“Zhamanak” Armenian-American Political Daily

Հասնել ու անցնել Արշակ Սադոյանին

18:38 Yerevan | 14:38 GMT | Thursday 6 December 2007

Մարինե Խառատյան

Չնայած պաշտոնական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, նախագահի ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանն այնպիսի ջանասիրությամբ է մասնակցում հանրապետությունում տեղի ունեցող մեծ ու փոքր միջոցառումներին, այնպիսի մանրամասնությամբ է անդրադառնում դրանց «ազատ, բայց պատասխանատու» հեռուստատեսությունների եթերով, որ շատերի համար արդեն անհնար է դարձել լսել նրա անվերջ հնչող ձայնը հեռուստատեսությամբ:

Անգամ նրա հետ հանդիպելիս լրագրողներն արդեն չգիտեն` ինչ հարց տան, ինչ ասեն, որի մասին դեռ չի խոսել պարոն Սարգսյանը: Պատասխաններից էլ երեւում է, որ այս մարդն արդեն էական ասելիք չունի: Այնպես որ, բացառված չէ, որ արդեն իսկ մինչ բուն քարոզարշավի մեկնարկը Սերժ Սարգսյանը համալրի մաշված քաղաքական գործիչների շարքը, օրինակ` դառնա ՀՀԿ-ի Արշակ Սադոյանը: Երեկ ԱԺ-ում էլ պարոն վարչապետը հիմնականում աշխատում էր անձամբ պատասխանել պատգամավորների, հատկապես ընդդիմադիրների հարցերին` աղետի գոտուց, փախստականների բնակարանային խնդիրներից մինչեւ Հայաստանի դեմոգրաֆիական հարցերի մասին` փորձելով համոզել, որ իրենք այդ բոլոր պրոբլեմների լուծման համար ջանքեր են գործադրում:

Մի փոքր ավելի հետաքրքիր էր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո վարչապետի հարցուպատասխանը լրագրողների հետ: Պարզվեց` Սերժ Սարգսյանը հպարտ է, որ Հայաստանի եզդիները հայտարարում են, թե իրենց թեկնածուն հենց ինքն է: Վերջինս շատ ուրախ կլիներ, որ նման հայտարարությամբ հանդես գային նաեւ մյուս փոքրամասնությունները` քրդերը, ռուսները, հրեաները: «Որովհետեւ Հայաստանի նախագահը անշուշտ պետք է լինի բոլորի նախագահը», - բացատրեց իրեն ՀՀ նախագահ պատկերացնող Սերժ Սարգսյանը` չմոռանալով չարություն որակել իր հասցեին այդ առթիվ հնչած գնահատականները: ՀՀԿ թեկնածուն, սակայն, այս օրերին ոչ միայն եզդիներին է ձեռք մեկնում, այլեւ երկրում ստեղծված իրավիճակն է քննարկում Արտաշես Գեղամյանի հետ, որին ոչ վաղ անցյալում անվանել էր «դատարկ դհոլ»: Երեկ նրան հարց տրվեց, թե արդյոք ուժի մեջ են իր գնահատականները Գեղամյանի մասին: «Հանրապետությունում ի հայտ են եկել քաղաքական գործիչներ, որոնք իրենց դատարկությամբ գերազանցում են շատ-շատերին», - ի պատիվ Գեղամյանի` հայտարարեց ՀՀԿ թեկնածուն:

Այս ամենից բացի, պարոն Սարգսյանին մտահոգում է դոլարի արժեզրկումը: «Պարզ է, որ կառավարությանը դա մտահոգում է, պարզ է, որ մենք լուրջ քայլեր ենք անում, նամանավանդ որ` դոլարի արժեզրկումը չի նպաստում արտահանման խթանմանը: Իսկ մենք խնդիր ունենք մեծացնելու եւ անընդհատ մեծացնելու մեր համախառն ներքին արդյունքը», - պատասխանելով դոլարի արժեզրկման վերաբերյալ հարցին` ասաց վարչապետը` հավելելով. «Գիտեք, մեր տնտեսությունը բաց է ու փոքր, ուստի խոցելի է: Որպեսզի պատկերավոր լինի, բերեմ հետեւյալ օրինակը, որ փոթորիկը օվկիանոսում առաջին հերթին վտանգ է ներկայացնում փոքր նավակների ու նավերի համար: Մեծ նավերի համար այդ փոթորիկն այդքան էլ վտանգավոր չէ: Նույնը եւ մեր պարագայում: Համաշխարհային շուկաներում տեղի ունեցող այս մրրիկը շատ վտանգավոր է մեզ համար: Սա մի հանգամանք, երկրորդ հանգամանքն այն է, որ այս բոլոր խնդիրներին գումարվում է մի առանձնահատկություն: Մեր քաղաքացիները, մեծ, ահռելի մեծ գումարներ են ստանում իրենց բարեկամներից, որ բնակվում են առաջին հերթին Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում: Այսինքն` այդ օգնությունները ստանում են դոլարով: Մի կողմից այս մարդկանց վիճակն է վատթարանում, որովհետեւ գները չեն իջնում, իսկ ենթադրենք պայմանական հարյուր դոլարն ավելի քիչ դրամ է դառնում, եւ երկրորդ` լրացուցիչ հանգամանք են դառնում դրամի արժեւորման, որովհետեւ մեծ դոլարային զանգված է գալիս»: Խոսելով իրենց ձեռնարկած քայլերի մասին` վարչապետը նաեւ խորհուրդ չտվեց սպասել արագ արդյունքների: «Այդ քայլերը շատ դրական արդյունքներ կտան երկարաժամկետ հատվածում: Իսկ ամենից մտահոգողը հենց դա է, որ մի օրում տատանում եղավ քսան դրամի: Խնդրով զբաղվում ենք, եւ սա է, որ կախված չէ համաշխարհային շուկաներում տեղի ունեցող պրոցեսներից, այլ պետք է տեսնենք, թե որն է եղել ամենահիմնական պատճառը: Արդյո՞ք կատարվել է ինչ-որ մի քայլ, որպեսզի վնասի մեր տնտեսությանը: Արդյո՞ք զուտ սպեկուլյացիա է եղել փող աշխատելու համար, թե ուրիշ ինչ-որ այլ պրոցեսներ են եղել», - նկատեց Սերժ Սարգսյանը: Իսկ եկող տարվա բյուջեի կատարման առթիվ հայտարարեց. «Ես ասում եմ, դա քրտնաջան աշխատելու բյուջե է, ինչպես ուզում եք հասկացեք»:

Արխիվ
Վերլուծական

Երկնքից երեք խնձոր կորավ

Եվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր:

Քաղաքական

Մտովի նրանց կենացը կխմենք...

Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով...

Աշխարհ

Փափկամազիկ ժողովրդավարություն

2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.