“Zhamanak” Armenian-American Political Daily

ՀՅԴ կառավարության կազմը

18:51 Yerevan | 14:51 GMT | Friday 23 November 2007

Հայ հեղափոխական դաշնակցությունը Հայաստանի քաղաքական դաշտում փորձում է ձեւավորել նախընտրական նոր ֆորմատ: ՀՅԴ-ն լավ է հասկանում, որ իր թեկնածուն` առանձին վերցրած ոչ միայն հաղթելու շանս չունի, այլեւ կարող է այնպես ձախողվել, որ Դաշնակցությունն այլեւս չկարողանա ոտքի կանգնել:

Ուստի ՀՅԴ-ն հանդես է եկել մի հետաքրքիր նախաձեռնությամբ` փորձում է ձեւավորել նախընտրական բլոկ` իր թեկնածուի շուրջ: Բլոկի հիմքում ընկած է ապագա կառավարության կազմի գաղափարը, որի հետ պետք է աշխատի ընտրություններում հաղթած դաշնակցական նախագահը: Հետաքրքրականն այն է, որ «այլընտրանքային կառավարությունը» Դաշնակցությունը փորձում է ձեւավորել ընդդիմադիր դաշտի չկողմնորոշված լիդերներից: Այդ պատճառով ՀՅԴ առաջնորդ Հրանտ Մարգարյանն այս օրերին հանդիպումներ է ունենում ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ, որոնց համոզում է, որ սույն միավորումը այլընտրանք է լինելու եւ Սերժ Սարգսյանին, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Դաշնակցական պատկերացումը ապագա կառավարության վերաբերյալ հետեւյալն է. նախագահը լինելու է ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, վարչապետը` ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը, արտգործնախարարը` Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե համաձայնի: ՀՅԴ-ն տեսլական ունի նաեւ մյուս ընդդիմադիրների վերաբերյալ: ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանին նույնպես պաշտոն է առաջարկվել: Մեզ հասած տեղեկություններով` Վազգեն Մանուկյանը 99 տոկոսով ընդունել է առաջարկը: ՀՅԴ առաջարկին համաձայնել է նաեւ քաղաքական պրոցեսներից դուրս մնացած Շավարշ Քոչարյանը:

Երեկ Հրանտ Մարգարյանը հանդիպել է «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ու ամենայն հավանականությամբ փոխանցել է Դաշնակցության թիմում արտգործնախարար աշխատելու առաջարկը: Թե ինչ համաձայնության են եկել Դաշնակցության առաջնորդն ու «Ժառանգության» լիդերը, երեկ չհաջողվեց ճշտել: «Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն ունեցել է մի շարք հանդիպումներ, դրանց թվում նաեւ Հրանտ Մարգարյանի հետ, բայց զրույցի մանրամասներին ես տեղյակ չեմ», - մեր հարցին ի պատասխան երեկ ասաց «Ժառանգության» ԱԺ խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը` ըստ էության հաստատելով մեր տեղեկությունը: ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը մեր տեղեկությունը համարեց «դատարկ բամբասանք» ու խնդրեց իրեն «նման ապուշ հարցեր» չտալ: Վերջին շրջանում պրն Մանուկյանը շատ նյարդային է դարձել եւ չի կարողանում շփվել ոչ միայն ընդդիմադիր մյուս կուսակցությունների, այլեւ լրագրողների հետ: Սակայն, ինչքան հայտնի է, նա նույնպես դեմ չէ Դաշնակցության հետ համագործակցելուն, այդ մասին խոսել է իր վերջին ասուլիսի ժամանակ: Կարծում ենք` իշխանությունը եւս ամեն կերպ կաջակցի ՀՅԴ այս նախաձեռնությանը. դրա արդյունքում որոշ ընդդիմադիր գործիչներ կարող են գայթակղվել եւ պոկվել Լեւոն Տեր-Պետրոսյանի դաշտից, ինչը իշխանական թեկնածուի համար նպաստավոր պայմաններ կստեղծի: Անշուշտ ՀՅԴ այս պրոյեկտը չի կարող հաջողությամբ պսակվել, եւ խիստ անհավանական է, որ մենք առաջիկայում դաշնակցական նախագահ կունենանք, սակայն փետրվարի 19-ին ձայների պատկառելի քանակ տանելը էլ ավելի կամրապնդի ՀՅԴ դիրքերը Հայաստանում եւ իշխանական կերատաշտից ավելի մեծ բաժին պահանջելու հնարավորություն կընձեռի:

Արխիվ
Վերլուծական

Շահարկումների մեխանիկան

Ցանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին...

Քաղաքական

«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»

Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.