվում է` այսօր իրականացվում է: ԺԵ-ն ԱԳ նախարարին հետեւյալ հարցն ուղղեց. «Դուք նախկին իշխանությունների կառավարման տարիներից սկսած մասնակցել եք բանակցային գործընթացին եւ ցանկալի կլիներ, որ անցած 10 տարիների կտրվածքով հստակ գնահատական հնչեր: Նախկին նախագահը եւս արցախահայության ինքնորոշման սկզբունքն էր կարեւորում, փոխզիջումային կարգավորման կողմնակից էր, լուծումը փուլային տարբերակով էր տեսնում, գործող իշխանությունները եւս նշում են, որ կարգավորումը պետք է հիմնված լինի փոխզիջումների վրա, նաեւ բանակցում են փուլային կարգավորման շուրջ, հետեւաբար ի՞նչ է շահել հայկական կողմը այս տասը տարիների ընթացքում»: Վ.Օսկանյանը փորձեց ուղղել մեզ. «Մենք փուլայինի շուրջ չենք բանակցում, մերը ամբողջական մոտեցում է, այս հարցում ինձ հետ չեք կարող վիճել...»: Նկատեցինք, որ համենայնդեպս համանախագահների կողմից կարգավորման որոշ դետալների գաղտնազերծումը այդպիսի համոզմունք է առաջացրել, սակայն ԱԳ նախարարը այլ շեշտադրում էր առաջ տանում. «Այն, ինչ առաջին նախագահը պատրաստ էր իրականացնել` ուղղակի չի կարելի համեմատել նրա հետ, ինչ այսօր սեղանին է: Նախկինում նշույլ անգամ չկար ինքնորոշման մասին, այստեղ հիմնականը ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման խնդիրն է»: Իսկ այն, որ նախկինում 5 շրջանների վերադարձի պահանջ էր բանակցությունների ընթացքում, բայց այսօր 7-ի` սա ինչպե՞ս բացատրել` հարցնում ենք Օսկանյանին, սակայն նա հրաժարվում է մանրամասների մեջ մտնել եւ դարձյալ շարունակում է նույն ոճով. «Այն, ինչ փորձում էր իրականացնել Լ.Տեր-Պետրոսյանը` ԼՂ-ի ժողովուրդը երբեք չէր համաձայնվի»: Օսկանյանի փոխարեն մենք մտնենք մանրամասների մեջ: 2006թ. հունիսի 22-ին Վիեննայում պաշտոնապես հրապարակվեց ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի կողմերին ներկայացված առաջարկությունների հիմնական սկզբունքները: Ի՞նչ են մատնանշում համաձայնագրի այդ սկզբունքները, որոնք մինչ այսօր բանակցությունների հիմք են հանդիսանում: Խոսքը շրջանակային համաձայնագրի մասին է, ըստ որի նախատեսվում է` հայկական զորքերի դուրսբերում Ադրբեջանի տարածքներից, Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական եւ դիվանագիտական կապերի բարելավում, խաղաղապահների տեղակայում, միջազգային տնտեսական օժանդակություն ԼՂ-ին, իսկ վերջում` «ինչ-որ մի պահի` նաեւ քվեարկություն ԼՂ-ի ապագա կարգավիճակի հարցով»: Հետեւաբար համլետյան` «փուլայի՞ն, թե՞ փաթեթային» դիլեմայի շահարկումը սպառված է, քանի որ մոլի «փաթեթական» վարչախումբը նաեւ բանակցել է իր կողմից քննադատության առարկա դարձրած կարգավորման «փուլային» տարբերակի շուրջ: Ավելին` տասնամյա ստատուս քվոն, ԼՂ-ի դուրս մնալը բանակցային գործընթացից էլ ավելի են կոշտացրել պաշտոնական Բաքվի դիրքորոշումները: Սա իմիջիայլոց: Սակայն սա դեռ ամենը չէ, դեկտեմբերի սկզբին ռուսաստանյան «Կոմերսանտ»-ի դիվանագիտական աղբյուրներին հայտնի էր դարձել նոյեմբերին Մադրիդում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից հանձնված փաստաթղթի որոշ մանրամասներ, որոնց համաձայն Երեւանը պետք է փուլ առ փուլ վերադարձնի ԼՂ-ի շրջակա տարածքները, հայկական զորքերը պետք է հեռանան Քելբաջարի շրջանից, Ադրբեջանից դեպի Նախիջեւան տանող ճանապարհը պետք է բացվի, Քելբաջարի շրջանում պետք է հաստատվի միջազգային կառավարում` ԵԱՀԿ-ի ներքո, սակայն ժամանակի ընթացքում շրջանը կհանձնվի Ադրբեջանի ամբողջական վերահսկողությանը: Լաչինի շրջանում նախատեսում է` Հայաստանը ԼՂ-ի հետ կապող միջանցքի ստեղծում, ազատված տարածքների ապառազմականացում եւ միջազգային խաղաղապահների տեղակայում: Իսկ ո՞ւր մնաց ԼՂ-ի ինքնորոշման իրավունքի կամ կարգավիճակի հարցով հանրաքվեի մասին դրույթը: Համանախագահները գալիս են ինչի՞ն ծանոթանան Ինչպես հայտնի է, նոյեմբերի վերջին Մադրիդում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին փոխանցվել էր հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների տեքստը, որտեղ, ըստ ՀՀ ԱԳՆ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության` չհամաձայնեցված հարցերի շուրջ ներկայացված են համանախագահների առաջարկություններ, եւ ակնկալվում է, որ համանախագահները այցելելով տարածաշրջան` ծանոթանալու են դրանց վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մոտեցումներին: Այս ընթացքում ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներ Մ.Բրայզան` ոչ մեկ անգամ եւ Յու.Մերզլյակովը դեկտեմբերին հայտարարել են, որ ցանկանում են մինչեւ ընտրարշավների մեկնարկը կողմերը համաձայնության գան հիմնարար սկզբունքների շուրջ: Թեեւ Վ.Օսկանյանը վերջերս հայտարարել էր, թե քննարկման առաջարկված փաստաթուղթը «զուտ սկզբունքների եւ դիվանագիտական առումով դրական եւ հավասարակշռված է» եւ նշել էր, որ համանախագահները այցելելու են տարածաշրջան` ծանոթանալու կողմերի դիրքորոշումներին, երեկ սակայն նա ակնհայտորեն խուսափեց «ԺԵ»-ի այս հարցին պատասխանել, թե արդյո՞ք պաշտոնական Երեւանը արդեն վերջնական դիրքորոշում ունի դրանց նկատմամբ: Նա նախ նկատեց. «Մինչեւ այս պահը համանախագահներն իրենց այցի մասին մեզ չեն տեղեկացրել եւ այն թվականները, որ այսօր նշվում են` մեզ հարմար չեն, եւ մենք արդեն իրենց տեղյակ պահել ենք»: Առկա փաստաթղթի վերաբերյալ Օսկանյանը վստահեցրեց, որ համանախագահներին շատ բան ունեն ասելու, ուստի փորձեցինք հստակեցնել` «պաշտոնական Երեւանը դրակա՞ն, թե՞ բացասական վերաբերմունք ունի այդ առաջարկներին»: Հնչեց այնպիսի պատասխան, որով կարելի է եզրակացնել, որ ինչպես պաշտոնական Բաքուն, այնպես էլ պաշտոնական Երեւանը Մադրիդի այդ առաջարկությունների փաստաթղթի վերաբերյալ վերապահումներ ունեն. «Չեմ ուզում այդպիսի գնահատական տալ, դա ամբողջական փաստաթուղթ է, բոլոր սկզբունքներին անդրադառնում է եւ սկզբունքների հետ խնդիրներ չունենք, բայց մանրամասներ կան` դրանց վրա պետք է շարունակել աշխատել»: Ասել է թե` դեկտեմբերի վերջին ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտնած հույսերը` մինչեւ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները բանավոր, «ջենթլմենական համաձայնության» հասնել եւ երկրի ղեկավարների ֆորմատով հանդիպում կազմակերպել` կարելի է թերեւս հօդս ցնդած համարել:
|
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |