“Zhamanak” Armenian-American Political Daily

Ֆո՞ն, թե՞ սեպ` Սերժ Սարգսյանի անիվների մեջ

19:03 Yerevan | 15:03 GMT | Monday 17 December 2007

Արամ Ամատունի

Պարզ էր, թե ինչու է Սերժ Սարգսյանը Եվրոպայում հարցազրույց տալով անգլիական թերթին, այդքան հանդուրժողականություն ցուցաբերում Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների մասին խոսելիս, եւ ի տարբերություն Քոչարյանի եւ Օսկանյանի մշակած կամ ավելի ճիշտ` հորինած արտաքին քաղաքականության, ցանկանում է Թուրքիային տեսնել Եվրամիությունում, որովհետեւ դա կարող է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Իսկ Ռոբերտ Քոչարյանի ու Վարդան Օսկանյանի արտաքին քաղաքականությունը մշակված չէ, որովհետեւ տեսականորեն անհնար է այդպիսի արտաքին քաղաքականություն մշակել: Այն հնարավոր է միայն հորինել: Փորձենք հասկանալ, թե ինչ էր ասել Սերժ Սարգսյանը: Նա ասել էր, որ Թուրքիայի ԵՄ անդամ դառնալը լավ կլինի մեզ համար, քանի որ դա կարող է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Այսինքն` ստացվում է, որ Սերժ Սարգսյանը այդ հարաբերությունների կարգավորումը տեսնում է Թուրքիայի անդամակցության միջոցով, ոչ թե հակառակը, ինչպես Քոչարյանն ու Օսկանյանն են տեսնում` անդամակցություն միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Սերժ Սարգսյանն անուղղակիորեն սխալ է համարում այն կոչը, որ Հայաստանի իշխանություններն ու հայկական լոբբին ուղղում են Եվրոպայի երկրների ղեկավարներին, որպեսզի նրանք անդամակցության ճանապարհին ճնշում բանեցնեն Թուրքիայի վրա` որպես նախապայման օգտագործելով հայ-թուրքական սահմանի բացումն ու ցեղասպանության ճանաչումը: Եւ ահա Սերժ Սարգսյանի այդ մտքից հետո հաջորդ օրն իսկ հերթական հայտարարությունն է տարածում Եվրոպական հայկական կազմակերպությունների ֆեդերացիան եւ կոչ է անում բոլորին` թե հայկական կազմակերպություններին, թե Եվրոպայի քաղաքական շրջանակներին, որպեսզի նրանք միանան դեկտեմբերի 14-ին, այսինքն` Սերժ Սարգսյանի հարցազրույցից 2 օր անց, Բրյուսելում հակաթուրքական ցույցին, որ կազմակերպվում է ԵՄ այն որոշման դեմ, որը վերսկսում էր անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցային գործընթացը: Այսինքն` Սերժ Սարգսյանի հանդուրժողականությունն անմիջապես ստանում է հակահարված Եվրոպայի հայկական կազմակերպությունների կողմից: Ինչ խոսք, դժվար է ասել, թե դա Ռոբերտ Քոչարյանի գործն է, որովհետեւ նա այդ ժամանակ Դուբայում զբաղված էր հայրենանվեր գործով` իր կողքին ունենալով Վարդան Օսկանյանին: Սակայն, թեեւ քնում են գետերն ու քամին, երբեք չի քնում թշնամին: Մինչեւ Եվրոպայից կգար նշված ֆեդերացիայի կոչը, Երեւանում ասուլիս էր տվել ՀՅԴ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը, հերթական անգամ խոսելով ի դեմս Հանրապետականի թեկնածուի հաղթանակի Հայաստանում քաղաքական մոնոպոլիայի հաստատման վտանգի մասին: Հասկանալի է, որ Հանրապետականի թեկնածուն ամեն կերպ անտեսում է ՀՅԴ այդ ահազանգերը` թերեւս չուզենալով Դաշնակցությանը տալ ավելին, քան երկու պորտֆելն է, բայց ՀՅԴ-ն էլ, ըստ երեւույթին, գտավ առիթը օգտագործելու Հայաստանի քաղաքական դաշտից դուրս իր ունեցած մոնոպոլիան, ի դեմս արտերկրի հայկական կազմակերպությունների: Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո նման արագ արձագանքին, թերեւս, կնախանձեն գերտերությունների զինուժերի արագ արձագանքման ջոկատները:

Համաձայնեք, երկու դեպքում էլ Սերժ Սարգսյանի մասին տպավորությունը, մեղմ ասած, անլուրջ կարող է լինել: Գոնե հարցազրույցից մի քանի օր անցած լիներ: Բայց Դաշնակցությունը կարծես թե ժամանակ չկորցրեց: Սակայն մյուս կողմից, կարող է լինել եւ տրամագծորեն հակառակ իրավիճակ, կամ հակառակ էֆեկտ: Բանն այն է, որ Եվրոպայի հայկական կազմակերպությունների հակաթուրք հայտարարության ֆոնին, Սերժ Սարգսյանը կարող է երեւալ որպես խաղաղության, բարեկամության ու բարիդրացիության մարմնացում: Եւ փաստորեն, եվրոպական հայկական կազմակերպությունները` գիտակցված կամ անգիտակից ձեւով, առաջնորդվելով ավանդական հակաթուրքականությամբ եւ փորձելով անհարմար դրության մեջ դնել երկրի նախագահ դառնալ ցանկացող վարչապետին, իրականում նրան ծառայություն են մատուցել, եւ այն էլ ինչպիսի: Առավել եւս, որ Սերժ Սարգսյանի հետ Եվրոպայում չէր նրա համար արդեն մեկ անգամ հարցազրույցի ֆոն ծառայած գեներալ Սեյրան Սարոյանն` իր խարիզմատիկ թրաշով: Հիշում ե՞ք, երբ Սերժ Սարգսյանը, թերեւս, իր առաջին հարցազրույցն էր տալիս Եվրանյուզին, խորհրդարանական ընտրություններից առաջ, խրամատների մոտ` թանկարժեք կոստյումով ու փողկապով, խոսում էր եվրաինտեգրումից, թիկունքին ունենալով Սեյրան Սարոյանի կերպարը` երեւի ցույց տալու համար, որ Հայաստան երկրում եվրոպացուն հարիր կերպար ունի միայն ու միայն ինքը: Եւ քանի որ Եվրոպայում գեներալը վարչապետի հետ չէր, ապա անհրաժեշտ եղավ նոր ֆոն ստեղծել, ինչն էլ արվեց, որպեսզի հայկական լոբբիի հակաթրքականության ֆոնին, վարչապետի հանդուրժողականությունը դառնա էլ ավելի ակնհայտ: n

Արխիվ
Վերլուծական

Շահարկումների մեխանիկան

Ցանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին...

Քաղաքական

«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»

Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.