“Zhamanak” Armenian-American Political Daily

Դաշնակցությունը սպառնում է «հաջողել»

19:20 Yerevan | 15:20 GMT | Monday 3 December 2007

«Ցանկացած նախագահ, որ կփորձի հաղթել իր իսկ ընտրողներին նվաստացնելու կամ խեղճացնելու միջոցով, պետք է գիտակցի, որ դա հաղթանակ է ոչ թե իր մրցակիցների նկատմամբ, այլ ժողովրդի»: Ինչ եք կարծում ո՞ւմ են պատկանում այս խոսքերը:

Հայ հեղափոխական դաշնակցության կարկառուն ներկայացուցիչ, նախագահի չկայացած թեկնածու Արմեն Ռուստամյանին: Երեկ կայացած Գերագույն մարմնի ժողովում ՀՅԴ անդամներն այնքան են ոգեւորվել, որ կարծել են, թե իրենց այս խոսքերը լսում են միայն ընտրողները: Սակայն, ի ցավ ՀՅԴ-ի, դրանք ուշադիր լսել ու հետեւություններ է արել նաեւ Սերժ Սարգսյանը, որը հենց ժողովի ավարտից հետո լրագրողներին ասել է.«Մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ իր ելույթները լսում են ոչ թե դահլիճում եղած 300, 400, 500 հոգին, այլ նաեւ մեր հասարակությունը, եւ ինչպես ասաց թեկնածուներից մեկը` դատավորը ժողովուրդն է: Եւ մեր գործողություններով, որոնց մեջ մտնում են նաեւ ելույթները, դատավորը վճիռ է կայացնում, այսինքն` տալիս է վարկանիշ: Դրա համար երբ որ ասում ես բաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, երբ որ ասում ես բաներ, որոնց դատավորը չի հավատում, տալիս է այդպիսի վարկանիշեր, 0 ամբողջ քանի, մեկ, երկու, երեք: Այնպես որ, ամեն ինչ նորմալ է, քաղաքական պայքար է:

Այսինքն` ՀՀԿ նախագահը բացահայտ սպառնում է, որ եթե Դաշնակցությունը շարունակի իր այս վարքագիծը, ապա լավագույն դեպքում կարող է երեք տոկոսի շանս ունենալ, չնայած չի բացառվում նաեւ 0 ամբողջը: Ընդհանրապես հանրապետականները սիրում են կրկնել, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ ՀՅԴ իրական վարկանիշը երեք տոկոսից չէր անցնում, սակայն իրենք նրանց համար էլ են կեղծել ընտրությունները, այսպես ասած՝ բերանները փակելու համար, ինչից դաշնակցականները խիստ ոգեւորվել են: Իրոք Վահան Հովհաննիսյանը երեկ խիստ ոգեւորված էր. նա հայտարարեց, որ պարտադիր չէ ընտրություն կատարել անցյալի եւ ներկայի միջեւ, այլ պետք է ընտրել ապագան` թերեւս նկատի ունենալով Դաշնակցությանը: «Ես վստահ եմ, որ մենք կարող ենք հաջողել: Մեր կուսակցությունը բազմաթիվ որոշումներ է կայացրել, որոնք երկրի ներսում եւ երկրից դուրս թվացել են անիրականանալի, բայց կուսակցությունը ժողովրդի հետ հաջողել է»:

Այս հայտարարությունը կարելի է դիտել անմիջական սպառնալիք, քանի որ իրոք հայտնի են դեպքեր, երբ Դաշնակցության որոշ որոշումներ, ի վերջո, հաջողել են:

Որ Դաշնակցությունը նախագահական ընտրություններում առաջադրելու է ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի թեկնածությունը հայտնի էր դեռ մի քանի շաբաթ առաջ, սակայն ինչպես բոլոր մնացած կուսակցություններում, Դաշնակցությունը եւս ապահովեց հարցի թատերականացված մասը, երեկ կառավարության նիստերի դահլիճում իր պատմության մեջ եզակի բաց եւ հրապարակային Գերագույն ժողովի ժամանակ կազմակերպելով «փակ գաղտնի» քվեարկություն, որի մասնակիցներից 60-ը քվեարկեցին հօգուտ ընկեր Վահանի, 13-ը` հօգուտ ընկեր Արմենի, իսկ երեքը միաժամանակ երկուսին էլ, ինչպես վայել է իսկական դաշնակցականին` կողմ լինելով դեմ կլլան:

Սցենարն այնպես էր գրված, որ Արմեն Ռուստամյանը կարող էր ավելի շատ ձայներ ստանալ, եթե իր ելույթի վերջում ինքնաբացարկ չհայտներ եւ չքարոզեր հօգուտ Վահան Հովհաննիսյանի` նրան ներկայացնելով որպես զինվոր եւ ազատամարտիկ: «Ես եւ Վահանը անբաժան ընկերներ ենք© Դաշնակցությունն է մեզ ընկերացրել», - ամբիոնից հայտարարեց Արմեն Ռուստամյանը` հրապարակելով ՀՅԴ-ի անցկացրած հասարակական հարցման արդյունքները, ըստ որոնց Հովհաննիսյանին նախընտրել է հարցման մասնակիցների 53 տոկոսը, իսկ Արմեն Ռուստամյանին` 47-ը: Այսինքն` Արմեն Ռուստամյանը զիջեց ավելի մեծ հեղինակություն ունեցող գործչի, այդպիսով ցույց տալով, որ ինքը պատրաստ է հանուն ժողովրդավարության շատ հանգիստ եւ գրկախառնությամբ զիջել նախագահի թեկնածու լինելու առաքելությունը: Բայց պարոն Ռուստամյանի դերակատարումը միայն այդքանով չսահմանափակվեց: Գերագույն ժողովի ժամանակ նա մի ծավալուն ելույթ ունեցավ` ամենախիստ ձեւակերպումներով քննադատելով ոչ միայն նախկին, այլ հատկապես գործող իշխանությանը:

Դահլիճում ներկա Սերժ Սարգսյանին կարող էր թվալ, թե ինքը պատահաբար ընդունել է ոչ թե իր կառավարությունում նախարարական պաշտոններ ունեցող եւ իշխանական կերակրատաշտից Ռոբերտ Քոչարյանի եւ իր թողտվությամբ առատորեն օգտվող Դաշնակցության Գերագույն ժողովին մասնակցելու հրավերը, այլ գտնվում է դատարանում, որտեղ կարդում են իր ղեկավարած կառավարության դատավճիռն ու մահախոսականը: Չնայած դրան` Սերժ Սարգսյանը մերթընդմերթ քմծիծաղ էր տալիս, կամ թույլ ժպտում:

«Մենք համոզված ենք, որ այսօր ժողովուրդը չի հավատում եւ խուսափում է սոսկ անձանց փոփոխության հանգեցնող կամ նոր փորձությունների համար ճանապարհ բացող, ինքնանպատակ իշխանափոխությունից: Ժողովուրդը նաեւ հոգնել ու հուսալքվել է ինքնանպատակ իշխանության պահպանումից, որն անխուսափելիորեն հանգեցնում է կուսակցության եւ իշխանության, իշխանության եւ պետության նույնացմանը, հասարակության մեջ հոռի բարքերի տարածմանը, քաղաքական դաշտի ամայացմանն ու երկրի լճացմանը», - ասում էր Արմեն Ռուստամյանը: Ինքնանպատակ իշխանության պահպանման մեղադրանքը ակնհայտորեն ուղղված է Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու ցանկությանը: Ռուստամյանը մանրամասն բացատրում էր, թե ինչ վտանգներով է հղի օրենսդիր եւ գործադիր իշխանության կենտրոնացումը մեկ քաղաքական ուժի ձեռքում, երբ նախագահը, վարչապետը եւ ԱԺ նախագահը ներկայացնում են մեկ կուսակցություն: «Անհրաժեշտ է նախագահական ընտրությունների միջոցով իշխանությունն ամբողջացնել այնպես, որ այն դառնա լիովին հավասարակշռված: Դաշնակցության առաջարկած այլընտրանքը հնարավորություն է ընձեռելու խուսափել թե՛ հնարավոր ճգնաժամերից կամ իշխանական օղակների կաթվածահարումից, որը կարող է առաջանալ նորընտիր նախագահի եւ ԱԺ մեծամասնության միջեւ համագործակցության եզրերի բացակայության հետեւանքով, թե՛ լճացումից կամ պետության եւ իշխանության նույնացումից, որին կարող է հանգեցնել միահեծան եւ անսանձ իշխանության ձեւավորումը»:

Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում այս սկզբունքով իշխանությունը տարանջատելու Դաշնակցության առաջարկին` Սերժ Սարգսյանը ասաց. «Գիտեք, շատ տարօրինակ է, երբ փորձում են մի այդպիսի արգումենտ բերել, դա նշանակում է, որ այդ մարդիկ մեր Սահմանադրությունը չեն ընդունում: Եթե դա վատ լիներ, ապա մեր Սահմանադրությամբ դա կարգելվեր: Բայց ուժեղ իշխանությունը ցանկացած ժողովրդի համար ամենալավ բանն է, ուժեղ իշխանությունը երաշխիք է երկրի զարգացման: Իհարկե որոշ մադիկ կնախընտրեին թույլ իշխանություն»:

Սակայն Արմեն Ռուստամյանի քննադատությունը չէր սահմանափակվում միայն իշխանության կենտրոնացման վտանգների թվարկմամբ. «Քաղաքական մակարդակում ունենք երկու պետություն՝ փոքրամասնության պետություն, որտեղ պետությունը լիարժեք տերն ու պաշտպանն է այս արտոնյալ խավի, եւ կա մեծամասնության պետություն, որտեղ քաղաքացին հանձնված է բախտի քմահաճույքին, եւ իր իրավունքների պաշտպանությունն իր սեփական գործն է», - ասում էր Արմեն Ռուստամյանը եւ որպես արագընթաց զարգացման լուրջ երաշխիք առաջարկում «իշխանության հետագա պլուտոկրատացման եւ կոռումպացման կասեցումը, որոնք պատրանքային ժողովրդավարության հաստատման եւ հասարակության բարոյալքման գլխավոր պատճառներից են»: Ինչպես յուրաքանչյուր ընդդիմադիր, Արմեն Ռուստամյանը եւս իշխանություններին զգուշացրեց ընտրակեղծիքների անթույլատրելիության եւ ազատ ու արդար ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին:

Իսկ Վահան Հովհաննիսյանը ժողովրդին համեմատեց դատավորի հետ, որի մոտ քաղաքական կուսակցությունները չորս-հինգ տարին մեկ անգամ գնում են իրենց դատավճիռը լսելու եւ զգուշացրեց, որ չի կարելի այդ դատավորին կաշառել: Ընդհանրապես Վահան Հովհաննիսյանի ելույթը չնայած պարունակում էր իշխանության նկատմամբ քննադատության տարրեր, սակայն իրար հետեւած ելույթները այնպես էին կազմակերպված, որ Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն մտածեին, որ դաշնակցականները հատուկ խնայել են իրենց նախագահի թեկնածու առաջադրելով ոչ թե արմատական Ռուստամյանին, այլ ավելի մեղմ դիրքորոշում ունեցող ԱԺ փոխնախագահին:

Չնայած դրան` Սերժ Սարգսյանի պատասխանը եւս բավականին կոշտ էր: Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում իշխանության հասցեին արված քննադատությանը` Սերժ Սարգսյանը ասաց. «Առաջին տպավորությունը միշտ խաբուսիկ է լինում, եւ բոլորիդ խորհուրդ կտայի լավ ծանոթանալ Արմեն Ռուստամյանի եւ Վահան Հովհաննիսյանի ելույթներին, եւ տեսեք, թե ում են քննադատում ,այն ժամանակ ձեր եզրակացությունները կանեք»:

Արխիվ
Վերլուծական

Շահարկումների մեխանիկան

Ցանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին...

Քաղաքական

«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»

Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.