|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հայաստանը տեղավորվում է Ռուսաստանի գրպանում12:34 Yerevan | 8:34 GMT | Wednesday 9 January 2008Հեղինե Մանուկյան Հայտնի է, որ «Հայկական երկաթուղիներ ընկերություն»-ը (ՀԵԸ) մրցութային կարգով հավատարմագրային կառավարման է հանձնվել «Ռուսաստանի երկաթուղիներ ընկերությանը» (ՌԵԸ):
Հիշեցնենք, որ մրցույթին բացի ՌԵԸ-ից մասնակցության հայտ էր ներկայացրել հնդկական «RITES» ընկերությունը եւս, սակայն ժամանակ անց այն ետ վերցրեց իր հայտը եւ փաստորեն անարգել դարձրեց Հայկական երկաթուղուն տիրանալու ՌԵԸ-ի շանսերը: 2007 թվականի դեկտեմբերի 21-ին բացվեց մրցույթի միակ մասնակցի մրցութային հայտի տեխնիկական-տնտեսական փաթեթը, երեկ էլ բացվեց ՌԵԸ-ի ֆինանսական առաջարկությունների փաթեթը: Մրցույթի հաղթողը պաշտոնապես հայտնի կդառնա հունվարի 15-ին, որի անունը, կարծում ենք անակնկալ չի լինի ոչ մեկի համար: Հատկանշական է, որ տարեվերջյան մամուլի ասուլիսում ՀՀ կապի ու տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը անթաքույց հրճվանքով հայտարարեց, որ ՀԵԸ-ի կառավարչի դերում ուրախ կլիներ տեսնել ՌԵԸ-ին, որն, ի դեպ, մտադիր է Հայաստանի երկաթուղային համակարգում մոտ 570 միլիոն դոլար ներդրում կատարել: Իսկ եթե ստացվի այնպես, որ մինչեւ 2009 թվականը հրաշք տեղի ունենա եւ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը, այդ դեպքում ռուսական ընկերությունը խոստանում է ներդնել 603 միլիոն դոլար: Ռուսներն այս գործարքի իրականացումից առաջ էլ «չաղլիկ» խոստումներ են տվել մեր իշխանություններին: «Հայկական երկաթուղին» հավատարմագրային կառավարման է հանձնվում 30 տարով` ժամկետը եւս 20 տարի երկարաձգելու պայմանով: Զարմանալի օրինաչափությամբ հենց ընտրական գործընթացներին նախորդող ժամանակաշրջանում հայրենի իշխանությունները մեր երկրի ռազմավարական նշանակության օբյեկտները նվիրաբերում են «ռազմավարական դաշնակից» երկրին` Ռուսաստանին: Փաստ է, որ Ռուսաստանը տնօրինում է մեր երկրի կապի, հեռահաղորդակցության, էներգետիկայի ոլորտները: Նրան են պատկանում «Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցեր», «ՀայՌուսգազարդ» ընկերությունները, «Մերգելյան» ինստիտուտը, «Սեւան-Հրազդան» կասկադը, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, «ՎիվաՍել»-ը, «ԱրմենՏել»-ը, հավատարմագրային կառավարմամբ նրան է հանձնվել ՀԱԷԿ-ը, հանքարդյունաբերության ոլորտի մի շարք խոշոր ձեռնարկություններ: Կարճ ասած` քաղաքակրթության բոլոր հնարավոր նվաճումները` գույք պարտքի դիմաց անվան տակ: Ինչ դիտարկումներ ունեն հատկապես վերջին գործարքի առնչությամբ մեր երկրի ապագայով մտահոգ փորձագետները: Տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը քննադատաբար է վերաբերվում մեր իշխանությունների` «ազգային կապիտալը օտարներին նվիրաբերելու սովորությանը, դա համարում է հիվանդագին «մոլուցք»: «Եթե ՀԵԸ-ն հավատարմագրային կառավարման պետք է հանձնվեր, ինչո՞ւ այդ դեպքում չտրվեց հայկական մասնավոր ընկերություններից մեկին: Եթե նկատի ունենաք, որ մեր երկաթուղին արդիականացնելու համար պահանջվում է 10 տարվա կտրվածքով 170 մլն դոլարի ներդրում կատարել, տարեկան դա կազմում է 17 մլն դոլար, որը հանգիստ կարող էր իրականացնել տեղական ընկերություններից ցանկացածը: Այս ֆոնի վրա անհեթեթ են մեր իշխանությունների բարձրագոչ հայտարարությունները Ազգային անվտանգության հայեցակարգի մասին: Ինչ անվտանգության մասին է խոսքը, երբ երկրիդ արտադրական ենթակառուցվածքներն ինքնակամ, 100 տոկոսով տվել ես ուրիշին` առանց քեզ գոնե մի տոկոս մասնաբաժին թողնելու: Փաստորեն մենք ոտուգլխով հայտնվել ենք Ռուսաստանի գրպանում: Դա մի վիճակ է, որը ոչ մի հնարավորություն չի տալիս մեզ ազդեցություն ունենալ նրա վրա, տնվոր ենք մեր տանը»: Հարցին, թե արդյո՞ք ՀԵԸ-ի հավատարմագրային կառավարման հանձնելը զուտ տնտեսական գործարք է, թե՞ նախընտրական այս շրջանում Ռուսաստանին հաճոյանալու փորձ, քաղաքագետ Աղասի Ենոքյանը պատասխանեց. «Այդ գործարքը ես նմանեցնում եմ վերջին շրջանում քաղաքի փողոցները հապշտապ վերանորոգելու իշխանությունների ցանկության հետ, այսինքն` վերջիններս օգտագործում են կոռուպցիայի իրենց վերջին հնարավորությունները: Ես տեղյակ չեմ վերջին գործարքի փաստաթղթերի էությանը, բայց իմանալով մեր իշխանությունների աշխատանքի տրամաբանությունը` համոզված եմ, որ այն արժեքը, որով հանձնվում է Ռուսաստանին շատ ավելի ցածր պետք է լինի, քան երկաթուղու իրական արժեքն է... Խնդիրն այն է, որ մեր իշխանությունները խիստ կարճաժամկետ հեռանկարներ ունեն, հեռատեսության խնդիր երբեւէ չի դրվել նրանց կողմից: Քոչարյանի օրոք նրանք պատկերացրել են մի կերպ իշխանության գլուխ մնալ, իսկ իշխանություն ասելով` նկատի են ունեցել փող աշխատելու հնարավորություն մինչեւ հաջորդ ընտրություն: Միջընտրական շրջանի համար սա նորմալ պրոյեկտ է, որովհետեւ ստանում են Ռուսաստանի որոշակի աջակցությունը, ոչ միայն բյուջեն, այլ որոշակի անհատներ փող են ստանում»: ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս, տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը այս առնչությամբ ասաց. «Ինչպե՞ս կարելի է մրցույթ համարել մի երեւույթ, երբ ընդամենը մի ընկերություն է դրան մասնակցում: Դա պետք էր չեղյալ հայտարարել ու նոր մրցույթ հայտարարել: Հավանաբար ռուսները հեքիաթային խոստում են տվել մերոնց, որ Աբխազիայով կաշխատացնեն, սրանք էլ երկաթուղին նվիրել են նրանց, ինչպես եւ մնացած ռազմավարական օբյեկտները»: Պրն Ասատրյանը քաղաքական ենթատեքստ չի տեսնում վերը նշված գործարքի հարցում: «Չեմ կարծում, որ Ռուսաստանում լուրջ մի անձնավորություն հետաքրքրված լինի Հայաստանի գործող պաշտոնյաներով: Եթե կան էլ ինչ-որ հարաբերություններ, ցավոք, դրանք Ռուսաստանի «ճ» կլասի մարդկանց հետ են, քրեական տարրերի հետ: Չմտածեք, որ Ռուսաստանից որեւէ մեկը շահագրգռված լինի, որ այստեղ իշխանությունը վերարտադրվի եւ նախօրոք պահանջ դնի, որ երկաթուղին հանձնեք մեր կառավարմանը: Այս գործարքի ենթատեքստը պետք է որոնել ոչ թե պաշտոնեական դաշտում, այլ կիսատ-պռատ, կրիմինալիզացված բիզնեսների ոլորտում», - ասում է պրն Ասատրյանը:
|
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |