|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Իսկ Դուք հարկ վճարու՞մ եք15:52 Yerevan | 11:52 GMT | Thursday 15 November 2007 Գյուղմթերքների վերամշակման ցուցահանդեսի ավարտին Ռոբերտ Քոչարյանը որոշ մտքեր է արտահայտել, որոնք լիիրավ կարող են տեղ զբաղեցնել անհեթեթությունների, զավեշտների ու թունոտ մտքերի այն շտեմարանում, որոնք նրա կողմից արտաբերվել են իր կառավարման 10 տարիների ընթացքում: Երեկ նա իր ուշագրավ հավաքածուն հարստացրել է բիզնեսին, հարկային պարտավորություններին, ընդդիմության միասնական թեկնածուի գաղափարին, դոլարի արժեզրկմանը, անգամ` «Արդարություն» դաշինքին վերաբերող մի քանի դարակազմիկ մտքերով: Նորից սպառնացել է, ապակողմնորոշել եւ գերազանցել իր լիազորությունները: «Սիլ գրուպի» հետապնդումների մասին, օրինակ, ասել է, որ դա «լաչառություն է», որ արվում է հարկերը թաքցնելու` բյուջեին քիչ հարկեր վճարելու նպատակով, «Տարեվերջին կհրապարակվի խոշոր հարկատուների ցուցակը», եւ բոլորը կտեսնեն, թե Խ.Սուքիասյանը «ինչպես էր խաբում Հայաստանի Հանրապետությանը»: Նախ` որտեղից են Ռ.Քոչարյանին հայտնի դեռ չավարտված ստուգումների արդյունքները: Դա վկայում է, որ այդ ստուգումներն արվում են նրա անմիջական ցուցումով եւ նրա հսկողության տակ: Ապա անհասկանալի է, թե ինչու են հարկային ստուգումներ արվում հենց Խ.Սուքիասյանին պատկանող հոլդինգում եւ Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունում, որոնք չեն թաքցրել իրենց համակրանքը Տեր-Պետրոսյանի նկատմամբ: Իսկ ինչու չի ստուգվում, ասենք` Միկա Բաղդասարովի կամ Ֆլեշի բիզնեսը: Բայց հետեւենք Քոչարյանի մտքի հետագա թռիչքին. նրան զարմացնում է միասնական թեկնածուի գաղափարը` այնպես, ինչպես ժամանակին զարմանում էր, թե ինչպես են «կարամելի մեջ պավիդլո լցնում»: Հանրապետականի, Դաշնակցության, Բարգավաճ Հայաստանի, որոշ ժամանակ առաջ Օրինաց երկրի հետ գաղափարական խիստ հարազատություն զգացող անձը զարմանում է, թե ինչպես կարող են միավորվել ծրագրերի ու գաղափարների հակասություններ ունեցող ուժերը եւ անգամ հիշեցնում է «Արդարություն» դաշինքի ձեւավորումը, որը, ըստ նրա, վատ «վախճան ունեցավ»: Այ քեզ անկեղծություն: Փաստորեն` 8-9 տարի անց մարդը վերջապես խոստովանեց, թե ինչպիսի հակակրանք է տածել ընդդիմության նկատմամբ: Չարության աննախադեպ դրսեւորում: Իսկ ինչ վերաբերում է «վախճանին», ապա դաշինքների ձեւավորումն ու լուծարումը նորմալ քաղաքական պրոցեսներ են: Հակառակ դեպքում` ՀՀԿ-ՀՅԴ-ՕԵԿ կոալիցիայի կազմալուծումն էլ կարելի էր իրեն սատարող ուժերի եւ քոչարյանական քաղաքականության «վախճան» ու ձախողում անվանել: Եւ վերջապես` Եվրոպաներում դեմոկրատ ու առաջադեմ երեւացող անձը խոսում է գործընկերության, հարեւանության մասին: Խոսում է այնպես, ինչպես կխոսեր իսկական բռնապետը, որի խնդիրը երկիրը ինքնամեկուսացման մեջ արյունաքամ անելն է: Նա զարմանում է, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք համարում են, որ մեր հիմնական գործընկերները պետք է լինեն Թուրքիան ու Ադրբեջանը: «Այդպիսի թուրքամետություն ես չէի ակնկալում նույնիսկ ՀՀՇ-ից: Եւ չէի կարծում, որ Հայաստանը կարող է հետագայում Թուրքիայի գրկում հայտնվի: Եթե կան մարդիկ, որոնք կիսում են այդ մոտեցումները, միավորվեք, բայց հայտարարեք` ինչ ապագա եք դուք տեսնում Հայաստանի համար»: Այս մարդը, փաստորեն, չգիտի, որ պետությունները համագործակցում են նախեւառաջ հարեւանների հետ: Այն պարզ պատճառով, որ ճանապարհ ունենան եւ աշխարհի հետ հաղորդակցվելու հնարավորություն: Իհարկե հասկանալի է, որ երբ ցամաքային ճանապարհ չկա, ինքնաթիռների տոմսերը կարելի է առասպելական գների հասցնել ու մի քանի հոգով միլիոն աշխատել, բայց այլ պետությունների ղեկավարները միայն իրենց գրպանի մասին չեն մտածում, այլ նաեւ իրենց ժողովրդի, ինչին ինքն ու իր շրջապատն անընդունակ են:
|
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՇահարկումների մեխանիկանՑանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին... Քաղաքական«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |