“Zhamanak” Armenian-American Political Daily

Բանդիտական Հայաստան-2007

19:27 Yerevan | 15:27 GMT | Wednesday 21 November 2007

Երկու օր առաջ նորից զինված «ռազբորկա» է տեղի ունեցել, այս անգամ Երեւանամերձ Փարաքար գյուղում, դեպի Մերձավան տանող ճանապարհին: Արյունոտ դրաման խաղարկվել է «Ռուբինա» ռեստորանի հարեւանությամբ (նկարում):

Փարաքարի 20-22 տարեկան մի խումբ զինված տղաներ իրար հետ «հարաբերություն» են ճշտել, որի արդյունքում վեց հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Մեր այցելության պահին գյուղում տիրում էր վախի մթնոլորտ: Կռվի պատճառները կարողացանք ճշտել միայն ասեկոսեների մակարդակով, որովհետեւ մասնակիցների մի մասը` վիրավոր, կոմայի մեջ պառկած էր տարբեր հիվանդանոցներում, մի մասն էլ ձերբակալված էր: Փարաքարցիներից մեկի պնդմամբ` իսկական կրակողը չի ձերբակալվել, փախուստի մեջ է: Որոշ տեղեկությունների համաձայն` վեճի պատճառն այն է, որ օրեր առաջ գյուղում տեղի ունեցած մի նշանդրեքի ժամանակ ջահելներից մեկը մի աղջկա դուրս է կանչել զրուցելու համար: Կռիվն սկսվել է երեկոյան, Փարաքարի` օդանավակայանի խաչմերուկին մոտ գտնվող բենզալցակայանում, հետո տեղափոխվել է գյուղի կենտրոն` գյուղապետարանի ու մշակույթի տան շրջակայք: «Ես, որ երբեք մեր գյուղում չեմ վախեցել, այդ պահին վախենում էի: Փողոցում ահավոր աղմուկ էր, մեքենաների առատություն: Պատկերացրեք, որ չհամարձակվեցի մի քանի փողոց ոտքով անցնել: Տաքսի եմ նստել, որ շուտ հեռանամ»` պատմում է փարաքարցի մի կին, որ հրաժարվեց ներկայանալ: Հիմնական իրադարձությունները զարգացել են կենտրոնից հեռու, «Գայի պոստի» ետնամասում, որտեղ գտնվում է վիրավորվածներից մեկի` Բարոյան Արթուրի ընտանիքին պատկանող տունն ու խանութը, «Ռուբինա» ռեստորանի հարեւանությամբ: Ականատեսները միայն կարողացան պատմել, որ ահռելի քանակությամբ ավտոմեքենաներ էին հավաքվել. «Ջիպանման մեծ մեքենաներ, հետո աղմուկի ձայն, հետո կրակոցներ: Մթության մեջ չէր հասկացվում` ով է ում խփում: Կրակոցները սկզբում հատ-հատ էին, հետո կրակահերթ գնաց»` պատմում է ականատեսներից մեկը: Կռվող կողմերին հանգստացնելու համար միջամտել է «Ռուբինայի» սեփականատեր Վարդան Գասպարյանը, որը հրազենային վնասվածք ստանալով ներկայումս պառկած է Էրեբունի բժշկական կենտրոնում: Վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկը նրա վիճակը գնահատեց կայուն ծանր: Հրազենային վնասվածք է ստացել նաեւ պատահաբար այդտեղ հայտնված ռեստորանի մատուցողուհիներից մեկը: Մեզ հաջողվեց ճշտել, որ վիրավորվածներից Բարոյան Արթուրը տեղափոխվել է Էջմիածնի քաղաքային հիվանդանոց: Վիրահատությունից հետո նրա վիճակը միջին ծանրության է: Կարեն Հարությունյանը եւ Ժորա Գալստյանը պառկած են Պռոշյան փողոցի վրա գտնվող թիվ 3 հիվանդանոցում: Նրանք նույնպես վիրահատվել են, ու երկուսի վիճակն էլ բնութագրվում է, որպես կայուն ծանր:

Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն: Ոստիկանությունը հաղորդում է, որ դեպքի վայրում գտնվել են 5, 45 մմ տրամաչափի 27 փամփուշտների պարկուճներ: Այսինքն` մի «մագազին» դատարկել են իրար վրա: Կրիմինալի աճը նախընտրական շրջանում մեզանում կարծես բնական է դարձել` ոչ ոք այլեւս չի զարմանում, երբ կրակում են, սպանում են ու խեղում: Իսկ մինչ հանցագործները միմյանց են ոչնչացնում` վախի ու սարսափի մթնոլորտ ձեւավորելով երկրում, ոստիկանությունը զբաղված է ընդդիմության ակտիվիստներին հալածելով եւ ԶԼՄ-ներին ուղղված բարոյախրատական ճառեր ասելով:

Արխիվ
Վերլուծական

Շահարկումների մեխանիկան

Ցանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին...

Քաղաքական

«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»

Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.