|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Հ1»-ն իրավունք չունի փնովել ՀՀ առաջին նախագահին19:52 Yerevan | 15:52 GMT | Friday 7 December 2007Հեղինե Մանուկյան «Մայր» բուհը` Երեւանի պետական համալսարանը, հայտնի է որպես խիստ քաղաքականացված բուհ, որի ռեկտորը եւ ուսխորհուրդների նախագահների ճնշող մեծամասնությունը հանրապետականներ են, ավելի ճիշտ` «Սերժ Սարգսյան դավանողներ», ովքեր նախընտրական այս շրջանում կամավոր լծվել են նրա PR կամպանիայի իրականացմանը:
Ոմանք սա բացատրում են նրանով, որ Սերժ Սարգսյանը ԵՊՀ խորհրդի նախագահն է: Սակայն «մայր» բուհում բոլորը չէ, որ ծառայում են «Սերժ-նախագահ» գերնպատակին, պարզվում է` կան իրական մտավորականներ, որոնք չեն վախենում կարծիք հայտնելուց, իշխանական քաղաքականությունը քննադատելուց: Օրերս նրանք հայտարարություն են տարածել, որտեղ բողոքել են երկրում տարվող լրատվական քաղաքականությունից եւ մասնավորապես` պետբյուջեից սնվող հանրային հեռուստատեսությունից: Բյուջե, որը գոյանում է մեր բոլորի վճարած հարկերից: Օրերս ԵՊՀ մի խումբ դոկտորներ, ամբիոնի վարիչներ մամուլում հանդես էին եկել հայտարարությամբ, որտեղ կարեւորել են տեղեկատվության մատչելիությունը` որպես ընտրությունների ազատության եւ արդարության չափանիշ: «ԶԼՄ-ները, հեռուստատեսություններն ընդհանրապես եւ «Հ1»-ը հատկապես պարտավոր են հանրությանը տրամադրել ամբողջական, համակողմանի, հավասարակշռված եւ անաչառ տեղեկատվություն: Մեր խորին համոզմամբ` հայաստանյան հ/ը-ների ջախջախիչ մեծամասնությունը` «Հ1»-ի առաջնորդությամբ, չեն կատարում այս գործառույթը»: Հայտարարության հեղինակները կոչ են արել բոլոր հ/ը-ներին, հատկապես` «Հ1»-ին «չմոռանալ հանրության առաջ ունեցած իրենց պարտավորությունների մասին եւ վերջ դնել հասարակության լայն շերտերին տեղեկատվական շրջափակման մեջ առնելու քաղաքականությանը»: Այն ստորագրել են Դավիթ Սեդրակյանը, Հակոբ Հակոբյանը, Արթուր Սահակյանը, Յուրի Հակոբյանը, Հայկ Ղազարյանը, Էդուարդ Չուբարյանը, Իշխան Խաչատրյանը, Վալերի Մարտիրոսյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Գուրգեն Հակոբյանը: ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, որը եւս միացել էր կոչին, մեզ հետ զրույցում ասաց. «Ժամանակից շուտ սկսել է քաղաքականացվել հեռուստաեթերը, ամեն օր, ամեն վայրկյան, որտեղ բացում ես, նույնիսկ պաշտոնական լուրի մեջ մի էպիզոդ պիտի լինի ընտրությունների թեմայից: Անընդմեջ լսում ես միակողմանի ինֆորմացիա, փնովում են երեւույթ, ելույթ, միտք` կոնտեքստից կտրված, սակայն որեւէ ձեւով չի ներկայացվում այն նյութը, որը քննադատվում է: Մասնավորապես ՀՀ առաջին նախագահի ելույթն է ամեն երկրորդը քննադատում, եթե ոչ բոլորը, մինչդեռ հանրությունը հնարավորություն չի ունեցել հեռուստատեսությամբ լսել այդ ելույթը` լավ, ի՞նչ է, ի վերջո, ասել այդ մարդը: Հեռուստատեսության առաքելությունը ելույթը եթեր տալն է, իսկ հետեւություն անելու իրավունքը հեռուստադիտողինն է: Ես կարծում եմ, որ անկախ ամեն ինչից, Լեւոն Տեր-Պետրոսյանը մեր պետության սիմվոլն է, եւ նրա խոսքն անպայման պետք է հասնի հանրությանը, նա այն ֆիգուրը չի, որ նրա խոսքը լսելու համար պարտադիր պետք է հանրահավաքի գնալ: Հարցին, թե հնարավո՞ր է, որ իրենց վերաբերմունքն արտահայտելու այլ ձեւեր գտնեն, պրն Դումանյանը պատասխանեց. «Մենք ընդամենը հայտարարություն ենք արել եւ համարում ենք, որ պարտավոր ենք ինչ-որ կարծիք հայտնել, մենք մեզ համարում ենք ազատ մարդ եւ արտահայտում ենք մեր կարծիքը: Շատերն, իհարկե, խուսափում են կարծիք հայտնել, խուսափում են ոչ թե այն բանի համար, որ իրենց էությունն է այդպիսին, ոչ, շատ լավ էլ հայտնում են առանձնազրույցներում, բայց բարձրաձայնել խուսափում են»: Դեկանը վստահեցրեց նաեւ, որ հայտարարությունը ընդամենը քաղաքացիական դիրքորոշման դրսեւորում է եւ որեւէ կապ չունի այն ստորագրած մարդկանց քաղաքական կողմնորոշումների հետ: Մենք զրուցեցինք նաեւ ԵՊՀ դասախոս, ֆիզմաթգիտությունների դոկտոր, նախկին պատգամավոր (1991-1995թթ.) Հակոբ Հակոբյանի հետ: «Երբեւէ մեր լրատվությունը նորմալ ու անաչառ չի եղել, այն այդպիսին չի նաեւ այսօր, մինչդեռ օբյեկտիվ լրատվությունը արդար ընտրությունների նախապայմանն է: Եթե իսկապես ուզում ենք արդար ընտրություններ, նախ պետք է հանրությանը լրատվությամբ ապահովենք, այսինքն` ընտրելու հնարավորություն տանք, թույլ տանք զատել լավը վատից, որը այսօր չի արվում, իսկ դրանից արդեն պարզ է դառնում իշխանությունների մտադրությունը` կեղծել ընտրությունները: Տեղեկատվական տեռորն ակնհայտ է հատկապես Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, ինչը վկայում է, որ ամենաշատը նա է վախ ներշնչում այս իշխանություններին: Ամբողջ «Հ1»-ն ուղղված է նրա դեմ կամպանիա ծավալելուն, ծառայում է մի խումբ մարդկանց, այն էլ հանրության փողերը գողանալու ճանապարհով: Եթե ուզում են, թող իրենց համար հեռուստատեսություն հիմնեն եւ անեն, ցուցադրեն այն, ինչ ուզում են: Դա ինչ-որ տեղ տանելի կլինի, գոնե ուրիշի գրպանը չեն մտնի, բայց բռնազավթել մի ողջ հանրային հեռուստատեսություն, դա չտեսնված բան է, աբսուրդ»` ասում է պրն Հակոբյանը: Նա մամուլում հայտարարությամբ հանդես գալը դիտում է որպես բողոքի առաջին դրսեւորում եւ չի բացառում, որ հետագայում այլ գործնական քայլերի եւս դիմեն` ներգրավելով նոր մտավորականների: Հայտարարության տակ ստորագրած մեկ այլ դասախոս, ֆիզմաթգիտությունների դոկտոր Յուրի Հակոբյանը նույնպես դժգոհ է հայաստանյան հեռուստաընկերությունների եւ հատկապես «Հ1»-ի եթերից: «Մենք, որպես քաղաքացի եւ որպես ընտրող, իրավունք ունենք, չէ՞, տեղեկացված լինել բոլոր թեկնածուների մասին: Փաստորեն, «Հ1»-ը եւ մյուս հեռուստատեսությունները արգելում են մեզ իրացնել մեր տեղեկացված լինելու սահմանադրական իրավունքը` այդկերպ զրկելով նաեւ ճիշտ ընտրություն կատարելու իրավունքից», - ասում է պրն Հակոբյանը:
|
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |