|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ընտրախախտումների հիմքը դրվում է այսօր19:04 Yerevan | 15:04 GMT | Tuesday 20 November 2007 Ընտրախախտ երկրներում ամենացավոտ հարցը դիտորդների հարցն է: Մենք ականատես եղանք, թե ինչպես Ռուսաստանի իշխանություններն ամեն ինչ արեցին, որ եվրոպական դիտորդները հնարավորություն չունենան հետեւել Ռուսաստանի Դումայի ընտրություններին: Փաստորեն ամեն ինչ արվեց, որ ընտրախախտումները չարձանագրվեն, դրանց մասին հանրությունը չտեղեկանա, եւ ՌԴ իշխանությունները հնարավորություն ստանան դեկտեմբերի 2-ի ներպետական կարեւորագույն ընտրությունները ներկայացնել որպես դեմոկրատական ու արդար: Դրանով թյուրիմացության մեջ գցելով եւ միջազգային հանրությանը, եւ սեփական ժողովրդին: Նույնն է կատարվում նաեւ մեզանում: Ինչպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այնպես էլ նախագահական ընտրությունների շեմին «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպությունը խնդրել էր, որ թույլատրեն իրեն դիտարկել ընտրությունները: Այսինքն` ներկայացուցիչներ ունենալ ընտրատեղամասերում, հետեւել ընտրությունների եւ քվեարկության ընթացքին, արձանագրել խախտումները եւ դրանք ներկայացնել միջազգային ու տեղական հասարակությանը: Սակայն բոլոր անկախ դիտորդական առաքելություններից սարսափահար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ խորհրդարանական ընտրությունների շեմին, եւ այսօր մերժել է հ/կ-ի պահանջը: Պատճառաբանությունը հետեւյալն է` հասարակական կազմակերպության անվան մեջ «Գերագույն խորհուրդ» բառակապակցությունը կա, ուստի կազմակերպությունը չի կարող դիտարկել ընտրությունները: Արդյունքում` ընտրությունները կդիտարկեն մի շարք իշխանամետ կազմակերպություններ եւ մի փոքր խումբ եվրոպացի դիտորդներ, որոնք տեղից տեղ կշրջեն եւ ոչինչ չեն տեսնի, քանի որ նրանց ժամանելու պահին ամեն ինչ կարգին կլինի: Ինչպես նաեւ` հայկական մենթալիտետին ծանոթ չլինելու պատճառով պարզապես գլխի չեն ընկնի, թե ինչ խորամանկություններ ու անհավանական ընտրակեղծիքներ են մտածել հայերը: Երեկ «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն` խնդրելով քննարկել «ԿԸՀ մեծամասնություն կազմող եւ այն կազմավորող ՀՀ նախագահին, Դատարանների նախագահների խորհրդին, ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ ղեկավար մարմիններին պատասխանատվության կանչելու հարցը»: Դիմումի մեջ հիշատակված է, որ Ընտրական օրենսգրքի 4-րդ հոդվածի պահանջների համաձայն, ԿԸՀ-ն կազմավորող մարմիններն ու պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման օրինականության համար: Զավեշտն այն է, որ անգամ ԿԸՀ նիստի օրակարգը, որի ժամանակ քննարկվել է հ/կ-ի դիմումը, ձեւակերպված է եղել այսպես. «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության դիտորդների հավատարմագրման մասին դիմումը մերժելու վերաբերյալ»: Այդ նիստին հնարավորություն չեն տվել «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբի» ներկայացուցչին մասնակցել: Փոխարենը` մեր ընտրախախտ ԿԸՀ-ն օգնության ձեռք է մեկնում իր ընտրախախտ գործընկերոջը` ՌԴ ԿԸՀ-ին` մի մեծ խմբով մեկնում են Ռուսաստան` դեկտեմբերի 2-ի Դումայի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու: Չկասկածեք, որ մեր դիտորդները պարտքի տակից դուրս կգան` աչք կփակեն բոլոր ընտրախախտումների վրա եւ մի փայլուն եզրակացություն կտան ռուսներին:
|
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՇահարկումների մեխանիկանՑանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին... Քաղաքական«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |