|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Բեսպրեդելը շարունակվում է19:10 Yerevan | 15:10 GMT | Monday 17 December 2007 Ապօրինություններն ու բեսպրեդելը մեզ այլեւս չեն զարմացնում` դրան մենք սովորել ենք` այնպես, ինչպես սովորեցինք ոչ լեգիտիմ իշխանության հետ կողք կողքի ապրելուն: Երեկ այս ոչ լեգիտիմները հերթական սանձարձակ քայլն արեցին` մերժեցին «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագրի պայմանական-վաղաժամկետ ազատման միջնորդությունը: Ընդ որում` դա արեցին խորամանկորեն, թուրքին վայել նենգությամբ. նախ` իրենց հրահանգով քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիան ներկայացրեց Բաբաջանյանին ազատելու միջնորդությունը, խիստ դրական բնութագիր տվեց, ապա` «անկախ» կոչվող հանձնաժողովը մերժեց այն: Իբր` իշխանությունը կապ չունի, հանձնաժողովն է փակ, գաղտնի քվեարկությամբ որոշել: Ոչ ոք չբարեհաճեց բացատրել, թե ինչու է մերժում 1, 5 տարուց ավելի ազատազրկման վայրում անցկացրած, դրական բնութագրվող, առաջին անգամ դատված, բազում երաշխավորագրեր ունեցող անձի պայմանական-վաղաժամկետ ազատումը: Նախ նիստին չներկայացավ հանձնաժողովի նախագահ, ոստիկանապետի տեղակալ Արմեն Երիցյանը, նիստը վարեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Հրաչյա Հարությունյանը (բոլորին հայտնի Կրակեմ Հրաչը), որը չթույլատրեց ոչ լրագրողներին, ոչ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին մասնակցել նիստին: Նիստից հետո տեղեկացանք, որ նա չի թույլատրել նաեւ, որ հրապարակվի մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությունը` Արման Բաբաջանյանին ազատելու վերաբերյալ: Հետո ՀՀ նախագահի ներկայացուցիչը` նախագահի աշխատակազմի կադրերի բաժնի պետ Վարդան Մակարյանը իրավական առումով տգետ, բարոյական առումով` սրիկայական ելույթ է ունեցել, որ Ա.Բաբաջանյանի կատարած հանցանքը` բանակից խուսափելը վտանգավոր հանցագործություն է, երկրի անվտանգության խնդրի հետ կապված, ուստի նրան չի կարելի պայմանական ազատ արձակել: Եւ վերջ` հանձնաժողովի վեց անդամներից չորսը քվեարկել են դեմ, երկուսը` կողմ: Իսկ ներկա են գտնվել, բացի Կրակեմ Հրաչից, Վարդան Մակարյանից եւ Գայանե Մարությանից, եւս երեք անձ` փաստաբան, ՓՊ նախագահի տեղակալ Գեորգի Գուլքանյանը, քրեակատարողական վարչության աշխատակից Սամվել Մանուկյանը եւ ԵՊՀ հոգեբանության տեսության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր Հրանտ Ավանեսյանը: Չենք ուզում մեղք վերցնել մեր վրա եւ անմեղության կանխավարկածը խախտել, սակայն կարծում ենք` բոլորին պարզ է, թե ովքեր են դեմ քվեարկած չորս հոգին: Գեորգի Գուլքանյանն, օրինակ, չցանկացավ պատասխանել այն հարցին, թե ինչպես է ինքը քվեարկել, քանի որ ըստ կանոնակարգի` այն եղել է փակ: Նա պատմեց, որ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչի փորձը` հրապարակել Արմեն Հարությունյանի միջնորդագիրը, կանխել է հանձնաժողովի անդամներից մեկը, որն առարկել է` պատճառաբանելով, որ մեկ ուրիշն էլ կարող է բացասական շեշտադրումներով միջնորդագիր ներկայացնել, որոնք կարող են ազդել հանձնաժողովականների կարծիքի վրա, ուստի ճիշտ չէ դրանք հրապարակել քվեարկությունից առաջ: Նամակն այդպես էլ չի հրապարակվել: Այն հարցին, թե պատժի 1/2-րդը կրելն արդյո՞ք թույլ չէր տալիս ազատ արձակել Բաբաջանյանին, պարոն Գուլքանյանն ասաց, որ 3, 5 տարվա ազատազրկման դատապարտված Արման Բաբաջանյանը իր պատժի` ընդամենը 1 տարի 8 ամիսն է կրել, իսկ ընդհանրապես զինծառայությունից խուսափողների դեպքում արված միջնորդությունները, սովորաբար, մերժվում են, քանի որ հանձնաժողովում դա համարում են «լուրջ» հանցագործություն: Ասել է թե` այս հանձնաժողովը ստանձնել է դատարանի գործառույթ եւ օրենքը մեկնաբանում է` ըստ հայեցողության. եթե օրենքը քրօրի այս հոդվածի դեպքում նախատեսում է մեկ երրորդը կրելուց հետո պայմանական վաղաժամկետ ազատում, ապա ի՞նչ իրավունք ունի հանձնաժողովը չկիրառել այն: Ի դեպ, մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, որ սպանության, ավազակության, թմրամոլության մեջ մեղադրվողների նկատմամբ այս հանձնաժողովը երբեմն շատ բարեհաճ է գտնվում եւ բավարարում է նրանց պայմանականի միջնորդագրերը: Երեկվա նիստի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել «Ժառանգություն» խմբակցությունը. «ՀՀ նախագահի հրամանագիրը (պատիժը կրելուց պայմանական-վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանելու մասին) դասվում է 21-րդ դարում մուտացիայի ենթարկված ստալինյան գաղափարախոսության դրսեւորման շարքին: Այս իշխանությունն այնքան ահաբեկված է քաղաքական այլախոհությունից եւ իրական ժողովրդավարությունից, որ բացահայտ դատապարտելի մեթոդներով փորձում է լռեցնել եւ կալանքի տակ պահել ազգի նվիրյալ ազատամարտիկներին ու ազատ խոսքի ներկայացուցչին՝ թերեւս նախագահական ընտրապայքարում իր թվացյալ հաջողությունը դյուրին դարձնելու սին ակնկալիքով»: Ի դեպ, այս հանձնաժողովի գործունեության մեջ ամենաբացասական դերակատարումն ունեն այն անձինք, ովքեր պետական պաշտոնյաներ չեն` ՄԻՊ ներկայացուցիչը, փաստաբանը, ԵՊՀ դասախոսը, որոնք անգամ եթե կողմ են քվեարկում, միեւնույնն է` լեգիտիմացնում են այս հանձնաժողովի գործողությունները, օրինականացնում նրա ապօրինի որոշումները: Մինչդեռ` ապօրինության դեմ պայքարելու մի ճանապարհ կա` չմասնակցել դրանց: Ավելին` հայտարարել եւ դուրս գալ հանձնաժողովի կազմից:
|
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՇահարկումների մեխանիկանՑանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին... Քաղաքական«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |