|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Դու կեղծիքներ ես անելու, ես պետք է փորձեմ ձեռքդ բռնել20:03 Yerevan | 16:03 GMT | Tuesday 18 December 2007Գայանե Հովսեփյան
Մինչ ՀՀ նախագահության թեկնածուները միմյանց մեղադրում եւ բանավիճում են հեռահար կամ միջնորդավորված կարգով` ԶԼՄ-ների միջոցով, նրանց համախոհ քաղաքացիները դա անում են բացեիբաց, երես առ երես: Հատկանշական է, որ վանաձորցի որոշ մտավորականներ՝ քաղաքական տարբեր ուղղվածության, ոչ պաշտոնական զրույց-բանավեճերի արդյունքում ամենեւին էլ չեն թշնամանում եւ բաժանվում են հաշտ ու խաղաղ, իսկ բանավեճի ընթացքում էլ բավարարվում են միմյանց զանազան կոչականներով դիմելով. «Տո խելոք», «Ա էս ի՞նչ ա ասում է՜», «Չէ, երեւում ա` դու դեռ շատ միամիտ ես» եւ այլն: Նման մի «բանավեճի» ժամանակ լեւոնամետ մտավորականը հպարտությամբ նշում էր, որ Տեր-Պետրոսյանի էլեկտորատը այսօր շարքային քաղաքացիներն են, այն մարդիկ, որոնք մի քանի տարի առաջ գնում էին կոմկուսի հանրահավաքներին (այն խավը, որոնց մի մտավորական «Արմենիա» հեռուստատեսությամբ քաղաքական «դուելի» ժամանակ արհամարհանքով անվանեց «ժավելի սպիրտ ծախողի մակարդակ ունեցող», եւ արժանի հակահարված ստացավ թե «դուելի» հաղորդավարի եւ թե Արշակ Սադոյանի կողմից): Իշխանամետն էլ ժողովրդի այդ հատվածին «ամբոխ» էր անվանում: Լեւոնամետ մտավորականը` ավագ սերնդի ներկայացուցիչ, հպարտությամբ նշեց, որ Տեր-Պետրոսյանը մեծ ինտելեկտ ունեցող, գաղափարական անձնավորություն է (մեկ ուրիշն ավելացրեց` նաեւ մաքուր գրական հայերեն խոսող), իսկ իշխանամետ քաղաքացին զայրույթով հարձակվեց. «Ո՞րն է նրա գաղափարը, մութուցու՞րտը, մազու՞թը», «Ո՞նց թե, բա՞ անկախությունը, բա՞ էդ ամբողջ պայքարը՝ անկախության համար. էդ մութուցուրտը պատմականորեն պարտադրված էին ժողովրդին, Լեւոնը չէր դրա համար մեղավոր»: Բանավիճողներից յուրաքանչյուրը մեջբերում էր անում իր գաղափարներին համապատասխան մամուլից: «Իսկ դու իմացա՞ր, որ Հ2-ի մեկնաբանին գործից հանել են՝ Լեւոնի հանրահավաքին գնալու համար, ասել են՝ դու Լեւոնին ես պաշտպանում, լավ չես աշխատում: Բայց այ, էդ հեռուստաալիքի մի ուրիշ աշխատողի Քոչարյանը հետը մի քանի օր առաջ տարավ Դուբայ», - զրուցակցին «լուսավորում» է ընդդիմադիրը: Իշխանամետն այս հարցում «կառուցողական» վերաբերմունք է դրսեւորում ու նկատում. «Ինչի՞, ուրեմն լրագրողն անպայման լեւոնամե՞տ է, եթե հանրահավաք է գնացել, նա էլ իր լրագրողական գործն է, չէ՞, անում», - ու հեգնանքով հետաքրքրվում է. «Էդ 15 կուսակցություններն էդ ովքե՞ր են, է՜, որ էդքան ասում են, թե Լեւոնին են սատարում, ո՞վ գիտի, ամեն մեկում հազիվ մի մարդ լինի կամ՝ մարդ ու կնիկ» (հարկ է նկատել, որ Տեր-Պետրոսյանին սատարող կուսակցությունների թվաքանակի մասին տեղը տեղին պաշտոնական տվյալներ էր հրապարակել իշխանամետ մամուլը, եւ բավական պատկառելի՝ քառանիշ-հնգանիշ թվեր էին ներկայացված, ընդհանուր արդյունքում ստացվել էր 80 հազար անդամ. ցանկացել էին «վատություն» անել ընդդիմությանը, բայց, ստացվել էր հակառակը): «Կուսակցություն կա, որի մի քանի անդամի գաղափարը մի քանի հազարանոց կուսակցություն արժե», - նկատում է լեւոնամետը եւ, որպես փոքրաթիվ, բայց՝ գաղափարական կուսակցություն, վկայակոչում «Արմատ» կազմակերպությունը: Իսկ երբ իշխանամետը, նկատելով ընդդիմադիր մտավորականի ձեռքին գտնվող թերթի բաց էջը՝ ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի վերաբերյալ հոդվածով եւ վերջինիս լուսանկարով, անկեղծորեն զարմացած հարցնում է` «էդ ո՞վ է էդ մարդը», հիմա էլ ընդդիմադիրն է հեգնում. «Այ, քո ասած մի հոգանոց կուսակցության ղեկավար է, իշխանամետ», եւ, ակնհայտորեն շփոթելով նրան` Հայրիկյանի կողմից «հայրական ապտակի» արժանացած Արամազդ Զաքարյանի հետ, կասկածանքով բացատրում է. «Նախկին ԱԻՄ-ական էր, Պարույր Հայրիկյանը վայթե իրան էր ապտակել»: Ապա իշխանամետ քաղաքացին չարախնդաց, թե` «Իսկ դու գիտե՞ս, թե քանի տոկոս էր Լեւոնին ընկել «Գելապ»-ի տվյալներով, 6 տոկոս էր հազիվ»: Բայց երբ միջամտեցին, որ «Գելապն» ինքը, ըստ ընդդիմադիր մամուլի, նշել է, որ իր հարցումները պետք չէ ամենայն ճշգրտությամբ ընդունել, քանի որ հարցվողների պատասխանները շատ դեպքերում կաշկանդված են եղել, իշխանամետը թերահավատորեն նկատեց. «Ի՜, էդ թերթի գրածին դու հավատում ե՞ս» (ուրեմն՝ «Գելապ»-ին միանշանակորեն «կարելի» է հավատալ, ընդդիմադիր մամուլին` ոչ: Հատկանշական է, որ Վանաձորում դեռեւս չենք հանդիպել մի քաղաքացու, որը «Գելապը» ներկայացնող որեւէ մեկից հարցված լինի, թեպետ տվյալները հրապարակելիս նշվում է, թե հարցումներն «արվել են նաեւ մարզերում»: Միգուցե այդ հարցումներն արվել են միայն պետական կառույցներո՞ւմ, որտեղ մարդիկ իշխանություններին ձեռնտու պատասխաններ են հրամցրել): Ընդդիմադիր մտավորականը` պետական կառույցի աշխատող, տեղեկացրեց, որ տարբեր պաշտոնյաների հերթով կանչում են վերադասների մոտ, հարցնում են, թե ում են ընտրելու, իսկ իշխանամետն էլ, կրկին «կառուցողական» մոտեցում դրսեւորելով, նկատեց, որ նման գործելակերպը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ եւ մարդկանց տրամադրել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի դեմ: Իսկ երբ իշխանամետը նկատեց, որ ընտրությունները լինելու են այնպես, ինչպես միշտ, ընդդիմադիր թեկնածուն եզրակացրեց. «Դե ուրեմն, էլ ի՞նչ ընտրություններ, եթե առաջվա նման են լինելու: Ուրեմն, դու էլի կեղծիքներ ես անելու, ես էլ պետք է փորձեմ քո ձեռքը բռնեմ»:
|
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՇահարկումների մեխանիկանՑանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին... Քաղաքական«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |